Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանում թուրքական դրոշներից մինչեւ Ալիեւի՝ «մեզ ոչ ոք չի օգնել» սկանդալային ելույթը

Հոկտեմբեր 15,2026 12:00 Share
Աջակցեք aravot.am-ին

«Մեկ ժողովուրդ»՝ տարբեր շահե՞ր. ինչ է փոխվում Բաքու–Անկարա հարաբերություններում

Ամենը գնել ենք փողով, այդ թվում՝ ամբողջ զենքը… Համաշխարհային գներով, մինչեւ վերջին փամփուշտը. Ալիեւ

BBC-ի ռուսական ծառայությունն անցյալ շաբաթ ուշագրավ հոդված է հրապարակվել՝ «Ալիեւ. «Մեզ ոչ ոք չի օգնել». Կարո՞ղ է Իսրայելը խզել Բաքվի եւ Անկարայի կապերը» վերնագրով։

«Երկու պետություն՝ մեկ ժողովուրդ»։ Այս կարգախոսով Ադրբեջանն ապրում էր 1990-ականներից ի վեր՝ Թուրքիային դիտարկելով որպես ռազմական եւ քաղաքական դաշնակից։ Նախագահ Իլհամ Ալիեւը բազմիցս շնորհակալություն է հայտնել Թուրքիային Ղարաբաղյան պատերազմում ցուցաբերած աջակցության համար, իսկ Բաքվի փողոցներում ծածանվել են թուրքական դրոշները։ Սակայն Գազայում Իսրայելի պատերազմը ցույց տվեց, թե որքան տարբեր են Բաքվի եւ Անկարայի շահերը։ Թուրքիան բացահայտորեն հանդես է գալիս Իսրայելի դեմ, մինչդեռ վերջինս Ադրբեջանի մեկ այլ դաշնակիցն է։ Այժմ Ալիեւը հայտարարում է, որ իրեն ոչ ոք չի օգնել, եւ որ Բաքուն պարզապես վճարել է զենքի դիմաց։ Ինչո՞ւ է իրավիճակն այսպես դասավորվել»։ Այսպես է սկսում իր հոդվածը հեղինակը՝ Մագերրամ Զեյնալովը։

Հիշեցնենք, որ Իլհամ Ալիեւը՝ «իրենց ոչ ոք չի օգնել», «Ադրբեջանը միայնակ է հաղթանակներ արձանագրել» հայտարարությունները հնչեցրել էր հոկտեմբերի 2-ին՝ Ադրբեջանի իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության 8-րդ համագումարի ժամանակ ծավալուն ելույթում։

«Մեզ ոչ մեկի օգնությունը պետք չէ, ինչպես որ մեզ պետք չէ որեւէ մեկի հովանավորությունը։ Այն ժամանակ, երբ մենք օգնության կարիք ունեինք, մեզ ոչ ոք չօգնեց։ Երբ մենք մեկ միլիոն փախստական ունեինք, ոչ ոք մեզ օգնության ձեռք չմեկնեց։ Այն ամենը, ինչ ձեռք ենք բերել, գնել ենք փողով։ Այդ թվում՝ ամբողջ զենքը ձեռք ենք բերել վճարելով, ընդ որում՝ համաշխարհային գներով, մինչեւ վերջին փամփուշտը», նշել էր նա։

Հոդվածի հեղինակը նկատում է, որ հայտարարելով, որ Ադրբեջանը արտաքին օգնության կամ հովանավորության կարիք չունի՝ Ալիեւն ուղղակիորեն չհիշատակեց Թուրքիային։ Այդուհանդերձ, նրա խոսքերից հետո Ադրբեջանում եւ Թուրքիայում շատերը սկսեցին մտածել, որ նա նկատի ուներ հենց Անկարային։

«Պատերազմի ժամանակ մեզ իսկապես ոչ ոք չի օգնել, իսկ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ դաշնակցային հարաբերություններ են, եւ երկրների միջեւ տարաձայնություններ չկան», BBC-ին ասել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը։

Մինչդեռ ադրբեջանական լրատվամիջոցներն արդեն մի քանի օր է՝ առանց Թուրքիային հիշատակելու, գրում են, որ Ադրբեջանն անկախ պետություն է եւ չպետք է ենթարկվի որեւէ արտաքին ազդեցության։ Նրանք մեջբերում են Ալիեւի ելույթից տարբեր հատվածներ։

«2020-ին Ղարաբաղում տարած հաղթանակից հետո Բաքուն պատված էր թուրքական դրոշներով։ Հրադադարի համաձայնագրի կնքումից հաջորդ օրը Ալիեւը զանգահարել էր Էրդողանին եւ շնորհակալություն հայտնել Թուրքիային քաղաքական աջակցության համար։ Հետագայում նա բազմիցս կրկնել է երախտիքի այդ խոսքերը, թեեւ ոչ մի անգամ բացահայտորեն չի խոսել ռազմական աջակցության մասին», հիշեցնում է հոդվածագիրը։

«Պատերազմից հետո Ալիեւն ու Էրդողանը ստորագրեցին ռազմական դաշինքի մասին հռչակագիր։ Սակայն դրանից դեռ շատ առաջ Ադրբեջանն ու Թուրքիան տարիներ շարունակ համատեղ զորավարժություններ էին անցկացնում, ինչը շարունակում են անել մինչ օրս։ Միաժամանակ ադրբեջանական բանակը արդիականացվում է թուրքական մոդելով։ 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանն օգտագործեց թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքերը, որոնք հետագայում մեծ ճանաչում ձեռք բերեցին եւ երկրին օդում առավելություն ապահովեցին Հայաստանի նկատմամբ։ Չի հայտարարվել, որ Թուրքիան անպայման այդ անօդաչուները նվիրել է Ադրբեջանին, սակայն նախկինում Ալիեւը չէր էլ շեշտում, որ դրանք գնվել են»։

Ըստ հոդվածագրի՝ պատերազմից հետո Ադրբեջանին վերադարձված տարածքներում սկսվեցին լայնածավալ վերականգնողական աշխատանքներ, որոնց մասնակցեցին նաեւ թուրքական ընկերությունները, եւ ինչպես պարզել են ադրբեջանցի լրագրողները, դրանց թվում եղել է նաեւ Էրդողանի ազգականի ընկերությունը։ «Հաշվի առնելով Ալիեւի հայտարարությունները, թե Ադրբեջանին ոչ ոք չի օգնել, կարելի է ենթադրել, որ դրանք ձեւակերպվել են որպես ուղերձ Թուրքիային», նշել է Անկարայից քաղաքական վերլուծաբան Հասան Սելիմ Օզերթեմը։ Նա նկատել է, որ Ադրբեջանում ազգային ինքնությունը մեծապես կառուցվում է Ղարաբաղի վերադարձի եւ այն գաղափարի շուրջ, որ դրան հասել են հենց ադրբեջանցիները։

«Թուրքիան առաջին հերթին մտավոր եւ մասնագիտական աջակցություն է ցուցաբերել», նշել է անկախ լրագրող եւ քաղաքագետ Կիրիլ Կրիվոշեեւը (Ռուսաստանի իշխանությունները նրան ներառել են «օտարերկրյա գործակալների» ռեեստրում)։ «Որքան հասկանում եմ, խոսքը հետախուզական տվյալների, երկար տարիների ընթացքում անցկացված վարժանքների եւ ադրբեջանական բանակի պատրաստման մասին է, փաստացի՝ երկու բանակների միավորման եւ մշտական զորավարժությունների։ Ահա սա էր օգնությունը», հավելել է նա։

Այդ պատերազմում Ադրբեջանն օգտագործել է նաեւ իսրայելական Harop անօդաչու թռչող սարքերը։ «Եվ այո՛, 2020-ի նոյեմբերի 10-ին՝ Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի հետ համաձայնագրի կնքումից հետո, Բաքվի փողոցներում ծածանվում էին նաեւ իսրայելական դրոշները», նշվում է հոդվածում։

 Իսրայե՞լն է պառակտել դաշնակիցներին

BBC-ի հոդվածագիրն այնուհետեւ նկատում է. «Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ տարաձայնությունները սրվեցին այն բանից հետո, երբ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի վերջին նիստի ժամանակ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բարձրացավ ամբիոն եւ սկսեց խոսել պայթող փեյջերների մասին, որոնք Իսրայելն օգտագործել էր «Հեզբոլահ» իսլամիստական խմբավորման զինյալների դեմ։

Այդ ընթացքում մի շարք երկրների ներկայացուցիչներ, ի նշան բողոքի, լքեցին նիստերի դահլիճը, իսկ ՄԱԿ-ի շենքի մոտ բողոքի ցույցեր էր ընթանում՝ ընդդեմ Նեթանյահուի այցի։ Դատարկ աթոռների ֆոնին դահլիճում մնացած Ադրբեջանի ներկայացուցչի լուսանկարները տարածվեցին սոցիալական ցանցերում։ Այն հանգամանքը, որ Թուրքիայի ներկայացուցիչը լքել էր դահլիճը, իսկ ադրբեջանցի պաշտոնյան մնացել էր, դուր չեկավ թուրքական լրատվամիջոցներին։ Նրանց թվաց, թե Ադրբեջանն իրեն չի պահում այնպես, ինչպես վայել է դաշնակցին։

Ադրբեջանը լավ հարաբերություններ ունի թե՛ Թուրքիայի, թե՛ Իսրայելի հետ։ Նա նավթ է վաճառում երկու երկրներին եւ նրանցից զենք գնում։ Իրանի հետ Ադրբեջանի հարաբերություններն այնքան էլ լավ չեն։ Իրանցի զինվորականները Ադրբեջանին մեղադրել են Իսրայելին ռազմական տվյալներ փոխանցելու մեջ, ինչը Բաքուն հերքել է։ Իսկ այս տարվա մարտին, երբ սկսվեց ԱՄՆ-ի եւ Իսրայելի պատերազմն Իրանի դեմ, Թեհրանը, ըստ ամենայնի, անօդաչու թռչող սարքերով հարվածեց Ադրբեջանի տարածքին՝ Նախիջեւանում։ Սակայն Գազայի պատերազմը փաստացի Ադրբեջանին կանգնեցրեց ընտրության առաջ. Թուրքիան աջակցեց պաղեստինցիներին, մինչդեռ Ադրբեջանը փորձում է չեզոքություն պահպանել»։

«Հայտնի է, որ Թուրքիայում շատերը, հատկապես իսլամիստական շրջանակներում, դժգոհ են Բաքվի՝ Իսրայելի հետ սերտ հարաբերություններից։ Բայց, նախ, դա այն հարցը չէ, որի պատճառով Անկարան կցանկանար առճակատման գնալ Ադրբեջանի հետ», -կարծում է արեւելագետ, NEST Centre-ի փորձագետ Ռուսլան Սուլեյմանովը։ «Երկրորդ՝ Թուրքիան ինքն էլ երկակի դիրքորոշում է որդեգրել. կոշտ քննադատելով Իսրայելի ղեկավարությանը՝ Անկարան շարունակում է նրա հետ տնտեսական հարաբերությունները, այդ թվում՝ ադրբեջանական եւ իրաքյան նավթի տարանցման ոլորտում», արձանագրում է նա։

Իշխանության տարբեր ակունքները

Սեպտեմբերի վերջին, նույն ՄԱԿ-ի շենքում, Էրդողանը դատապարտեց ուսումնական հաստատություններում հիջաբ կրելու ինչ-որ արգելք։ Նա ուղղակիորեն չհիշատակեց Ադրբեջանը, սակայն դրանից մեկ օր առաջ Ադրբեջանի նախարարների կաբինետն ընդունել էր նման արգելք։ «Թուրքիայի նախագահի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում եւ դպրոցներում գլխաշոր կրելու արգելքի վրա նրա շեշտադրումը Բաքուն կարող էր ընկալել որպես Ադրբեջանի ներքին քաղաքականությանը միջամտելու փորձ», նշել է Օզերթեմը։

«Թուրքիան կարելի է համարել մի երկիր, որտեղ իսլամը քաղաքականության մեջ ակտիվորեն գործիքավորվում է. Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության իշխանության գալուց հետո քաղաքականության մեջ իսլամական խորհրդանիշների օգտագործումն ակտիվացել է», նկատել է Սուլեյմանովը։ «Իսկ Ադրբեջանում, հակակրոնական քարոզչության 70 տարիներից հետո, իսլամական գործոնը, հատկապես քաղաքականության մեջ, գրեթե չեզոքացվել է։ Այս առումով ադրբեջանական հասարակությունը որոշ չափով կարելի է ավելի աշխարհիկ համարել, քան թուրքականը, հատկապես երբ խոսքը քաղաքականության մասին է»։

Հոդվածագիրը հիշեցնում է, որ օրեր առաջ Թուրքիայում բողոքի ակցիաներ են անցկացվել՝ ընդդեմ Ադրբեջանում հիջաբի արգելքի։ Ցույցի մասնակիցների ցուցապաստառներին գրված էր՝ արդյոք Ադրբեջանն ու Թուրքիան կարող են բարեկամ երկրներ համարվել նման արգելքից հետո։

«Թուրքիայում նմանատիպ արգելքներ նախկին իշխանությունները սահմանել էին դեռեւս 1997-ին։ Իսկ Էրդողանը իշխանության եկավ հենց հավատացյալների իրավունքների համար պայքարի ալիքի վրա եւ մինչ օրս հաճախ է անդրադառնում իսլամի թեմային։ Ադրբեջանում, սակայն, իրավիճակն այլ է։ Ի տարբերություն Էրդողանի՝ Ալիեւը հանրային քաղաքականության ասպարեզ չի եկել որպես կրոնական հայացքներ ունեցող ընդդիմադիր կամ այլախոհ գործիչ։

Նա մեծապես հենվում է իր հոր՝ Հեյդար Ալիեւի թողած քաղաքական ժառանգության վրա։ Հեյդար Ալիեւը բարձրագույն կուսակցական պաշտոններ է զբաղեցրել ԽՍՀՄ-ում՝ մի պետությունում, որը պայքարում էր կրոնի դեմ։ Ադրբեջանի իսլամական կուսակցությունն արգելվել է դեռեւս 1990-ականներին։ Ինչպես նշում են դիտորդները, Իլհամ Ալիեւն իր կառավարման ողջ ընթացքում հետեւողականորեն պայքարում է քաղաքական իսլամի դեմ։ Ներկայումս երկրում քաղաքական բանտարկյալների զգալի մասը, ինչպես եւ նախորդ տարիներին, տարբեր կրոնական համայնքների եւ կազմակերպությունների ներկայացուցիչներ են», նշում է հոդվածագիրը։

Ինչի՞ կարող են հանգեցնել հակասությունները

Այդուհանդերձ, փորձագետները կարծում են, որ Թուրքիան ու Ադրբեջանն այնքան շատ ընդհանրություններ եւ փոխկապակցված շահեր ունեն, որ նրանց միջեւ իրական խզումը քիչ հավանական է։ «Կարծում եմ՝ մեր քննարկած տարաձայնություններն ավելի շատ տեղեկատվական աղմուկի շարքից են», նկատել է Սուլեյմանովը, հավելելով. «Եվ այդ աղմուկը, այդ ալիքները դեռ կշարունակվեն մինչեւ երկու երկրների արտգործնախարարների կամ նախագահների հերթական հանդիպումը, որոնք, ինչպես հայտնի է, պարբերաբար տեղի են ունենում»։

«Կարծում եմ, իրավիճակը ժամանակավոր է՝ հաշվի առնելով երկու երկրների հարաբերությունների մակարդակը։ Այնուամենայնիվ, սա երկկողմ հարաբերությունների ամրության կարեւոր փորձություն է, եւ դժվար է ասել, թե նման բան այլեւս չի կրկնվի։ Կարծում եմ՝ Կովկասում կարգավորման գործընթացի առաջընթացին զուգահեռ մենք ականատես կլինենք նման վերելքների ու անկումների։ Իսրայելի եւ Իրանի միջեւ հակամարտությունը նույնպես որոշակի ազդեցություն կունենա քաղաքական դաշտի վրա», կարծում է Օզերթեմը։

«Թուրքիայի հետ կապերն այնքան ամուր են, չեմ կարծում, որ մեկ փոքր սկանդալը կարող է դրանք փչացնել», իր հերթին համոզված է Կրիվոշեեւը։ Նա հիշեցնում է, որ Իսրայելն ու Թուրքիան Սիրիայում ստեղծված իրավիճակի շուրջ բանակցություններ են վարել Ադրբեջանի տարածքում, քանի որ երկու երկրներն էլ շահեր ունեն այդ երկրում։ Այդ ժամանակ Ադրբեջանի չեզոք դիրքորոշումը կողմերի մոտ հարցեր չէր առաջացրել։ Այդուհանդերձ, Կրիվոշեեւը ենթադրում է, որ առաջիկա տարիներին, եթե երկրներից մեկը չփոխի իր վերաբերմունքը քաղաքական իսլամի նկատմամբ, գաղափարախոսությունների տարբերությունն իսկապես կարող է հակասությունների հանգեցնել։ «Ամենավտանգավորն այն է, երբ երկու մերձավոր պետություններ դավանում են տարբեր գաղափարախոսություններ։ Թուրքիան ընթանում է քաղաքական իսլամի ուղով, իսկ Ադրբեջանը աշխարհիկ ավտորիտար պետություն է։ Տարիների ընթացքում այս տարբերությունը կարող է վերածվել իրական հակասությունների», նշել է նա։

Պատրաստեց Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ

Գլխավոր լուսանկարը՝ Associated Press-ի

«Առավոտ» օրաթերթ
14.10.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել