Լրահոս
Օրվա լրահոսը

Հին եւ նոր իրողություններ

Փետրվար 21,2001 00:00

Ժողովուրդը իր լեզուն չի սիրում Հին եւ նոր իրողություններ Միասնական ուղղագրության հարցն այնքան բարձր է եւ նուրբ, որ բնավ զանգվածային լրատվության եւ հանրային քննարկման ենթակա չէ, հասարակ ժողովրդի եւ անգամ շարքային լեզվագետի խելքի բանը չէ, քանի որ ուղղագրության խնդրում ամենաուժեղ գործոնը սովորույթն է, որը ենթագիտակցության ոլորտին է վերաբերում եւ բանականությանը շատ դժվար է ենթարկվում։ Ժողովրդին դասական ուղղագրության անցնելու կոչ անելը նույնն է, որ ասենք, թե եկե՛ք ազգովին հոգեւոր եւ դասական երաժշտություն լսենք փոփ172ռոք172ջազի, ռաբիսի, ադրբեջանականի ու թուրքականի փոխարեն, դասական գրականություն կարդանք քաղաքական բամբասանքների, «շոու» կոչվող հեռուստաթամաշաների, դետեկտիվի ու պոռնկագրության փոխարեն։ Զուր հույսեր։ Մեր այսօրվա ժողովուրդը ոչ միայն այդ մակարդակը չունի, այլ նույնիսկ իր լեզուն չի սիրում։ Դրա վկայությունն են միայն օտարալեզու ցուցանակները, գովազդները, ապրանքապիտակները, հեռարձակումները, մամուլը: Դասական ուղղագրությունը մեր ազգային ինքնությանը չի սպառնում։ Բայց դրա դեմ մեր նույնիսկ հայագետները հարյուրապատիկ ավելի մեծ կրքով են ելույթներ ունենում, քան վերոհիշյալ ազգակործան երեւույթների դեմ։ Մենք ունեցել ենք հայերենի ուղղագրությունը միասնականացնելու հնարավորություններ (1922, 1940, 1992 թվեր)։ Բաց թողեցինք այդ աստեղային ժամերը։ Այժմ մեր ժողովուրդը հոգեբանորեն եւ բարոյապես անընդունակ է միասնական դառնալու՝ նույնիսկ ուղղագրության պես տեխնիկական հարցում։ Ուղղագրության երկվությունը փաստ է։ Այն ինքնըստինքյան, բնական զարգացումով ու մերձեցմամբ լուծվելիք հարց չէ։ Այդպես բանավոր լեզուներն են մերձենում։ Ուղղագրությունը միայն որոշումներով ու դրան հետեւող կարգապահությամբ կարող է փոխվել։ Այսօր նույնիսկ մեկ բառի ուղղագրությունը փոխելու համար որոշում է պետք եւ այն կիրառել տալու լծակներ։ Հետեւաբար, ուղղագրական երկփեղկումը կմնա։ Հեռու չէ այն ժամանակը, երբ մարդիկ համակարգչի հետ եւ դրա միջոցով իրար հետ կհաղորդակցվեն բանավոր։ Դա թույլ կտա ցանկացած տեղեկություն, գիտելիք ավելի արդյունավետ մատուցելու ոչ թե գրավոր տեքստերի, այլ բանավոր խոսքի, պատկերների եւ շարժանկարների միջոցով։ Այդ ժամանակ ոչ մեկի այլեւս չի հետաքրքրի, թե համակարգիչն իր ներսում ինչ լեզվով եւ ինչ ուղղագրությամբ է մտածում ու մտապահում։ Այժմ, երբ գրավոր հաղորդակցումը գերազանցապես կատարվում է համակարգչով, հնարավորություն կա շրջանցելու հայերենի ուղղագրական երկփեղկվածությունը։ Մեզ կարող են օգնել ուղղագրական փոխարկիչ ծրագրերը։ Արդեն գոյություն ունի ծրագիր, որը խորհրդային ուղղագրությամբ տեքստերը վայրկենապես դասականի է վերածում։ Այդ ծրագիրն իր նախաձեռնությամբ եւ միջոցներով ստեղծել է ծրագրավորող Արամ Գորոյանը։ Նույն հաջողությամբ կարելի է պատվիրել եւ ունենալ հակառակը՝ դասական ուղղագրությամբ տեքստերը խորհրդայինի վերածող ծրագիր։ Այդ դեպքում կվերանան խոչընդոտները տարբեր ուղղագրություններից օգտվողների միջեւ, որովհետեւ ամեն մարդ ցանկացած տեքստ հնարավորություն կունենա կարդալու իր նախընտրած ուղղագրությամբ։ Եթե այս իրավիճակը լուսաբանենք մաս նավոր օրինակով, ապա, ասենք, «Առավոտ» թերթը «ինտերնետում» կարող է լինել երկու տարբերակով, եւ այդ դեպքում այն սփյուռքահայը, որը տանել չի կարողանում խորհրդային ուղղագրությունը, տեսնել չի ուզում այն, «Առավոտի» հերթական համարը կբացի ու կկարդա դասական ուղղագրությամբ։ Իսկ այն արտագաղթած հայը, որը մի կերպ գրագետ է դարձել խորհրդային ուղղագրությամբ եւ մոլորվում, շփոթվում է այն մի քանի կանոններից, որոնցով տարբերվում է դասական ուղղագրությունը, «Առավոտն» իհարկե կկարդա իրեն հարազատ ու մատչելի խորհրդային ուղղագրությամբ։ Նամակագրական կապը աստիճանաբար դառնում է էլեկտրոնային։ Էմակները (էլեկտրոնային նամակները) նույնպես հնարավոր կլինի կարդալ ցանկացած ուղղագրությամբ, եւ տարբեր ուղղագրություն իմացողներն ու նախընտրողներն իրար չհասկանալու, իրարից նեղանալու առիթ այլեւս չեն ունենա։ Հաջորդ քայլում պետք է վերացնենք լեզվական անջրպետները։ Եթե արդեն կան անգլերենից ֆրանսերեն եւ հակառակը, էստոներենից անգլերեն եւ հակառակը եւ այլ թարգմանիչ ծրագրեր, ինչու՞ չեն կարող լինել հայերենից անգլերեն կամ ռուսերեն (ֆրանսերեն, իսպաներեն, արաբերեն եւ այլն) ու հակառակը, նույնիսկ՝ արեւելահայերենից արեւմտահայերեն (կամ գրաբար) ու հակառակը թարգմանող ծրագրեր։ Այդ դեպքում կվերանան լեզվական խոչընդոտները մեր ազգի տարալեզու հատվածների, տարբեր ազգերի միջեւ։ Աշխարհում եղած ամբողջ տեղեկատվությունը մատչելի կդառնա հայախոս մարդուն։ Հայերենով գոյություն ունեցող ամբողջ տեղեկատվությունը մատչելի կդառնա աշխարհի ցանկացած լեզվով խոսող անհատի։ Սա իհարկե շատ թանկ հաճույք է։ Այն պահանջում է նյութական եւ մտավոր մեծ ներդրումներ։ Երեւանում Սբ.Գրիգոր Լուսավորիչ մայր տաճար կառուցող ժողովուրդը կարող է այդպիսի գումարներ եւ ուժեր ներդնել։ Հ. ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել