Լրահոս
Օրվա լրահոսը

Գրականությունը դարձել է նավահանգիստ մանր ու մեծ ամեն տեսակի նավակների, որոնց ապաստանը հավերժության պ

Ապրիլ 04,2001 00:00

Գրո՛ղ, ո՞ւմ համար ես գրում Գրականությունը դարձել է նավահանգիստ մանր ու մեծ ամեն տեսակի նավակների, որոնց ապաստանը հավերժության պատրանքն է, չհաշված ներկայի կենցաղային շոյանքները։ Չնայած բազմապիսի ջանքերին, տպագիր խոսքը ընկղմվում է չընթերցողների համատարած գորշ անտարբերության մեջ, որին նույնիսկ հազիվ տեղից շարժում է կենցաղային հայհոյանքը։ Գրականությունը հարկ է բարձրացնել գոնե հայհոյանքի մակարդակին՝ նկատի ունենալով դրա հակազդեցությունը ու ոչ թե որակը։ Գրողն ընթերցվելու մարմաջով է տառապում եւ համարյա երախտապարտ է պատահական ընթերցողին։ Բոլորս ի բնե ստրուկներ ենք՝ սկսած ծնողական բռնակալությունից, եւ գրականությունը ստրկացումից ազատագրվելու ձեւերից մեկն է։ Բանով արարվեց աշխարհը, եւ անձը նույնպես բառով է փորձում արարել իր ինքնազատագրումը՝ լինի շրջապատից, թե սեփական մարմնից։ Իր արարումով Աստված ազատագրվեց անգործությունից։ Նույնը վերաբերում է եւ մարդուն՝ ըստ իր Արարչի պատկերի։ Հիշվելը դարձել է հետապնդող մղձավանջ, կարծես չհիշվելու դեպքում մարդը դադարում է գոյություն ունենալուց։ Բառերը փրկօղակ են ներկայանում գրողին, որն այս պարագայում նույնքան խեղճ է, որքան վերջին մահկանացուն։ Գնահատվելը, թեկուզ ձեւական, գրողին հանգեցնում է կործանարար ինքնաբավականության, եւ գնահատված չլինելը ապրվում է որպես վիրավորանք։ Եկեք որպես հոգեվիճակ հավանական համարենք գրողի արհամարհանքն ընթերցողների նկատմամբ։ Հասարակական մտայնության մեջ կառաջանա երկրաշարժի նման մի բան։ Ինչպե՞ս թե… Բա ինչո՞ւ ես գրում, ո՞ւմ համար ես գրում… ասենք, թե ինձ համար… բա դու ո՞ւմ ես պետք… իսկ պարտադի՞ր է, որ ես պետք լինեմ մեկ ուրիշին… Որտե՞ղ է սկսվում գրողի անկախությունն իր ընթերցողից եւ նրա կիսատվածի կեցվածքը երկրպագուների ակնկալությամբ։ Եվ ի՞նչ համեմատություն այն անանուն գրիչների հետ, որոնք խոնարհաբար մնացել են ստվերում, իրենց գերերկրային հավատքով դեպի աստվածային վարձատրությունը։ Տպագիր խոսքի պատրանքը հրաշալի ինքնաբավություն է, մի քիչ պակաս դոնորությունից, որ փրկարար լինելու հավակնություն ունի։ Սեփական հույզը՝ գերագնահատելու եւ բառերի շարանով ուրիշներին վարակելու աներեսությունը դառնում է հասարակական նվաճում եւ ակնկալում է գովեստների, ինչպես եւ սիրընկերոջ կամ սիրընկերուհու անկողնում սեփական ինքնարժեքը բարձրացնելու մի լծակի։ Եվ այդ է լինում գրական սնափառության անմիջական ձեռքբերումը գրողի կենդանության օրոք։ Գրական վարպետության խնդիրները մնում են գրողի խոհանոցում ու լավագույն դեպքում արժանանում են գրականագետի համտեսողական ընդունակությանը։ Մեզանում գրականագետները կառչում են հիմնականում արդեն անուն հանած գրողներին, որոնցով ապահովագրում են իրենց հոգսեստեղծագործական գոյությունը տպատառ աշխարհում։ Ներքին քաղաքականությունն, անշուշտ, իր դերն ունի նրա նախասիրությունների մեջ, լինի դա ակնհայտ, թե քողարկված։ Յուրաքանչյուր կուսակցություն պատրաստակամություն է ցուցաբերում պատվանդան դառնալ իր գրողին, որով նաեւ զարդարում է ինքն իրեն։ Գրողները մեծամասամբ դյուրահավատ են այն գովեստների նկատմամբ, որոնցով շռայլվում են՝ լինի մամուլում, թե հանդիսությունների ժամանակ։ Եվ այդ միամտությունն այնքան հուզիչ է, որ մարդ տմարդի պետք է լինի նրանց փետրաթափ անելու դեպքում։ ՎԱՐՈՒԺԱՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել