Լրահոս
Օրվա լրահոսը

1994-ի սեպտեմբերի 16-ի հանրահավաքի ընթացքում Դավիթ Վարդանյանին հետեւյալ անստորագիր գրությունն էին ու

Ապրիլ 28,2001 00:00

Ի՞ՆՉ ԷԻՆ 1994-ԻՆ ԳՐՈՒՄ ԴԱՎԻԹ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ 1994-ի սեպտեմբերի 16-ի հանրահավաքի ընթացքում Դավիթ Վարդանյանին հետեւյալ անստորագիր գրությունն էին ուղարկել. «Հողը տվիք գյուղացուն, գործարանները տալիս եք կուլակներին, ասացեք, ի՞նչ պետք է մնա պետության ձեռքը, որ կարողանա սոված ժողովրդին պահել։ Չէ՞ որ գործարանները կառուցվել են ժողովրդի քրտինքով։ Ե՞րբ պետք է չինովնիկների վերջը գա»։ Հետաքրքիր է, ինչպե՞ս էր այդ հարցին պատասխանել պետական գույքի կառավարման ներկայիս նախարարը։ Սեփականաշնորհման վերաբերյալ ԱԺՄ-ի այս գործչի նախկին ու ներկա տեսակետները իրարից հազիվ թե տարբերվեն։ Մինչդեռ հաստատ դրական էր նա պատասխանել Հ. Թարվերդյանի հետեւյալ հարցին. «Դ. Վարդանյան, քիչ էր մնում, որ դուք դառնայիք արտաքին գործերի նախարար։ Եթե այդպես լիներ, Դուք որպես ընդդիմադիր, այսօր այստեղ կլինեի՞ք»։ 1994-ի սեպտեմբերի 26-ի հանրահավաքում ուղարկված գրություններից մեկի հեղինակը ողջ ԱԺՄ-ին է հավաստում. «Ժողովուրդը հավատում եւ վստահում է ձեզ… Ժողովուրդը վճռական քայլերի համար ձեզ հետ է», բայց հատկապես Դավիթ Վարդանյանին են ուղղված ամենաշատ գրությունները։ «Հարգելի՛ Դավիթ. մենք (ժողովուրդը) համաձայն չենք նախագահի դիրքորոշմանը Ղարաբաղի հարցում, որը նա արտահայտեց Կոլումբիայի համալսարանում։ Գրավված տարածքները հետ վերադարձնելը բացարձակ դավաճանություն է։ Ի՞նչ է Լեւոն Տեր-Պետրոսյանը պատասխանելու այն անմեղ զոհերին, որոնք իրենց մատաղ հոգիներն ավանդեցին այդ գործի համար»։ Սեպտեմբերի 30-ի հանրահավաքի այս մասնակիցը տեսնես նույն որակումներո՞վ է արտահայտվում նաեւ այժմ այդ տարածքների դիմաց ԼՂՀ կարգավիճակի խնդիրը լուծելու նույն պատրաստակամության մասին։ Այդ գրության հեղինակն, ի դեպ, Դավիթ Վարդանյանին նաեւ զգուշացրել էր. «Եթե չանցնեք կոնկրետ գործողությունների, հավատացեք, Դուք կորցնում եք Ձեր վստահությունը խաբված եւ հուսալքված ժողովրդի մոտ։ Գնալով պակասում է հանրահավաքների մասնակիցների թիվը եւ հավանական է, որ կգա մի օր, երբ Դուք հավաք կանեք միայն Ձեր աշխատասենյակում»։ Գրության հեղինակը թերեւս մարգարե էր։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել