Լրահոս
Օրվա լրահոսը

Նախնադարում համայնքի առաջնորդի անլվա ոտքերը լիզող առաջին բանական արարածը կին է եղել, թե տղամարդ՝ չգի

Մայիս 05,2001 00:00

ԱՅՍ «ՇԱՏ ՀԵՏԱՔՐՔԻՐ» ՀՈԳԵՎԱՃԱՌՆԵՐԸ Նախնադարում համայնքի առաջնորդի անլվա ոտքերը լիզող առաջին բանական արարածը կին է եղել, թե տղամարդ՝ չգիտեմ, բայց որ լիզել է մի կտոր հում ոսկոր ձեռք գցելու ակնկալիքով, ոչ թե իր նույնքան անլվա մարմնաձեւերով նրան խելքահան անելու ձգտումով, սա հաստատելու համար, կարծեմ, հենց մարդ-արարածը ջանք չի խնայել: Այնպես որ, հոգեվաճառությունը ավելի հին մասնագիտություն է, քան, ինչպես հաճույքով պնդում են արհեստավարժ տղամարդիկ ու այս ոլորտի շահագրգիռ կանայք, մարմնավաճառությունը: Հայաստանի ամենամեծ պաշտոնյա Ռոբերտ Քոչարյանը ոչ առաջինն է, ոչ վերջինը, ոչ էլ միակը, որն իր գործունեությունը չի պատկերացնում առանց այդ հնագույն մասնագիտության արհեստավարժ ներկայացուցիչների աջակցության: Միակ տարբերությունն այն է, որ Քոչարյանը այս պետության գլխին նախագահում է միայն հոգեվաճառների շնորհիվ ու աջակցությամբ: Եվ, այդուհանդերձ, ազգընտիրը սրանց նույն արշինով չի չափում: Հոգեվաճառների մի խումբ կա, որին պահպանելու համար Քոչարյանը պատրաստ է պայքարել գրեթե ինքնազոհաբար, ընդհուպ՝ «ահաբեկելով» իրենով «հմայված» ՀՀ քաղաքացիներին, որ եթե համարձակվեն պահանջել, որ ինքը նրանցից երես թեքի, կներվայնանա ու կհրաժարվի ամենամեծ պաշտոնից՝ իր հետ տանելով «աննախադեպ տնտեսական աճը»: Այդ հարվածին, հասկանալի է, ՀՀ հասարակությունը չի դիմանա, ու աշխարհը սարսափով ականատեսը կդառնա հազարամյակների պատմություն կերտած հայ ժողովրդի մասսայական ինքնասպանությունների: Ինչու է ՀՀ ամենամեծ պաշտոնյան այսպես «դոշ տալիս» հոգեվաճառների այս խմբի համար (ի դեպ, ահագին փոքր խմբի)՝ ինքը լավ գիտի, բայց մեզ չի ուզում ասել: Ու քանի որ չի ուզում ասել, դե, այս պարապ-սարապ ու նվնվան հասարակությունն էլ ինչ ուզում՝ մտածում է: Մտածում է՝ ըստ երեւույթին, «աննախադեպ տնտեսական աճը» ապահովում է այդ ահագին փոքր խումբը, իսկ Քոչարյանը դեռ ջահել է ու երբ այլեւս դադարի ՀՀ ամենամեծ պաշտոնյա լինել, իրեն շատ է պետք գալու այդ «աննախադեպը»: Մտածում է՝ այդ ահագին փոքր խումբը «աննախադեպ տնտեսական աճը» սարուչոլից չի գտել ու իրեն էլ է հետագայում այն շատ պետք գալու, եւ եթե Քոչարյանը խոչընդոտի այդ «աճին», այսինքն՝ սրանց «հացին վայիս լինի», այդ ահագին փոքր խումբն էլ ներվայնանալ գիտի… Հայտնի բան է, հոգեվաճառները հենց շատ են ներվայնանում, հոգեգնորդին էլ են վաճառում: Մտածում է՝ այս ահագին փոքր խմբի վրա այսպես դողում է, որովհետեւ սրանք րսՌՔՍՏՎ ՎվՏչՏ ջվՈ254Ց… Եվ այլն, եւ այլն: Հոգեվաճառների մյուս խմբին (ահագին մեծ խումբ է) Քոչարյանը արհամարհում է, բայց ցույց չի տալիս: Որ արհամարհում է, այդ մասին գիտեն ինքն ու, մասամբ, ահագին փոքր խումբը: Այս ահագին մեծ խմբին նա եռամսյակից եռամսյակ «մարդատեղ» է դնում ու ինչ-որ բան խոստանում: Օրինակ, որ «չըլնի-չըլնի»՝ խորհրդարանը կլուծարի ու սրանց դեպուտատ կնշանակի: Կամ՝ եթե չի խոստանում, հրահանգում է, որ «տելեվիզորով» ցույց տան, թե ոնց են պալատում, բազկաթոռին թիկն տված, լայնատարած ժպիտով զրուցում Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման շուրջ: Հոգեվաճառի նպատակն, իհարկե, միայն հեռուստաէկրանին երեւալը չէ, բայց «անցումային փուլում» դա էլ է մխիթարություն: Հատկապես որ, հոգեվաճառների երրո՛րդ խմբի ներկայացուցիչները հենց տեսնում են, որ ՀՀ ամենամեծ պաշտոնյան «մարդատեղ» է դնում ահագին մեծ խմբի տվյալ հոգեվաճառին, իրենց հոգու մի ճենճահոտ պատառ էլ վերջինիս են առաջարկում: Երբեմն նույնիսկ «նիսյա»՝ ակնարկելով, որ եթե ՀՀ ամենամեծ պաշտոնյան մի օր սրան «մի կտոր հացի» տեր դարձնի՝ իրենց չմոռանա… Արժանին մատուցենք երրորդ խմբի «արժանապատիվ» ներկայացուցիչներին. սրանք ամենահամառն են: Չնայած Քոչարյանը սրանց ոչ միայն արհամարհում է, այլեւ իրեն նեղություն էլ չի տալիս դա թաքցնել, բայց որքան անթաքույց է արհամարհում, սրանք առավել կատաղի են քծնում: Այսինքն թե՝ ինչքան ուզում ես արհամարհիր, մեկ է, պիտի էնքան քծնենք, մինչեւ մեզ էլ մարդու տեղ դնես: Չդնես էլ, ջհանդամը, կհամարենք՝ վերապատրաստման կուրսեր ենք անցնում, որ հաջորդ ՀՀ ամենամեծ պաշտոնյային ավելի արհեստավարժորեն քծնենք: Հոգեվաճառների երեք խմբերը, առանձին-առանձին ու միասին վերցրած, երկրիս ղեկավարին քծնանքի լորձունքով լղոզում են երեք հիմնական ուղղություններով: Պարզ է, մեկը տնտեսական աննախադեպ աճի ներբողումն է: Սա քննարկման ու բեկանման ենթակա չէ: Ով որ կտարակուսի, թե ում սեյֆում է պինդ կողպված այդ աճը, եթե ՀՀ հասարակությունը օրեցօր ավելի է թշվառանում, արդեն գիտենք՝ կխփի Հայաստանի ամեն մի քաղաքացու գրպանին: Իսկ թե ինչ է լինում նրա վերջը, ով համարձակվում է խփել ՀՀ ամեն մի քաղաքացու գրպանին, այդ մասին մանրամասն տեղեկություններ կարող են տալ ՆԳ եւ ԱԱ նախարարությունների համապատասխան վարչությունները: Երկրորդը Ղարաբաղյան կնճիռն է: Սա էն է, որ ոչ մեկը չգիտի, թե ոնց է կարգավորվում, բայց բոլոր խմբերի հոգեվաճառները, առանձին-առանձին ու միասին վերցրած, գիտեն, որ չնայած չգիտեն, թե ոնց է կարգավորվում, բայց գիտեն, որ շատ լավ է կարգավորվում: Չհասկացա՞ք: Ուրեմն՝ այս երկրի թշնամին եք ու կրկին խփում եք ՀՀ ամեն մի քաղաքացու գրպանին: Երրորդը «Հոկտեմբերի 27-ն» է: Հոգեվաճառների այս երեք խումբը, առանձին-առանձին ու միասին վերցրած, իրենց հերթին բաժանվում են երեք խմբի: Մի խումբը պնդում է, որ ոճրագործների թիկունքին կազմակերպիչներ չկան, մյուս խումբը վաղ առավոտյան պնդում է, որ կան, ուշ երեկոյան էլ՝ որ չկան, գիշերն էլ «գցում-բռնում է»՝ վաղ առավոտյա՞ն ասի, որ չկան, թե՞ ուշ երեկոյան: Երրորդ խումբը «շատ հետաքրքիր» (ՀՀ ամենամեծ պաշտոնյայի ականջը կանչի) խումբ է: Պայմանականորեն այս խմբին կոչենք «Գուգոյի խումբ»: Սրանք էլ են պնդում, որ կազմակերպիչներ կան, ու որպեսզի իրենց քծնանքի դեմ «խաղ» չլինի, քարը գցում են նախկին իշխանությունների բոստանը: Իրենք էլ են հասկանում, որ իրենց «վարկածը» մորթած հավի ծիծաղն էլ կշարժի, որ եթե աննշան առիթ անգամ գտնվեր, կենդանական հրճվանքով ոչ միայն բոլոր նախկիններին ու նախկինների զավակներին բանտերը կլցնեին, այլեւ նրանց խնամի-ծանոթ-հարեւաններին: Բայց հո էականը դա չէ: Այլ այն, որ հասկացնում են, թե ինչերի են իրենք պատրաստ՝ հանուն իրենց համառորեն «շան տեղ չդնող» Քոչարյանի: Ազգընտիրի ականջն, իհարկե, շոյում է սրանց «վարկածը», բայց, ավաղ, իր անփոխարինելի հոգեվաճառների ահագին փոքր խումբը շատ է գլուխ կոտրել այն արժանահավատ դարձնելու համար, բայց որ կողմից «Հոկտեմբերի 27-ին» մոտեցել է, ստիպված է եղել խոր կսկիծով զեկուցել ազգընտիրին, որ՝ ինչպես «աննախադեպ տնտեսական աճի» ու Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման թմբկահարվող առաջընթացի, այնպես էլ՝ այս դեպքում, արդյունքները «շա՛տ հետաքրքիր» են (ազգընտիրի ականջը կանչի): Ընդամենը: Էսպիսի «շատ հետաքրքիր» երկրում ենք ապրում մենք, որը ղեկավարում է մի «շատ հետաքրքիր» նախագահ՝ շրջապատված «շատ հետաքրքիր» ոսկոր փախցնողներով: ԼԻԶԱ ՃԱՂԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել