Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանի կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանը նախորդ շաբաթ ցնցող հայտարարություններով ու խոստ

Մայիս 09,2001 00:00

ՕՆԻԿ ՎԱԹՅԱՆԸ՝ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼ Քաղաքապետարանի կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանը նախորդ շաբաթ ցնցող հայտարարություններով ու խոստովանություններով հանդես եկավ։ Մայրաքաղաքի դպրոցների տնօրենների խորհրդակցության ժամանակ բացահայտված ուշագրավ իրողությունների մի մասին արդեն անդրադարձել ենք։ Սակայն որոշ բացահայտումներ արժանի են առանձին հրապարակման։ Մասնավորապես, խիստ զարմանալի էր իմանալ, որ դպրոցներում տարբեր առիթներով կատարվող դրամահավաքների դեմ պայքարի ջերմեռանդ մարտիկ ներկայացող կրթության վարչության պետը տարբերակված մոտեցում ունի այս հարցում։ Խորհրդակցության ժամանակ թեպետ հայտարարել է, որ «ընդհանուր առմամբ քաղաքապետարանը եւ կրթության վարչությունը ողջունում են բոլոր այն տեսակի միջոցառումները, որոնք դրամահավաքման գործընթաց չեն հետապնդում», սակայն անմիջապես էլ դրամահավաք ենթադրող մի միջոցառում է տնօրենների «վզին փաթաթել»։ Պարզվում է, որ միջոցառումները պրն Վաթյանի համար մի քանի տեսակ են լինում եւ «ազգային ու համազգային նշանակության» միջոցառումների համար բացառություններ են արվում։ Որպես այդպիսի միջոցառում ճանաչվելու բախտին է արժանացել Հանրային հեռուստատեսության «Գույն» ստեղծագործական միավորման նախաձեռնած «Մուտք 21-րդ դար» մրցույթ- փառատոնը։ Տոմսերը արժեն 1000-1200 դրամ, բայց քաղաքապետարանը «իջեցնել տվեց 300 դրամի, որպեսզի մասսայականությունը մեծ լինի»։ Սա ասաց «Գույնի» տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը՝ այդ իջեցումը մատուցելով որպես նվեր աշակերտներին։ Սակայն տնօրենները չգնահատեցին այդ «նվերը»՝ դժգոհության խուլ աղմուկով ընդունելով լուրը։ Բայց ստիպված են այն կատարել, քանի որ սա «համազգային նշանակության» միջոցառում է, իսկ մյուսները, որ քաղաքապետի ու կրթության վարչության պետի հովանավորությունը չեն վայելում, հավանաբար, «ապազգային» միջոցառումներ են։ Ասենք, թատրոնները, որոնց տոմսերի վաճառքի դեմ այնպես անզիջում պայքարում է քաղաքապետարանը։ Ընդհանրապես տնօրենների այդ խորհրդակցությունն ավելի շատ «TV-կատալոգ» հաղորդումն էր հիշեցնում, հաղորդավարի դերում՝ Օնիկ Վաթյանը։ Վերջինս, օրինակ, տնօրեններին ներկայացրեց մի պարոնի, որը «ունի մի սրահ եւ ցանկացած դպրոց կարող է այնտեղ կազմակերպել իր ավարտական երեկոն, ապահովում է անվտանգություն եւ ավարտական երեկոյի համար բոլոր ծառայությունները ինչ-որ ցանկանում եք՝ կպատրաստեն»։ Օնիկ Վաթյանը հատուկ շեշտում է, որ այս ամենը համաձայնեցված է քաղաքապետարանի ղեկավարության հետ։ «Վերջին զանգի հետ կապված բազմաբնույթ, ես կասեի՝ հարյուրավոր առաջարկություններ են լինում քաղաքապետին, փոխքաղաքապետին, կրթության վարչությանը»,- խոստովանում է Օ. Վաթյանը։ Բնականաբար, միայն այն առաջարկություններին ընթացք կտրվի ու այդպես հրապարակայնորեն կգովազդվի տնօրենների շրջանում, որոնք քաղաքապետարանի ղեկավարության սրտով կլինեն։ Ու դեռ այդքանից հետո Օնիկ Վաթյանը հայտարարում է, թե մտահոգ են, որ դրամահավաքների հետ կապված «տնօրենների, համակարգի վրա խոսակցություն չբերեն»։ Օ. Վաթյանը, անշուշտ, շատ է մտահոգված տնօրենների վարկով, քանի որ չի հրապարակում այն տնօրենների անունները, որոնց մեղադրում է լուրջ օրինախախտումների մեջ, ինչպիսիք են՝ ավարտական վկայականներում գնահատականներ կեղծելը, վկայականների համար 1500 դրամ հավաքելը, դրամահավաքը չկանխելը եւ այլն։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել