Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ՆԵՐՈՒԺԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄ

Մայիս 11,2001 00:00

ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ՆԵՐՈՒԺԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄ ՀՀ-ի ու Արցախի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը երբեք կախված չէ ղարաբաղյան հարցի «կարգավորումից»։ Դա առասպել է, որը նպատակ ունի թմրեցնելու հայերիս զգոնությունը։ Աշխարհում կան տասնամյակներ շարունակվող, չկարգավորված բազմաթիվ հակամարտություններ (Իսրայել-Սիրիա, Իսրայել-Լիբանան, Կիպրոս, Քաշմիր, Կուրիլներ, Հյուսիսային Իռլանդիա եւն), որոնք բնավ չեն խանգարում հակամարտող երկրների համակողմանի զարգացմանը։ Ոչ մի երաշխիք չկա, թե օտարները «կարգավորումից» հետո կանեն խոստացված ներդրումները։ Այդպես եղավ Եգիպտոսի ու Հորդանանի դեպքում, որոնք Իսրայելի հետ խաղաղության համաձայնագրեր ստորագրելուց հետո ստացան իրենց խոստացվածի կեսից էլ պակասը (եկած գումարներն էլ խժռեց փչացած վերնախավը), իսկ այդ երկրների կախվածությունը Արեւմուտքից էլ ավելի մեծացավ։ Ով ճանաչում է թուրքի էությունը, նա չի կարող հավատալ վերջինիս խոսքին եւ հայ-թուրք բարիդրացիությանը։ Եվ ով դեռ կերակրվում է օտարների միջնորդական հավաստիացումներով, նա անճանաչ է գոնե մեր պատմությանը։ Ով ուզում է, որ 21-րդ դարը սկսվի եւ անցնի առանց հայկական ողբերգությունների (որոնք, տարօրինակ «օրինաչափությամբ», միշտ հետեւում են միջազգային երաշխիքներին, համաձայնագրերին ու «հայանպաստ» որոշումներին), դրա համար պետք է հրաժարվի զիջելու գաղափարից եւ լծվի ազատագրված տարածքները համակողմանիորեն յուրացնելու գործին։ Ադրբեջանական այսօրվա ռազմատենչ աղմուկ-աղաղակը հոգեբանական ներգործման միջոց է, որը նպատակ ունի մեզ վախեցնելով պարտադրել պարտվողական համաձայնագիր։ Չկան առանձին Հայաստանի եւ Արցախի շահեր, կա հայ ժողովրդի մնայուն եւ միասնական շահ։ Արցախի հարցը համահայկական հարց է։ Իսկ ղարաբաղցի-հայաստանցի հակադրման սերմանումը թշնամական արտաքին ուժերի եւ հայանուն ազգուրացների գործն է։ Հայրենի հողի ճակատագիրը միայն այս սերնդի որոշելիքը չէ. նաեւ ոչ ոք իրավունք չունի Հայրենիքի ազատագրության համար ընկած հազարավորների փոխարեն որոշում ընդունել հողային զիջումների մասին։ Մեզ համար գոյություն չունի Արցախի հարցի միջազգային կարգավորում։ Արցախի հարցը միայն եւ միայն հայության հարցն է, որն է՝ ազատագրված հայրենի տարածքների հայկական յուրացում։ Ազատագրված տարածքները Հայրենիքի անբաժան մասն են, Հայաստան պետության համար ունեն ռազմավարական անգնահատելի նշանակություն ու երբեք սակարկման ենթակա չեն։ «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել