Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Կանանց լսում են՝ միայն

Մայիս 16,2001 00:00

Կանանց լսում են՝ միայն Կանանց հանրապետական խորհրդի նախագահ Նորա Հակոբյանի կարծիքով, իր գործունեության 14 տարիների ընթացքում կազմակերպությունը նկատելի զարգացում է ունեցել։ Իրենց հետ այժմ հաշվի են նստում միջազգային տարբեր կառույցներ։ Տեղի իշխանություններն էլ լսում են… բայց միայն լսում եւ ոչ՝ հաշվի առնում կամ համագործակցում, ուստի հասարակական կազմակերպությունների գործունեությունը, բնականաբար, քաղաքացիների վիճակի մեջ բեկումների չի հանգեցնում։ Իշխանությունների կողմից նման անտարբերությունը կանանց վիրավորելով հանդերձ, աշխատանքային նոր լիցքեր է հաղորդում, մոտավորապես՝ «մեր ճակատը ձերից պինդ է» սկզբունքով։ Այս համատեքստում ԿՀԽ-ն լուրջ քայլեր է անում կազմակերպության մարզային կառույցներն ուժեղացնելու՝ հարցերը «գյուղական մակարդակով» լուծելու համար։ Ըստ տիկին Հակոբյանի. «Գլոբալ հարցադրումներից զատ, համայնքային կառույցների հետ պետք է նաեւ լոկալ խնդիրներ լուծել»։ Բացի այդ, ԿՀԽ-ն Ազգային ժողովի աշնանային նստաշրջանում ազգի ընտրյալներին կներկայացնի հավասար իրավունքների մասին օրենքի նախագիծ։ Ինչո՞ւ։ Որովհետեւ Հայաստանի բնակչության բարձրագույն կրթություն ունեցողների 70%-ը կանայք են, մինչդեռ ունենք 7 կին գյուղապետ, ոչ մի մարզպետ եւ ոչ մի նախարար, 1-2 փոխնախարար, 4 պատգամավոր։ Այսինքն, հռչակված հավասարությունն իրականում գոյություն չունի։ Շարունակվող համատարած գործազրկությունը, արտագաղթ կոչվող՝ երկրից փախուստը, սոցիալական նպաստների՝ ստեղծված իրավիճակին անհամաչափ լինելը լցնում են համբերության բաժակը։ Եվ դարձյալ աշնանը ԿՀԽ-ն իշխանությանը կներկայացնի 100 հազարից ավելի ստորագրություն պարունակող եւ ազգային անվտանգություն պահանջող փաստաթուղթ։ Փաստորեն, ըստ Ն. Հակոբյանի, տնտեսական գործոնը ազգային անվտանգության համար լուրջ խնդիր է։ Նշված նպատակների լիարժեք իրականացման համար ԿՀԽ-ն այս տարվա հունվար ամսից ԱՄՆ-ի զարգացման գործակալությունից ֆինանսավորվող ամերիկյան IFES կազմակերպության հետ իրականացնում է «Համաքաղաքացիների իրազեկությունը եւ մասնակցությունը Հայաստանում» ծրագիրը։ ԿՀԽ նախագահը հայտնեց, որ հենց դա էլ իրենց առաքելությունն է։ ՆԵԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել