Լրահոս
Օրվա լրահոսը

Քանաքեռ-Զեյթուն

Մայիս 17,2001 00:00

Հարբածները հաջողությամբ շրջանցում են դիտահորերը Քանաքեռ-Զեյթուն համայնքի, Նորքի զանգվածների եւ Ավան թաղամասերի բնակիչները օրեր առաջ իրենց բողոքը հղեցին «Առավոտ» թերթին՝ կապված բաց դիտահորերի հետ։ Նրանք ասացին (ինչում համոզվեցինք նաեւ մենք, այցելելով վերը նշված թաղամասերը), որ իրենց թաղամասերի գրեթե բոլոր դիտահորերի կափարիչները անհետացել են։ Իսկ ժողովրդական «ընկել եմ լուկը» հումորային հասկացությունը արդեն ընկալվում է բառիս բուն իմաստով եւ ամենայն լրջությամբ։ Ցերեկները դրանք կարելի է շրջանցել, իսկ գիշերները դա հաջողվում է անել միայն նրանց, ովքեր կամ տեղացի բնակիչներ են կամ էլ, ընկնելով այդ փոսերը, արդեն գիտեն դրանց մասին։ Նրանք հավաստեցին, որ տիրող վիճակը 10 տարուց ավելի է։ Իսկ իրենց բողոք-դիմումները տարիներ շարունակ այդպես էլ անպատասխան են մնացել։ Նշված խնդրի մասին որեւէ բացատրություն ստանալու ակնկալիքով դիմեցինք քաղաքապետարանի կոմունալ վարչության պետ Լեւոն Ղազազյանին։ Մեր այն հարցերին, թե մայրաքաղաքի դիտահորերի խնդիրներով ո՞վ է զբաղվում եւ ո՞վ պետք է ստեղծված իրավիճակի համար պատասխան տա, վերջինս նախ ցանկացավ բացատրել դրանց անհետացման պատճառները։ Նրա կարծիքով, կափարիչների մի մասը կոտրվում է, իսկ մեծ մասամբ գողանում են այն պարզ պատճառով, որ դրանք պատրաստված են թուջից։ Իսկ թե ո՞վ է զբաղվում այդ խնդրով հարցին ստացանք շատ բազմաբովանդակ պատասխան։ Մի կողմից, դրանց հսկելն ու հետեւելը քաղաքապետարանի խնդիրն է, այսինքն՝ նրանք պետք է տեղյակ լինեն թե որտեղ կան բաց դիտահորեր, սակայն դիտահորերի կափարիչների տեղադրումը ոչ քաղաքապետարանի, ոչ էլ թաղապետարանների խնդիրն է։ Եթե տվյալ դիտահորը պատկանում է «ԱրմենՏելին», ապա դա նրա խնդիրն է, ջերմային տնտեսությանն է՝ նրա խնդիրն է եւ այդպես շարունակ։ Այսինքն, եթե քաղաքացին ցանկանում է, որ իր թաղամասի դիտահորերը, ի վերջո, ունենան կափարիչներ, նա պետք է ուշադրությամբ զննի յուրաքանչյուր դիտահոր, որպեսզի պարզի, թե դրանք ինչ դիտահորեր են, կոյուղաջրի՞, տեխնիկակա՞ն ջրի, ջերմային տնտեսությա՞ն, թե՞ «ԱրմենՏելի», իսկ պարզելուց հետո պետք է դրանք գրառի (ասենք՝ Քանաքեռ-Զեյթուն թաղամասում ենթադրենք կան 5 ջրմուղի, 3 տեխնիկական ջրի, 8 ջերմային տնտեսության, 10 «ԱրմենՏելի» դիտահորեր), որից հետո համապատասխան գրություններ պետք է պատրաստի տվյալ վարչություններին։ Իսկ թե բազմաչարչար աշխատանքը ինչ արդյունք կստանա՝ ցույց կտա ժամանակը։ Սակայն նշենք, որ Լ. Ղազազյանը խոստացավ անձամբ զբաղվել վերը նշված թաղամասերի դիտահորերով։ ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել