Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակակից միջազգային իրավունքը սահմանում է, որ մարդու իրավունքներն ու ազատությունները չեն սահմանափ

Մայիս 19,2001 00:00

ԵԴ կդիմեն «ենթադրաբար զոհերը» Ժամանակակից միջազգային իրավունքը սահմանում է, որ մարդու իրավունքներն ու ազատությունները չեն սահմանափակվում տվյալ պետության օրենսդրությամբ ու արդարադատությամբ, եւ ստեղծել է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային երաշխիքներ։ Այդպիսին է մարդու իրավունքների Եվրոպական դատարանը, որը տարեցտարի մեծ հեղինակություն է ձեռք բերում։ Միայն այս դատարանն էր քննարկում բոլոր տիպի հայցերը, ընդունում նախնական որոշում, տալիս եզրակացություն։ 60-ական թվականների վիճակագրությունը ցույց է տալիս, որ ամեն տարի Եվրոպական դատարանը քննարկել է միջինը մոտավորապես 50 գործ՝ դրանց վերաբերյալ ընդունելով մոտ 20 որոշում։ Ներկայումս ԵԴ աշխատանքները շատ ծանրաբեռնված են։ Տարեկան գործերի թիվն անցնում է 500-ից։ 2001թ. հունվարին պաշտոնապես դառնալով Եվրախորհրդի անդամ՝ Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է նաեւ պարտավորություն՝ վավերացնելու նաեւ Եվրոպական դատարանի մասին միջազգային կոնվենցիան։ ՀՀ քաղաքացիները նույնպես իրավունք կունենան դիմել ԵԴ։ Փորձը ցույց է տալիս, որ Եվրախորհրդի անդամ 43 պետությունների ցանկացած քաղաքացի կարող է դիմել ԵԴ՝ մարդու իրավունքների եւ ազատությունների խախտման այն դեպքում, երբ իշխանությունը խախտել է եվրոպական կոնվենցիայում ամրագրված իր իրավունքներն ու ազատությունները։ Եվրոպական կոնվենցիան մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության համար նախատեսում է 2 տիպի վերահսկողություն՝ զեկույցների քննարկում եւ անհատական տեղեկությունների քննարկում։ Մարդու իրավունքների եվրոպական հանձնաժողովի քննարկումից հետո անհատական տեղեկությունը մտնում է Եվրոդատարան։ Անհատական տեղեկությունը համարվում է ընդունված՝ հետեւյալ պայմանների պահպանման դեպքում. 1. Պետությունը, որի դեմ տրված է բողոքը, պետք է լինի Եվրախորհրդի անդամ եւ վավերացրած լինի համապատասխան արձանագրությունները։ 2. Ցանկացած գործ ընդունվում է քննության միայն այն դեպքում, երբ սպառված են ազգային բոլոր միջոցները, եւ համապատասխան բարձրագույն դատական ատյանի ակտի ընդունումից հետո անցել է 6 ամիս։ 3. Չեն ընդունվում անանուն բողոքներ, ինչպես նաեւ այնպիսի բողոքներ, որոնք արդեն քննարկվել են Մարդու իրավունքների հանձնաժողովի կողմից եւ չեն բովանդակում գործի վերաբերյալ նոր հանգամանքներ։ 4. Անհատական տեղեկությունները մերժվում են, եթե հանձնաժողովը այն անհամատեղելի է համարում կոնվենցիայի դրույթների հետ կամ ըստ էության չհիմնավորված։ ԵԴ գործը կարող են փոխանցել Մարդու իրավունքների հանձնաժողովը եւ կոնվենցիայի պետություն-մասնակիցները։ Ըստ 1990թ. նոյեմբերի 6-ի կոնվենցիայի 9-րդ արձանագրության, ԵԴ գործը փոխանցելու իրավունք ունեն նաեւ հանձնաժողովը, պետությունը, քաղաքացին, որը ենթադրաբար զոհ է համարվում։ Վեճի քննության առաջին փուլում կողմերը դատարանի քարտուղարին ներկայացնում են անհրաժեշտ գրավոր փաստաթղթեր։ Այնուհետեւ դատարանը անցնում է հրապարակային լսումների։ Շահագրգիռ պետությունները հանդիսանում են գործով կողմեր։ Լսումներին մասնակցում է նաեւ Մարդու իրավունքների եվրոպական հանձնաժողովը՝ ուղարկելով մեկ կամ ավելի իր անդամներին՝ որպես պատվիրակներ։ Սակայն հանձնաժողովը վեճի մեջ կողմ չի հանդիսանում, այլ այն դատարանին աջակցություն է ցուցաբերում հրապարակային շահերի պաշտպանման գործում։ Դատարանի կանոնադրության մեջ ասվում է, որ անհատը կարող է հայտնել իր ցանկության մասին լսումին մասնակցելու համար։ Իր շահերը դատարանում կարող է ներկայացնել փաստաբանը, որը, որպես կանոն, արդեն մասնակցել է այդ վեճին հանձնաժողովի կողմից քննարկման փուլում։ Դատարանը որոշումն ընդունում է ձայների մեծամասնությամբ։ Դատարանի որոշումը վերջնական է եւ կրում է պարտադիր բնույթ՝ շահագրգիռ պետության համար։ Եթե դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել կոնվենցիայի նորմի խախտում, ապա այն կարող է ապահովել արդարացի վնասի փոխհատուցում։ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը նախատեսում է արդարացի դատական քննության իրավունք։ Դատարանը եւ հանձնաժողովը առանձնակի ուշադրություն են հատկացնում այս հոդվածի ճիշտ ընկալման վրա։ Եվրոպական կոնվենցիայի 52 հոդվածը նախատեսում է, որ դատարանի որոշումը վերջնական է։ 53 հոդվածում ամրագրված է, որ Բարձրագույն պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել դատարանի որոշումը յուրաքանչյուր գործով, որի մեջ նրանք կողմեր են հանդիսանում։ Իսկ 54 հոդվածը նախատեսում է, որ դատարանի որոշումը ուղարկվում է Նախարարների կոմիտե, որը հսկում է դրա իրականացումը։ Դատարանի որոշումը պետք է պատճառաբանված լինի։ Եթե այն ամբողջությամբ կամ մասամբ չի արտահայտում դատավորների միաձայն կարծիքը, ապա ցանկացած դատավոր իրավունք ունի գրավոր ներկայացնել իր հատուկ կարծիքը։ Դատարանը չի ենթարկվում Եվրախորհրդի մյուս ինստիտուտներին, այլ ընդհակառակը՝ վերահսկողություն է իրականացնում դրանց գործունեության նկատմամբ։ ՀՀ-ն Եվրախորհրդի լիիրավ անդամ դառնալով՝ պետք է դատավոր ունենա Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Մեզ հայտնի է, որ այդ հարցը գտնվում է քննարկման փուլում։ Կարելի է կանխատեսել, որ Եվրոպական դատարան դիմելու ՀՀ քաղաքացիների իրավունքի առկայությունը որոշակի զգոնություն կմտցնի մեր դատական համակարգում, այսինքն՝ դատարանները կձգտեն հնարավորինս օրինական, անաչառ եւ հիմնավորված վճիռներ, դատավճիռներ եւ որոշումներ կայացնել։ ԼԻԼԻԹ ՍԵԴՐԱԿՅԱՆ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել