Լրահոս
Օրվա լրահոսը

Կամ՝ մինչեւ ո՞ւր եք գլորվելու, գրո՛ղը տանի

Մայիս 19,2001 00:00

ՀԱՏԱԿՈՒՄ Կամ՝ մինչեւ ո՞ւր եք գլորվելու, գրո՛ղը տանի Երեկ շարունակվեց, բայց չավարտվեց Գրողների միության համագումար հորջորջվող անհեթեթությունը։ Մի հավաք, մի միջոցառում, որի ամեն վայրկյանը, ամեն պահը ստիպում էր ամոթ ու ցավ ապրել ազգիս սերուցք, մտավորականություն համարվող անդեմ զանգվածի համար։ Մինչեւ ժամը 14-ը, երբ հայտարարվեց ընդմիջում, թեեւ կրքերը մերթընդմերթ բորբոքվում էին, բայց ամեն ինչ գրողական զանգվածի համար թույլատրելի քաղաքակրթության սահմաններում էր։ Ելույթ ունեցողները խոսում էին Հայաստանի ներքաղաքական իրավիճակից, շոշափում Մեղրիի եւ Ղարաբաղի հարցը, որի առնչությամբ անգամ հայտարարության տեքստ կազմեցին։ Հետո երկար-բարակ քննարկվեց ՀԳՄ-ի նոր կանոնադրությունը, առաջարկներ, վիճաբանություններ եղան, բայց ի վերջո ընդունվեց։ Այդ ընթացքում կրկին փայլատակեց Դավիթ Հովհաննեսը՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին «գործից անտեղյակ լակոտ-լուկուտ» հռչակելով, որոնք «մեջտեղ են ընկնում ամեն ինչին, խառնում սաղին իրար», մի խոսքով, բոլորը «հարամ կաթնակերներ են» ու դեռ անիծեց էլ. «Հարամ ըլնի էն հացը, որ դուք եք ուտում»։ Այսպիսի դեպքերում չենք կարող չհիշել կուզիկի ու հայելու պատմությունը, երբ կուզիկն անընդհատ ջարդում էր այն հայելիները, որոնցում տեսնում էր իրեն։ Մամուլն ընդամենը գրանցում եւ բումերանգի նման ձեզ է վերադարձնում ձեր իսկ խոսքերը, ձեր իսկ պահվածքը, սիրելի՛ գրողներ եւ քաղաքական գործիչներ, որ այնքան սիրում եք ձեր մեղքերը մամուլի վրա բարդել։ Ամեն ինչ իր տեղն ընկավ (ցավալի է, բայց մեր գրողների համար իրոք նորմալն այդ բազարային վիճակն է, ոչ թե՝ համեմատաբար զուսպ պահվածքը) ընդմիջումից հետո, երբ առաջադրվում էին վարչության անդամների եւ ՀԳՄ նախագահի թեկնածուները։ Հանկարծակի մեջ ընկավ իր կերպով իսկ homo sapiens չհիշեցնող մի ինչ-որ ողորմելի ու խղճուկ, ընդունած ալկոհոլի քանակությունը սողալու նմանվող քայլվածքից զգացնել տվող կաթնասուն, որն իրեն թույլ տվեց, ոչ միայն այդ պահին, այլեւ ողջ այդ տխուր կոմեդիայի ընթացքում, իր տեսքին վայել հայհոյանքներ տեղալ բազմաթիվ կանանց ներկայությամբ։ Այդ խղճուկը, որի բառապաշարում միայն անասնական բնազդն ապացուցող արտահայտություններ էին, լուտանքներ էր տեղում այն վեհ ու վսեմ մարդու հասցեին, ում ոտքերի առջեւ չոքած ժամանակին փող էր մուրում։ Ու դա՛ էր Աբգար Ափինյանին ներկայացնողը։ Առաջադրվեցին վարչության անդամներ, սակայն գրողներին չբավարարեց այդ ցուցակը, որին նրանք ավելացրին ՀԳՄ գրեթե բոլոր 331 անդամների անունները։ Այդ պրոցեսը եւս ժամեր տեւեց։ Դրանից հետո առաջադրվեցին ՀԳՄ նախագահի թեկնածուներ։ Դրանք էին՝ Հրանտ Մաթեւոսյան, Լեւոն Անանյան, Ռուբեն Հովսեփյան, Արեւշատ Ավագյան, Արմեն Մարտիրոսյան, Գառնիկ Անանյան։ Ա. Մարտիրոսյանը, Գ. Անանյանն ու Հրանտ Մաթեւոսյանը հանեցին իրենց թեկնածությունները։ Երբ Հրանտ Մաթեւոսյանն ասաց, որ հանում է իր թեկնածությունը, փայլատակող դեմքով Ա. Ափինյանը, թե՝ էդ պարզ էր։ Ապա սկսվեց թեկնածուների գովքը։ Ա. Ափինյանին ձոներ էին ուղղում զառամյալության եւ ծերունական մարազմի բոլոր ախտանիշերն ունեցող գրողները, որպես թեկնածուի արժանիք հիշատակելով միայն նրա «բիզնեսմենի նյուխը», «հովանավորներ ճարելու շնորհքը», ու նրա տված խոստումները, որոնք որեւէ ստեղծագործական խթան չէին պարունակում, այլ միայն՝ նյութական։ Այսքանից հետո անկարելի է չխոստովանել, որ մեր գրողները կազմում են քաղցած, իրենց խիղճն ու ձիրքը մի կտոր հացի համար ծախած զանգված։ Ափսո՛ս ու ամո՛թ։ Ափինյանի «նախընտրական» ճառն ինքնին հիշեցնում էր բացահայտ ընտրակաշառք։ Յուրաքանչյուր նախադասությունն իրենից ներկայացնում էր ողորմություն շպրտելու խոստում. «Ծաղկաձորում 12 օրվա փոխարեն՝ 24 օր կհանգստանաք։ Սեւանի հանգստյան տնից նամշահոտ է գալիս, կմաքրեմ։ Հրանտ Վարդանյանի ու Ջոն Բալյանի հետ ծրագրեր եմ սկսում…»։ Բիզնես-պլաններ ներկայացնելու Ափինյանի ջանքերն ուղեկցվում էին քաղցածների հիացական ծափերով։ Իսկ նրանք, ում արժանապատվությունը հերիքում էր այս ամոթալի եւ ստորացուցիչ վիճակին չհամակերպվելու, ընդդիմացան։ Ալվարդ Պետրոսյանը չդիմացավ. «Դե բավակա՛ն է։ Ամո՛թ է։ Դա ծրագիր չէ, այլ ընտրակաշառք։ Գրողների միությունը ստեղծագործակա՛ն միություն է, մի՛ աղավաղիր»։ Լիզա Ճաղարյանն էլ առաջարկեց Ա. Ափինյանին վարչապետ կամ գոնե սոցապ նախարար նշանակել։ Ափսոս չէ՞ նրա՝ սովածներին կշտացնելու շնորհքը։ Բայց խելագարված ամբոխներն անկառավարելի են, իսկ սովածները՝ առավել եւս։ Ցավալի էր, որ նրանք, ովքեր ամբիոն էին բարձրանում՝ Ափինյանին պաշտպանելու եւ թվարկելու՝ փող ճարելու ու սարքելու նրա շնորհքները, չէին մոռանում իրենց խոսքի մեջ նշել Լեւոն Անանյանի տաղանդը, ազնվությունը, գրական ճաշակը, մարդկային որակներն ու մարդկանց հետ աշխատելու բնատուր շնորհքը։ Նշում էին, ապա թե՝ բայց այս պահին կարեւոր է, որ Ափինյանը շարունակի իր սկսած գործը։ Ոչ մեկին չէր հուզում Ափինյանի՝ ով լինելը։ Դեռ ավելին, Գարուն Աղաջանյանը պարզորոշ հայտարարեց. «Մեզ այսօր պետք չի ազնիվ ղեկավար, մեզ այսօր պետք չի նախագահ, մեզ պետք է ծառա, որ գա հիմքից ստեղծի Գրողների միությունը, սեւ գործն անի։ Մեզ պետք է Աբգար Ափինյանը»։ Տարօրինակ էր, որ այս խոսքերը շոյում էին Ափինյանի ականջները, նա ժպտում էր… Գուցե չէ՞ր ըմբռնում այս խոսքերի ողջ խորությունը։ Եվ զավեշտալի էր անգամ, որ երբ Մարինե Պետրոսյանը կոչ արեց ընտրել Գրողների միության այս թունավոր մթնոլորտից հեռու կանգնած Լ. Անանյանին, որ նա գա ու մաքուր ոգի բերի իր հետ գրողական միջավայր, բոլորը փարիսեցիաբար սկսեցին պնդել, թե Գրողների միությունում ամեն ինչ OK է, ոչ մի թունավոր միջավայր էլ չկա։ Կարծես թե կույր ու խուլ էին բոլորը, կարծես թե չէին տեսնում ու չէին լսում, թե ինչպես են միմյանց խայթում, հարվածում, հայհոյում եւ սպառնում ներկաները, մարդիկ, ովքեր կոչված են կերտելու ազգիս գաղափարական էությունը, դաստիարակելու եւ քարոզելու բարոյականություն, սեր եւ նվիրում՝ արվեստին ու գրականությանը։ Ու հազար անգամ ճիշտ էր Թադեւոս Տոնոյանը, որ կոչ էր անում նամշահոտից ու գաղջից մաքրել ոչ թե հանգստյան տան պատերը, այլ այս մթնոլորտն ու միջավայրը։ Այսօր ՀԳՄ-ում կշարունակվի տասնմեկերորդ խայտառակ համագումարը եւ կընտրվի ՀԳՄ նոր նախագահը։ Ի վերջո, պարզ կդառնա՝ մնացե՞լ է մեր գրողների մեջ գեթ մի կաթիլ արժանապատվություն եւ մի կաթիլ արդարադատություն, թե՞ նրանք բոլորը ծախվեցին Ծաղկաձորում 10 օր ավելի հանգստանալու ու մի փոր հաց ավելի ուտելու խոստումներին։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ Հ. Գ. Այն պահերին, երբ ինձ բռնում էի մտքի վրա, որ զվարճանում եմ այս զզվելի, խայտառակ «բազարին» նայելիս, քիչ էր մնում թողնեի ամեն ինչ ու մի կուշտ լաց լինեի։ Այնքա՜ն խորն էր հիասթափությունը ալեզարդ ու գոնե տարիքի համար հարգանքի արժանի այդ մարդկանցից, եւ այնքա՜ն ցավալի էր գիտակցելը, որ հենց իրե՛նք են իրենց պահվածքով թույլ տալիս լրագրողներիս նման անհարգալից տոնով արտահայտվել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել