Լրահոս
Օրվա լրահոսը

Չե՞ն կարող, թե՞ չեն ուզում պայքարել կոռուպցիայի դեմ

Մայիս 19,2001 00:00

Չե՞ն կարող, թե՞ չեն ուզում պայքարել կոռուպցիայի դեմ Բարեկամիս՝ որպես կոմերիտական ակտիվիստի, 1926թ. Երեւանից գործուղում են Արտաշատի շրջան՝ ոջիլի դեմ պայքարի քարոզչություն տանելու համար։ Տարեց գյուղացիներին հավաքելով մի հարուստի տանը՝ նա բացատրում եւ համոզում է, որ կյանքի պայմանները լավացել են ու դժվար չի լինի օճառ գնել, ջուր տաքացնել, շորեր լվանալ եւ հաճախակի լողանալով՝ ոջիլը վերացնել։ Քարոզի վերջում բոլորը համոզվում են, ասելով, որ լսածները հասկանալի են ու դժվար չէ կատարել։ Միայն տանտերը դիմում է բարեկամիս՝ հարցնելով. «Ընկեր Խաչիկ, ախր աստված ոճիլը ստեղծիրի մարդու խամար, բա մարդ առանց ոճիլի ի՞նչ թար կապրի»։ ԱԺ որոշ պատգամավորներ եւ որոշ իշխանավորներ կոռուպցիայի դեմ պայքարի իրականացման մասին ունեն նույն պատկերացումը, ինչ-որ Արտաշատի գյուղացին, քանզի կարծում են, որ կոռուպցիան կվերանա մարդկության վերացման հետ միասին։ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանը ԱԺ նիստում պատասխանելով պատգամավորի հարցին՝ ասաց, որ մոտ 25000 մարդ պետք է բանտարկենք, որպեսզի կարողանանք վերացնել տարեկան 50 մլն դոլարի հասնող էլեկտրաէներգիայի թալանը, որին «լույսի մարդիկ» անվանում են «գերնորմատիվային կորուստներ»։ Դժվար է ասել, թե բացի 50 մլն դոլարի հասնող թալանից (որը իրականացվում է բաշխիչ ցանցեր փաստաթղթերով մուտքագրված էլեկտրաէներգիայի քանակից), էլի քանի՞ միլիոն դոլարի էլեկտրաէներգիա է թալանում բաշխիչ ցանցերի մաֆիան՝ գործարքի մեջ մտնելով էլեկտրաէներգիա արտադրող կայանների եւ բարձր լարման ցանցերի մաֆիաների հետ։ Զարմանալի է, որ 25000 մարդ բանտարկելու առաջարկությունից մոտ 2 շաբաթ առաջ նույն Վարդան Խաչատրյանը ԱԺ-ում ասում էր, որ բաշխիչ ցանցերի վաճառքի միջոցով կարելի է վերացնել թալանը էներգետիկայի բնագավառում։ Հետաքրքիր է. թե Արեւմուտքի ֆիրմանե՞րն էլ մեր բաշխիչ ցանցերը գնելուց պետք է բանտարկեն 25000 մարդու, թե՞ նրանք կոռուպցիայի դեմ պայքարելու ուրիշ մեթոդ ունեն, որն անհայտ է մեր պետական չինովնիկներին կամ էլ հայտնի է, բայց չեն ուզում կիրառել։ ՄԵԼԻՔ ԽԱՉՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել