Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԼՄ-ներին թույլ տվեք կասկածել

Մայիս 22,2001 00:00

ԶԼՄ-ներին թույլ տվեք կասկածել Երկու օր շարունակ «Հրազդան» հյուրանոցը տրամադրվել էր լրագրողներին եւ դատավորներին, որոնք քննարկեցին «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը եւ մամուլին առնչվող դատական պրակտիկան Հայաստանում» հարցը։ Համատեղ սեմինարի կազմակերպիչներն էին Երեւանի մամուլի ակումբը, «Ֆեմիդա» հասարակական կազմակերպությունը, Ֆ. Էբերտի անվան հիմնադրամը, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ Տեղեկացնեմ, որ զեկուցողներից էին նաեւ Հայաստանում գտնվող ԵԽ լրատվամիջոցների բաժնի ադմինիստրատոր Փալ Թորալսոնը եւ Նիդեռլանդների Ցվոլայի տարածքային դատարանի փոխնախագահ Էրնո Մելսեն։ Փալ Թորալսոնը, որն անդրադարձավ ԶԼՄ-ների եւ արդարադատության հարաբերությունների եվրոպական չափանիշներին, նշեց, որ արդարադատությունը մշտապես զգում է ԶԼՄ-ների կարիքը եւ, որ ԶԼՄ-ներին հնարավորություն պիտի տրվի կասկածել։ Նա անդրադարձավ կոնկրետ գործերի, որտեղ ազատ արտահայտվելու իրավունքը հակասության մեջ էր մտել արդարադատություն իրականացնող մարմինների կողմից։ Բավական հետաքրքիր էր Էրնո Մելսենի զեկույցը («Ինչպես հավասարակշռել մամուլի ազատությունն ու արդար դատավարության իրավունքը»)։ Նա ներկայացրեց Հոլանդիայի դատական համակարգն ու դատամատչելիության սահմանները։ Մեր հյուրն աչքի ընկավ անսովոր բացախոսությամբ (ինչն, ի դեպ, հատուկ չէր մեր դատավորներին)։ Ի՞նչն է ուսանելի Հոլանդիայում. լրատվամիջոցների գործունեության համար նախապայմաններ ստեղծելը, աշխատանքային ավանդույթները (ինչպես նկատեց «Ֆեմիդայի» նախագահ Ջուլիետա Ամիրխանյանը. «Մենք չունենք պրոֆեսիոնալ փորձ անցյալից եկած»)։ Հոլանդիայում ԶԼՄ-ները օժտված են փաստաթղթերով։ Դատալսումը կարող է լինել նաեւ փակ եւ սակայն վճիռը՝ հրապարակային։ ԶԼՄ-ները իրավունք չունեն, ըստ մեր հյուրի, հրապարակել կասկածյալների անունները եւ, եթե լրատվամիջոցը շեղվում է վարքագծի կանոններից (որ իրենք՝ լրագրողներն են ընդունել), այն կարող է ենթարկվել տույժի։ Պրն Մելսոնը տեղեկացրեց, որ դատաքննության ընթացքում «անշարժ պետք է մնա» տեսախցիկը, եթե կասկածյալը կամ մեղադրյալը դա չեն կամենում (մեզանում հատկապես քրգործի դատաքննության ժամանակ ոչ ոք կարծես հաշվի չի նստում մեղադրյալի այսօրինակ իրավունքի հետ)։ Մեր հյուրը հայ լրագրողներիս նախանձը շարժեց հատկապես այն ժամանակ, երբ տեղեկացրեց, որ իրենց դատարաններում կան «մամուլի սենյակներ», որոնք հագեցված են կապի տեխնիկական միջոցներով, ուր լրատվամիջոցը կարող է ստանալ տեղեկատվական բնույթի փաստաթղթեր՝ քննվող գործի հետ առնչվող։ Մեզանում դատավորներ կան, որոնք խորհրդակցական սենյակ անգամ չունեն, վկաներն ու փաստաբանները՝ սպասասրահ եւ աշխատասենյակ, ամբաստանյալներն էլ հաճախ պահվում են այն դահլիճներում, ուր այդ պահին մեկ այլ նիստ է ընթանում։ Եվ մամուլի սենյակ ունենալը երազ է առաջիկա 10 տարիների համար։ «Առավոտի» այն հարցին, թե վկայի իրավունքներն ինչպես է պաշտպանվում, պրն Մելսոնը պատասխանեց, որ քրեական գործերի դեպքում իրենց մոտ գործում է մի օրենք, ըստ որի, վկան «անանուն ցուցմունք» կարող է տալ։ Հետաքրքիր է, որ իրենց դատարաններում դետեկտոր սարքեր չկան, հատուկ ապակիներով են պաշտպանված դատավորները եւ, որ դատավորների 50%-ն էլ կանայք են։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել