Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրորդ համաշխարհայինում տարած հաղթանակի եւ Շուշի քաղաքի ազատագրման օրվա կապակցությամբ Հ. Ալիեւը դիմ

Մայիս 25,2001 00:00

Ո՞վ պետք է պատասխանի Հեյդար Ալիեւի հոխորտանքներին Երկրորդ համաշխարհայինում տարած հաղթանակի եւ Շուշի քաղաքի ազատագրման օրվա կապակցությամբ Հ. Ալիեւը դիմել է Ադրբեջանի ժողովրդին՝ հայտարարելով, որ Ադրբեջանը ետ կվերցնի Շուշի քաղաքը՝ ոչնչացնելով նրա զավթիչներին։ Շուշին Արցախի հայկական հնագույն բնակավայրերից է։ Այն գտնվում է միջին բարձրության բլրահարթակի վրա՝ երեք կողմից եզրագծված խոր կիրճերով։ Բնական այդպիսի բարենպաստ պայմանների շնորհիվ Շուշին տակավին 18-րդ դարում պարսպապատվում է եւ դառնում Արցախ աշխարհի անմատչելի բերդաքաղաք։ Մինչեւ 19-րդ դարի սկիզբը Շուշին եւ Արցախի երկրամասը եղել են Պարսկաստանի տիրապետության տակ։ 18-րդ դարի կեսերին Փանահ խանը իրեն հռչակեց համայն Ղարաբաղի խան։ Ավելի ուշ Իբրահիմ խանը ստորագրել է 1905թ. մայիսի 14-ի տրակտատը, որով Ղարաբաղը 16 հազար քառ. կմ տարածքով անցավ ռուսական գերիշխանության տակ։ 19-րդ դարի կեսերից Շուշին եղել է տնտեսական, առեւտրային եւ մշակութային նշանավոր կենտրոն։ Այստեղ կային մի քանի աշխարհիկ եւ հոգեւոր դպրոց, լույս էին տեսնում 21 անուն թերթ եւ ամսագիր, որոնցից 19-ը՝ հայերեն, 2-ը՝ ռուսերեն լեզուներով։ Բնակչության ընդհանուր թիվը կազմում էր շուրջ 40 հազար մարդ, որից 35 հազարը՝ հայեր, մնացածը՝ ռուսներ եւ ադրբեջանցիներ։ 1920թ. թուրքական եւ մուսաֆաթական զորքերը ներխուժում են Շուշի, հրկիզում հայկական թաղամասերը, կոտորում եւ թալանում հայերին։ Անդրկովկասում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո Լեռնային Ղարաբաղը ինքնավար մարզի կարգավիճակով մտցվում է Ադրբեջանի կազմի մեջ։ Ադրբեջանի ղեկավարությունը ամեն ինչ արեց Շուշին ադրբեջական քաղաք դարձնելու համար. հետեւողականորեն քանդեց եւ ավերեց հայկական հուշարձանները, ավելին՝ 60-ական թվականների վերջերին Շուշին ընդարձակելու հիմնավորմամբ սկսեցին քանդել նաեւ հայկական գերեզմանոցը, իսկ ադրբեջանական մամուլը արձագանքեց «Մեռածները խանգարում են ապրողներին» վերնագրով հոդվածներով։ 1959-79թթ. հայ բնակչության տեսակարար կշիռը Շուշիի շրջանում 26,2%-ից իջավ 18%-ի։ Նկատի ունենալով Շուշի քաղաքի գերիշխող ռազմավարական դիրքը՝ այժմ Ադրբեջանի ղեկավարությունը Արցախի խնդրի կարգավորման նախապայման է համարում զավթիչներին ոչնչացնելով՝ ետ վերցնելը Շուշին։ Հարց է ծագում՝ ո՞վ պետք է պատասխանի Հ. Ալիեւի այս հոխորտանքներին։ Գ. ԱՎԱԳՅԱՆ Հ. Գ. Օգտակար կլինի այս բ ովանդակությամբ տեղեկությունները թարգմանվեն եւ հաղորդվեն ադրբեջաներեն եւ թուրքերեն լեզուներով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել