Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ Գեղարքունիքի մարզից Մարտունու տարածաշրջանը առանձնացնելու եւ Մարտունի կենտրոնով առանձին մարզ ստեղծ

Մայիս 26,2001 00:00

Մարտունին ՀՀ միջնաբերդն է ՀՀ Գեղարքունիքի մարզից Մարտունու տարածաշրջանը առանձնացնելու եւ Մարտունի կենտրոնով առանձին մարզ ստեղծելու մասին Բաց նամակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանին, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին: Իբրեւ ժողովրդավարական եւ իրավական պետության կերտման կարեւորագույն պայման, 1995թ. դեկտեմբերի 4-ի «Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին» օրենքը ընդունել է հասարակության պետական կառավարման մարզային եւ համայնքային ինքնակառավարման համակարգ։ Վարչատարածքային միավորումը ձեւավորվում է ժամանակի ընթացքում, որոշակի տարածության վրա եւ ստանում է բնական-բանական վիճակ, երբ հաշվի են առնվում տարածաշրջանի աշխարհագրական դիրքն ու մեծությունը, բնակչության քանակը, նրա ազգագրական առանձնահատկությունները, սահմանակից հարեւանները, բնական հարստությունները, զարգացման տնտեսական աստիճանը, ինչպես նաեւ՝ տնտեսական ու առեւտրային փոխկապակցվածության մակարդակը՝ հարեւան վարչատարածքային միավորումների հետ։ Հայաստանում վարչատարածքային բաժանման խորհրդային ժամանակաշրջանի փորձերը՝ երկրամասային, գավառային, գյուղարտադրական վարչությունների, մարզերի, նույնիսկ 2-3 գյուղերի միացումները կյանքում քննություն չեն բռնել, ուստի վերականգնվել է ապախոշորացված համակարգ։ Ներկայիս վարչատարածքային բաժանումը նույնպես կյանքում քննություն չի բռնում, քանի որ խախտված են վարչատարածքային միավորումների ձեւավորման էական շատ հատկանիշներ։ Այն չի նպաստում հասարակության մեջ պետության ճկուն քաղաքականության արմատավորմանը՝ օտարել է իշխանություն-ժողովուրդ կապը, ուստի եւ խանգարում է տնտեսության զարգացմանը ու խորացնում հասարակական-տնտեսական, ինչո՞ւ չէ՝ նաեւ քաղաքական ճգնաժամը։ ՀՀ Գեղարքունիքի մարզը ձեւավորելիս հաշվի չեն առնվել ռազմաստրատեգիական խաչմերուկ հանդիսացող Մարտունու տարածաշրջանի աշխարհագրական դիրքն ու մեծությունը։ Մարզը գրավում է 5,3 հազ. քառ. կմ տարածություն, իսկ Մարտունու տարածաշրջանը՝ 1,185 հազ. քառ. կմ, մարզի բնակչության թիվը 2000թ. տվյալներով 244 հազար մարդ է, որից Մարտունու տարածաշրջանինը՝ 92151 մարդ։ Հաշվի չեն առնվել նաեւ տնտեսական զարգացման բավարար բնական եւ ժողովրդագրական նախադրյալները։ Գեղարքունիքի մարզը աշխարհագրորեն ծավալուն է, մարզկենտրոնը տարածաշրջանում չի գրավում կենտրոնական դիրք։ Ծայրամասային համայնքները գտնվում են մարզկենտրոնից 100-150 կմ հեռավորության վրա։ Առկա ճանապարհների ու հաղորդակցության միջոցների վիճակը հնարավորություն չի ընձեռում իրագործել գործուն կապ համայնքների հետ եւ ապահովել օպերատիվ կառավարում։ Մարզային վարչական ապարատի պահպանության ու սպասարկման ծախսերի տեսակետից էլ այն հիմնավորված չէ՝ գործում են մի շարք տարածաշրջանային, ապա մարզային կառույցներ, որոնց ֆունկցիաները նույնն են եւ ուղղակիորեն ծանրացնում են հարկատուներիս վիճակը։ Սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի, տնտեսվար ու հոգացող կառավարման բացակայության պատճառով երբեմնի ծաղկուն Մարտունու տարածաշրջանը, որը 1930-ի վարչատարածքային բաժանմամբ ձեւավորվել էր իբրեւ շրջան՝ զարգացած արդյունաբերությամբ ու գյուղատնտեսությամբ, բարեշեն ավաններով ու շեներով՝ ծվարած գեղատեսիլ Սեւանի հարավային ափին, այսօր կողոպտված ու թալանված՝ անապատի վերածվելու վտանգի առաջ է կանգնած։ Չկան աշխատատեղեր, իրեն չի արդարացնում գյուղատնտեսությունը, խաթարվել է հասարակության բնականոն կյանքը։ Իր բնօրրանի հետ պատմական հիշողություններով կապված մարտունեցին կորցրել է հավատը ապագայի նկատմամբ, նա հուսահատ ելք է փնտրում, ահագնանում է արտագաղթը, իսկ չէ՞ որ Մարտունու տարածաշրջանը Հայաստանի Հանրապետության միջնաբերդն է եւ հարավ-արեւելքից՝ Արցախ աշխարհի պատվարը։ Ինչպես հանրապետության, այնպես էլ Մարտունու տարածաշրջանի ողջ բնակչությունը Հայաստանը հզոր, զարգացած արդյունաբերությամբ ու գյուղատնտեսությամբ, մշակույթով, գիտությամբ, կրթությամբ ու առողջապահությամբ երկիր դարձնելու գործընթացում առաջին քայլերից մեկը համարում է վարչատարածքային կառավարման բարեփոխումը։ Վերադարձնելով Մարտունու տարածաշրջանի կառավարման միասնական ձեւը, մենք հնարավորություն կունենանք կենտրոնացնել մեր ներուժը եւ մոտ ապագայում՝ ա) վերականգնել կործանված գյուղատնտեսությունը, բ) վերագործարկել տեղական հումքի բազայի վրա աշխատող ձեռնարկությունները, գ) լուծել սոցիալ-տնտեսական մի շարք հիմնախնդիրներ, դ) կանխել արտագաղթը եւ վերականգնել մարդկանց հավատը իշխանությունների ու վաղվա օրվա նկատմամբ։ Մարտունու տարածաշրջանի շուրջ 100 հազար բնակչությունը խնդրում եւ պահանջում է Ձեզանից հարգել մեր իրավունքները եւ Մարտունու տարածաշրջանը առանձնացնել Գեղարքունիքի մարզից եւ կազմել առանձին մարզ՝ Մարտունի կենտրոնով։ Մարտունու տարածաշրջանի բնակչության անունից՝ նախաձեռնող խումբ 13 ստորագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել