Լրահոս
Օրվա լրահոսը

Սկսվեցին

Հունիս 19,2001 00:00

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԿՏՐԱՄԱԴՐՎԵՆ Սկսվեցին այցելությունները մեկուսարաններ «Հոկտեմբերի 27»-ի գործի քննության ընթացքում մեղադրյալների, ինչպես նաեւ՝ ամբաստանյալների պահպանությունն իրականացնող մարմինների գործունեության օրինականությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երեկվա դռնփակ նիստին մասնակցում էր գլխավոր դատախազ Արամ Թամազյանը։ Իր մասնակցությունը նա բնորոշեց խորհրդակցական բնույթի եւ ասաց, թե օրենսդրությանն առնչվող ինչ-ինչ հարցեր են քննարկվել։ Հիմնական հարցը վերաբերել է անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրման կարգին։ Ի դեպ, գլխավոր դատախազի հետ նիստին մասնակցում էր նաեւ դատախազության վարչության պետերից գեներալ Վարդանյանը, որը զբաղվում է կալանավայրերի վերահսկողությամբ։ Գլխավոր դատախազը չուզեց մեկնաբանել ժամանակավոր հանձնաժողովի առաջարկը՝ ամբաստանյալին ԱԱ մեկուսարանից ՆԳ մեկուսարան տեղափոխելու մասին։ Նա բավարարվեց չեզոք պատասխանով. «Քրդատավարական օրենսգրքի 141 հոդվածի 8-րդ կետի համաձայն, ամբաստանյալին մեկ մեկուսարանից մեկ այլ մեկուսարան տեղափոխելու իրավասությունը դրված է վարույթն իրականացնող մարմնի վրա, տվյալ դեպքում՝ դատարանի լուծելու խնդիրն է»։ Նկատի ունենալով, որ ԱԺ-ի կողմից կայացրած որոշումները դատախազական մարմինների կողմից չեն վիճարկվում, որ դրանց՝ օրենքին չհամապատասխանելու դեպքում վիճարկվում են ՍԴ-ում, եւ, որ պրն գլխավոր դատախազը չէր ցանկանում իր եւ հանձնաժողովի հանդիպումը շահարկման նյութ դարձնել, հրաժարվեց մեկնաբանություններ անել եւ իր անձնական կարծիքը հայտնել ամբաստանյալին տեղափոխելու հարցի վերաբերյալ։ Գլխավոր դատախազը կարծիք չհայտնեց նաեւ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման եւ աշխատանքի մասին, պատճառաբանելով, թե գլխավոր դատախազությանը հանձնաժողով ստեղծելու մասին որոշումը եւ կանոնակարգը բավականին ուշացումով է տրվել (ճշտեցին, որ ընդամենը երեկ են ստացել- Մ. Ե.)։ Գլխավոր դատախազն ի՞նչ տեղեկություն ունի «Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված մասով ընթացող նախաքննության մասին. «Նախաքննությունը շարունակվում է, ես կուրսի մեջ եմ։ Որոշակի քննչական գործողություններ կատարվում են»։ «Առավոտի» հարցին՝ ե՞րբ կավարտվի նախաքննությունը, դատախազը գրեթե չպատասխանեց, ասելով, թե դա ավելի կոնկրետ հարց է, եւ այս պահին ինքը չի կարող պատասխանել։ Գլխավոր դատախազը պատրա՞ստ է համագործակցել «27»-ի գործով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի հետ. «Ե՛վ ԱԺ-ի կանոնակարգը, ե՛ւ որեւէ օրենք դատախազին չի պարտադրում՝ ԱԺ-ի հանձնաժողովում, կամ ժամանակավոր հանձնաժողովում մասնակցի կամ հաղորդում տա։ ԱԺ-ն վերահսկողական ֆունկցիա ունի կառավարության նկատմամբ, կառավարության անդամների նկատմամբ։ Եթե կառավարության անդամները, նախարարները ներկա են լինում, պարզաբանումներ են տալիս, դա լրիվ կանոնակարգված է, իսկ դատախազը կառավարության կազմի մեջ չի մտնում, հետեւաբար, ԱԺ-ն վերահսկողական ֆունկցիա չունի նրա նկատմամբ»։ Մի շարք հարցերի պարզաբանման հետ կապված, գլխավոր դատախազը մատնանշեց ԱԺ-ի իրավաբանական ծառայությունը։ Ժամանակավոր հանձնաժողովն իր հերթին որոշեց սկսել այցելությունները մեկուսարաններ, ստեղծվեց հինգ աշխատանքային խումբ, յուրաքանչյուրում՝ երկուական անդամ եւ մեկ փորձագետ։ Հանձնաժողովի նախագահը եւ տեղակալն ազատ են այս կամ այն խմբի հետ այցելելու համար, իրենք՝ խմբերի անդամները, եւս ազատ են այլ խմբերի հետ այս կամ այն մեկուսարանում լինել։ «Կայունություն» խմբից Հակոբ Հակոբյանը լրագրողների համար պարզաբանեց, որ «ազատ ռեժիմ է, ով որտեղ ուզում է, թող գնա։ Առայժմ, այսպես, եթե հաջորդ նիստի ժամանակ մենք տեսնենք, որ բոլորս գնացել ենք մի տեղ, մնացած տեղերը բաց են մնացել, միգուցե կկանոնակարգենք դա»։ Հանձնաժողովը որոշեց, որ յուրաքանչյուր խումբ պետք է փորձագետ ունենա։ Իսկ այն փորձագետը, ում անձի դեմ առարկություն կլինի, չի ընդգրկվի աշխատանքային խմբում։ Այս որոշմանը «կողմ» է քվեարկել հանձնաժողովի յոթ անդամ, «դեմ» են քվեարկել ՀԺԿ-ն, ՀՀԿ-ն եւ «Հայաստանը» ներկայացնող անդամները։ Փորձագետները զրկված են լինելու հայտարարություններ անելու եւ տեղեկություններ հաղորդելու իրավունքից։ «27»-ի ժամանակավոր հանձնաժողովի որոշումը՝ Նաիրի Հունանյանին ԱԱ մեկուսարանից ՆԳ մեկուսարան տեղափոխելու մասին, ի սկզբանե հակադարձվեց արդարադատության նախարարի կողմից, թեպետ որոշում կայացնողը ոչ թե նա է, այլ՝ գործը վարող դատավորը։ Փաստորեն, առկա է կանխակալ կարծիք։ Հանձնաժողովի անդամ Գրիգոր Հարությունյանը գտնում է, որ իրենք ցանկանում էին դատավորին ներկայացնել ինչ-որ չափով հավաքական կարծիք. «Իսկ եթե ոմանք շտապում են, հանձնաժողովին գնահատականներ են տալիս, որը, ինչ խոսք, վարկաբեկում է հանձնաժողովին, հիշեցնեմ, որ հանձնաժողովին ցանկանում էին վարկաբեկել դեռեւս այն ժամանակ, երբ դեռ հանձնաժողովը գոյություն չուներ»։ Պրն Հարությունյանն ասաց, որ իրենք ոչ մի նպատակ չունեն ճնշում գործադրել դատավորի վրա, եւ դատավորն ինքը պետք է խնդիրը որոշի։ Ի դեպ, դատավորը կարող է պատասխանել մեկ ամսվա ընթացքում։ Օրինական է նաեւ այն, որ դատավորը կարող է ընդհանրապես չպատասխանել։ Հանձնաժողովը միաձայն ընդունեց հայտարարություն այն մասին, որ գործին առնչվող ցանկացած տեղեկություն հասարակության անդամները կարող են հայտնել հանձնաժողովին։ Հաջորդ նիստը տեղի կունենա չորեքշաբթի։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել