Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԹԵ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՉՈՒԶԵՆԱ

Հուլիս 17,2001 00:00

ԵԹԵ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՉՈՒԶԵՆԱ «1918- 1920 թթ. մեր կորուստների պատճառներից մեկն էլ այն էր, որ աշխարհի հետ չկարողացանք աշխարհի լեզվով խոսել»,- «Արմատի» ներկայացուցիչ Ստեփան Գրիգորյանն այս միտքն արտահայտեց քաղաքագետ Հ. Գալստյանի, Է. Եգորյանի անվան ստրատեգիկ հետազոտությունների կենտրոնի եւ Ֆ. Էբերտի անվան հիմնադրամի կազմակերպած սեմինարի ընթացքում։ Պրն Գրիգորյանի վերլուծությամբ, օրինակ. «Հայ Դատ» հասկացությունը միջազգային փաստաթղթերում չկա, կան «Ինքնորոշում» եւ այլ հասկացություններ։ Այդ պատճառով էլ մեզ առաջարկված 75 հազար քառ. կմ տարածքից 29 հազարը մնաց։ Ս. Գրիգորյանի կարծիքով, եթե հիմա էլ չկարողանանք աշխարհի հետ աշխարհի լեզվով խոսել, տանուլ կտանք Ղարաբաղի հարցը։ Քննարկման մասնակիցները միասնական Կովկասի (եթե կայանա այն) զարգացման ուղին կապեցին կամ Ռուսաստանի, կամ Արեւմուտքի հետ։ Ստեփան Գրիգորյանի դիտարկմամբ, Ռուսաստանի տնտեսական այսօրվա վիճակը ծանր է, բյուջեն հավասար է Լոս Անջելեսի բյուջեին, ուստի պարզ է, որ Ռուսաստանը լիովին չի կարող իրադրությունը հսկել թե՛ Չեչնիայում, թե՛ Կովկասում։ Ուստի, պրն Գրիգորյանի հետեւությունն այն է, որ Ռուսաստանին ձեռնտու չէ, որ Կովկասը կայուն միավոր դառնա եւ պրովոկացիաներ չի անի, բայց անվտանգության ամրապնդման դեմ ինչ-ինչ քայլեր կանի։ Իսկ «Մտավորական Հայաստան» կուսակցության ղեկավար Հովհաննես Թոքմաջյանը համաձայն չէ այն տեսակետին, թե Հայաստանն այսօր էներգետիկայի բնագավառում մրցակից է Ռուսաստանին։ Ճիշտ հակառակը. «Հայաստանը կարող է ունենալ 100 անգամ շատ հզորություն, բայց դրա 1 տոկոսն էլ չի կարողանա օգտագործել, եթե Ռուսաստանը չուզենա, քանի որ սարքավորումներն են այնտեղից բերվում»։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել