Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքարկումները նվազել են

Հուլիս 31,2001 00:00

Բողոքարկումները նվազել են Հանրապետական ընդունող հանձնաժողովում պնդում են, որ միայն ՀԸՀ նախագահ, ԿԳ նախարար Էդուարդ Ղազարյանը գիտի այն անկախ փորձագետների անունները, ովքեր ստուգում են ՀԸՀ բողոքարկած դիմորդների քննական աշխատանքները։ Ու այս գաղտնապահությունը իբրեւ թե փորձագետներին ճնշումներից զերծ պահելու նպատակով է։ Սակայն նույնիսկ մենք որոշ փորձագետների անուններ գիտենք, այնպես որ, դրանք այնքան էլ գաղտնի չեն, ինչպես քննություններին առնչվող ցանկացած իբրեւ թե գաղտնի տեղեկություն, որոնք իրականում հասանելի են նրանց, ում պետք է։ Նախորդ տարվա համեմատ ՀԸՀ բողոքարկողների թիվը նվազել է մի քանի անգամ։ Սակայն սա, իհարկե, հանձնաժողովների լավ աշխատանքի ցուցանիշ չէ, ու նման խաղաղությունը շատ ավելի կասկածելի է։ Ավելի հավանական է այն տեսակետը, որ ընդունելության համակարգում չարաշահումների համակարգն այնպիսի կատարելության է հասել, որ գրեթե անտեսանելի է համակարգից դուրս հայտնված դիտորդների համար։ Երեկվա դրությամբ ՀԸՀ ամենից շատ բողոքարկել են հայոց լեզու առարկայից. մոտ 24 բողոքարկում է եղել, որից 5-ի գնահատականը փոխվել է՝ բարձրանալով մեկ միավոր։ Թեեւ, ի տարբերություն հայոց լեզվի, մաթեմատիկայից քննություն հանձնողների թիվը շատ ավելի է այս տարի, սակայն ընդամենը 5 բողոքարկում կա։ Մեկ բողոքարկում կա ֆրանսերենից, ընդ որում՝ արդյունքում 18 միավորը դարձել է 19, 7 բողոքարկում ֆիզիկայից կա, երեքը՝ անգլերենից։ Վերջին երկուսի դեպքում գնահատական չի փոխվել, իսկ քիմիայից երեք բողոքարկում է եղել, որից մեկի դեպքում անբավարար՝ 7 միավոր գնահատված աշխատանքը դարձել է բավարար՝ 8 միավոր։ Քիմիայի քննությանն առնչվող մի աննախադեպ իրողություն էլ՝ մեկ քսան միավոր է արդեն արձանագրվել, ինչը հատուկ չէ այս առարկային։ 20 միավոր գնահատվել է 2-րդ տարբերակով քննություն հանձնող դիմորդներից մեկը, իսկ 1-ին տարբերակով՝ դարձյալ 20 միավոր չկա։ 20 միավոր չի արձանագրվել նաեւ ընդհանուր պատմություն, աշխարհագրություն եւ ստեղծագործական մրցույթ առարկաներից։ Գերազանց՝ 19-20 միավորների առատությամբ աչքի են ընկնում գերմաներեն գրավոր (1-ին տարբերակ՝ 74%, 2-րդ տարբերակ՝ 60%), անգլերեն գրավոր (1-ին տարբերակ՝ 34%), ռուսաց լեզու գրավոր (25%), ֆրանսերեն գրավոր (1-ին տարբերակ՝ 55%, 2-րդ տարբերակ՝ 42%), պարսկերեն գրավոր (78%) քննությունները։ Իսկ անբավարարների թվով առաջատարը հայժող պատմություն (21%), հայոց լեզու եւ գրականություն (35%), ընդհանուր պատմություն (22%), ռուսաց լեզու գրավոր (33%), քիմիա (2-րդ տարբերակ՝ 53%) եւ ֆիզիկա (1-ին տարբերակ՝ 21%, երկրորդ տարբերակ՝ 28%) առարկաներն են։ Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 21-29-ի տվյալներով քննություն է հանձնել 9879 դիմորդ, որից 16%-ը 19-20 միավոր է ստացել, 13%-ը՝ անբավարար։ Ն. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել