Լրահոս
Օրվա լրահոսը

Հատկապես

Օգոստոս 16,2001 00:00

«ԽՆԱՅԵՑԵՔ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ» Հատկապես դպրոցի տնօրեններին Վանաձորի այսօրերի մշակութային ցուցապաստառների վրա գրված է. «Խնայացեք տղամարդկանց»։ Եթե չհասցնենք էլ հետեւել սույն կինոնկարի ցուցադրմանը, ապա ոչինչ չենք կորցնի, քանզի մեկ այլ «հրապարակային» կինոնկարի ականատեսն էլ ենք մենք. դպրոցների տղամարդ տնօրենների դատաքննությունների։ Օգոստոսի 10-ին աշխատանքից հեռացված Վանաձորի թիվ 9 դպրոցի տնօրեն Գագիկ Խաչատրյանի հայցը մերժվեց։ Եվ նա աշխատանքում իրեն վերականգնելու հարցը կվիճարկի մարզից դուրս, այս անգամ երկրորդ ատյանի դատարանում՝ ՀՀ տնտեսական-քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանում։ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը պարապ չի մնա նաեւ նախկին թիվ 1 դպրոցի, ներկայումս Վազգեն Առաջին կաթողիկոսի անվան Վանաձորի կրթահամալիրի տնօրենի՝ Գագիկ Աթաբեկյանի դեմ մարզի դատախազության հայցի քննության հարցում եւս։ «Դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության նկատառումով կատարված» (ձեւակերպումն իրենցն է) ուսումնասիրությունների արդյունքում պարզվել էր, որ Վանաձորի քաղգործկոմը դեռ 1995թ. թիվ 9 որոշմամբ թիվ 1 դպրոցին հատկացրել էր Վարդանանց փողոցի թիվ 100 նախկին մանկապարտեզի շենքը։ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի հրամանով էլ թույլատրվել էր թիվ 1 միջնակարգ դպրոցի բազայի վրա հիմնել կրթահամալիր, որն էլ հայրենի կառավարության թիվ 464 որոշմամբ գրանցվել էր մարզային ենթակայության բյուջետային հիմնարկ։ Վերջինիս վերակառուցման նպատակով ծախսվել էր 65 մլն դրամ գումար (շնորհիվ «Հայաստան» հիմնադրամի, Գարեգին Առաջին կաթողիկոսի)։ Լոռու մարզի դատախազությունը «ճիշտ ժամանակին», այսինքն, կրթահամալիրի մասնաշենքի շինարարությունն ավարտելուց, այն շահագործման հանձնելուց հետո է գլխի ընկել, որ անվավեր է Վանաձորի քաղաքապետի 2001թ. թիվ 58 որոշումը (1696 քմ հողամաս են հատկացրել մշտական օգտագործման իրավունքով Գագիկ Աթաբեկյանին, որը նաեւ «Մաշտոց» կրթամշակութային կենտրոն կազմակերպության նախագահն է), կադաստրի կողմից «Մաշտոց» կազմակերպությանը սեփականության իրավունքի գրանցման վկայագիրը։ Դատախազությունը դատարանին դիմելով ակնկալում է նաեւ վերոնշյալ պաշտոնաթղթերն անվավեր ճանաչելուց հետո 64 մլն 866 հազար դրամ արժողության շենքը մարզպետարանի սեփականությանը հանձնել։ Տեղեկացնենք նաեւ, որ կրթահամալիրի տնօրեն Գագիկ Աթաբեկյանը, որը գիտության եւ կրթության նախարարության կողմից ճանաչվել էր «տարվա լավագույն տնօրեն», ազատվել է աշխատանքից մարզպետ Հ. Քոչինյանի հրամանով։ Որքան մեզ հայտնի է, Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Վ. Ղազարյանին միջնորդությամբ դիմելով՝ նախկին տնօրեն Գ. Աթաբեկյանը գրել է. «Վերոնշյալ ուսումնական մասնաշենքը երջանկահիշատակ Գարեգին Ա-ի ներդրումով կառուցել են Վանաձորի կրթահամալիրի համար, այլ ոչ թե անհայտ նկատառումներով՝ անօրինական կարգով կրթահամալիրը լուծարող Լոռու մարզպետի ծրագրերն իրականացնելու»։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել