Լրահոս
Օրվա լրահոսը

Արտավազդա վանքը կանչում է

Օգոստոս 16,2001 00:00

Արտավազդա վանքը կանչում է Փառավոր հոբելյանն էլ չօգնեց, որ 1700-ամյա հոյակերտ հրաշքը նորոգվի, շունչ առնի, վերապրի… իսկ հնամյա խաչքարերը մոլորվել են բակի խիտ թփերի ու մացառների լաբիրինթոսում… Հանքավանի ձորում գտնվող ավերակված եկեղեցու հոգեվարքի հառաչը լսելի է դեռ հեռվից… 4-րդ դարում կառուցված հոյաշեն կառույցի դարավոր լռությունը բողոքի ճիչ է դարձել. այն օրեօր քայքայվում է, օրեցօր խոնարհվում՝ ամաչեցնելով 1700-ամյա քրիստոնյա երկրի բնակիչներիս։ Անկրկնելի խաչքարերի կհանդիպեք ոչ միայն գետահայաց պատի մոտ, այլեւ շրջակա հսկա փշերի ու մոլախոտերի ճիրաններում։ Հարկավոր է եկեղեցու շուրջը մի քանի մետր շառավղով պտտվել՝ մոլորված ու խոտով պաշարված նոր խաչքարեր գտնելու համար։ Չնայած պատկառելի տարիքին՝ դրանց մեծ մասը կանգուն է ու անվնաս. այդքան հին ու այդքան կատարյալ խաչքարերի մեկ այլ տեղ չեք հանդիպի։ Եկեղեցին փոքր է, բայց խոսուն ու գերող։ Գմբեթից ոչինչ չի պահպանվել, կիսաքանդ պատերը հազիվ են դիմակայում չդադարող հողմերին, խոնավությանն ու մարդկային անտարբերությանը… Անմիջապես բակում շրջակա գյուղերի բնակիչները գերեզմաններ են կառուցել։ Եթե այս ոտնձգությունը սրբավայրի հանդեպ շարունակվի, որմնաքարերն ու խաչքարերը կտեղահանվեն ու գերեզմանաշինության գործին կծառայեն, ինչի ականատեսը եղանք մենք (ննջեցյալները մեղք չունեն, ողջերը պիտի ամաչեն)։ Առաջներում շրջակա գյուղերում թուրքեր ու հույներ են ապրել, այսօր այդ գյուղերը հայաբնակ են, նրանց հարկավոր է շեն ու կանգուն սրբատեղի եւ քրիստոնեական 1700-ամյա հայաբույր եկեղեցին կարող էր դառնալ բռնագաղթած հայերի դարձի սուրբ տունը, բայց փառավոր հոբելյանն էլ շրջանցեց այն… իսկ գուցե դեռ ուշ չէ՞, գուցե դեռ կարելի՞ է «չլսված ու չտեսնված» համերգներից մեկը զոհաբերել Աստծո տան փրկության գործին… Համարակալված որմնաքարերը վկայում են, որ ինչ-որ ժամանակ, ինչ-որ նվիրյալներ հետաքրքրվել են ճարտարապետական այս հրաշքով, իսկ հետո՞… Հետո ամեն տարի՝ ամռանը, շրջակա ճամբարների երեխաներին են ուղեկցել եւ ուղեկցում այստեղ՝ ցույց տալու ժամ առ ժամ ոչնչացող ուխտավայրը։ Ոչ մի ճամբարի պետի մտքով չի էլ անցել ու չի անցնելու մաքրել տալ եկեղեցու բակն ու ներսը, գոնե մոլախոտերից ու փշերից փրկել ու նաեւ տեսանելի դարձնել հնամենի ու եզակի խաչքարերը։ 1700-ամյա քրիստոնյա Հայաստանում 1700-ամյա Արտավազդա վանքի նորոգումը մարզի ղեկավարության համար էլ մնայուն ու աստվածահաճո գործ անելու հրաշալի առիթ կարող էր լինել, սակայն նրանցից էլի անչափ շնորհակալ կլինենք, եթե գոնե հուղարկավորությունները արգելեն սրբավայրի բակում։ ԱԼՎԱՐԴ ԷՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել