Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնյաներից պատասխան ստանալուց հույսները կտրած քաղաքացիները

Օգոստոս 18,2001 00:00

Չպատասխանեն՝ դատի կտան Պաշտոնյաներից պատասխան ստանալուց հույսները կտրած քաղաքացիները հաճախ դիմում են լրագրողներին։ Սակայն երբեմն վերջիններիս տեղեկություններ ստանալու իրավունքը նույնպես ոտնահարվում է։ Այժմ նրանք բոլորը դիմելու տեղ ունեն՝ «Ինֆորմացիայի ազատություն» հասարակական կենտրոն, որի նպատակն է պաշտպանել յուրաքանչյուրի ինֆորմացիա փնտրելու եւ ստանալու իրավունքը։ Ընդ որում՝ կենտրոնը պատրաստ է պայքարել յուրաքանչյուր քաղաքացու ինֆորմացիա ստանալու իրավունքի համար՝ նույնիսկ դատական կարգով, քանի որ տեղեկություններ փնտրելու եւ ստանալու իրավունքը երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ ու մի շարք օրենքներով եւ դրանք անտեսող պաշտոնյաները օրինախախտ են։ «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու մասին» ՀՀ օրենքը նույնիսկ կոնկրետ ժամկետներ է սահմանում (15 օրից մեկ ամիս), որի ընթացքում պաշտոնյաները պարտավոր են պատասխանել քաղաքացիներին։ Ընդ որում՝ օրենքով դիմումը համարվում է պատասխանված, եթե հարցին տրվում է ըստ էության պատասխան, այսինքն՝ հիմնավոր եւ կոնկրետ հարցին պատասխանող։ «Ինֆորմացիայի ազատություն» կենտրոնը ստեղծվել է 2001թ. հուլիսի 1-ից՝ «Հետաքննող լրագրողների ընկերակցության» կողմից։ Օգոստոսի 1-ից ծրագրին աջակցում է «Եվրասիա» հիմնադրամը։ Կենտրոնի ղեկավարը Ընկերակցության վարչության անդամ, լրագրող Շուշան Դոյդոյանն է։ Ի դեպ, չի բացառվում, որ հենց «Հետաքննող լրագրողների ընկերակցության» անդամ լրագրողները առաջինը դատի տան ինֆորմացիա ստանալու իրավունքը ոտնահարող պաշտոնյաներին. ՀՀ նախագահի լրատվական ծառայությանն ու ՀՀ արդարադատության նախարարին ուղղված լրագրողների նամակներին մեկ ամսից ավելի չեն պատասխանում։ Կենտրոնը նախատեսում է զանգվածային լրատվության բոլոր միջոցներով հրապարակայնացնել եւ հասարակական քննարկման առարկա դարձնել ինֆորմացիա ստանալու յուրաքանչյուր անհիմն, անօրինական մերժման դեպք։ Իսկ կենտրոնի իրավաբանները քաղաքացիներին կօգնեն դատական կարգով բողոքարկել անօրինական մերժումները։ Ու որպեսզի այս ամենը անակնկալ չլինի պաշտոնյաների համար, կենտրոնը նամակներով դիմում է բոլոր պաշտոնական օղակներին, նաեւ ԶԼՄ-ներին, հասարակական կառույցներին՝ տեղյակ պահելով կենտրոնի ստեղծման ու նպատակների մասին։ Իհարկե, դժվար թե դա զգաստացնի մեր պաշտոնյաներին, այնպես որ, «Ինֆորմացիայի ազատություն» հասարակական կենտրոն դիմողները բավականին շատ կլինեն։ Ի դեպ, թեեւ ԱՄՆ-ի պաշտոնյաները այս հարցում անհամեմատ ավելի զգաստ են, բոլոր նահանգներում էլ կան նման կենտրոններ։ Վերջիններիս միավորում է «ԱՄՆ-ի ինֆորմացիայի ազատության ազգային կենտրոնների կոալիցիան», որի պատվավոր անդամ է հուլիսի 29-ից դարձել նաեւ Հայաստանի «Ինֆորմացիայի ազատություն» կենտրոնը։ Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել