Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԶԱՐ ՈՒ ՄԻ «ՉՄԱՆՐՈՒՔ»

Օգոստոս 18,2001 00:00

ՀԱԶԱՐ ՈՒ ՄԻ «ՉՄԱՆՐՈՒՔ» Մարդուն չի կարելի առանց իր համաձայնության ենթարկել բժշկական կամ գիտական փորձերի (Սահմանադրություն, հոդված 19): 1999թ. հունիսի 9-ին, ժամը 17-18-ի սահմաններում Ազգային անվտանգության նախարարության «Ալֆա» ջոկատը (թվով 10 «գրոհայիններ») փառապանծ հրամանատար Սերգեյ Սարուխանյանի եւ նրա տեղակալ Ալբերտ Հարությունյանի գլխավորությամբ «գրոհեցին» «Հազար ու մի մանրուք» խանութի վրա։ «Գրոհայինները» խանութի տնօրեն, մասնագիտությամբ իրավաբան Սահակ Խորենի Մնացականյանին ձեռնաշղթաներ հագցրին, «շտապօգնության» մեքենայով, երկու եղբայրների հետ տեղափոխեցին… Աղի հանքում գտնվող հոգեբուժական հիվանդանոց։ 4 օր հետո «հիվանդներին» այնտեղից տեղափոխեցին Նորքի հոգեբուժական հիվանդանոց։ Սահակն այնտեղ պահվեց եւս 30 օր։ Դժվար թե «Ալֆայի» սիրտը կծկումներ ունենար այդ շրջանում եւ մտահոգությունն էլ հանրախանութի տնօրենի նկատմամբ տածած զգացումները լինեին։ Խնդիրն ԱԱ փոխնախարար Գրիշա Հարությունյանին հաճոյանալն էր, որին ծառայողական պարտականությունների վերազանցմամբ «նվիրատրվեց» հանրախանութը (թեեւ չկար մի երեւանցի, որ չիմանար, որ խանութի տանիքը ԱԱ հզոր կառույցն էր)։ 1997-99թթ. «Հազար ու մի մանրուք» խանութում տնօրեն աշխատած Սահակ Մնացականյանն այսօր գործազուրկ է եւ սպասում է, որ իր հետ կատարվածի համար բացատրություն տրվի։ Նա բացատրություն է ակնկալում Ազգային անվտանգության նախարարությունից, նախագահին առընթեր Մարդու իրավունքների հանձնաժողովից։ Քաղաքացուն 30 օր ազատությունից զրկելով՝ ապօրինի պահել են հոգեբուժարանում եւ, ինչպես նա է վկայում, «իր կամքին» հակառակ բուժումներ են կատարել։ Մնում ես ապշած։ ԱԱՆ-ի նկատմամբ գենետիկ վախի՞ արդյունքում են Հիպոկրատի երդում տված բժիշկները փորձության ենթարկել առողջ մարդուն։ Չենք կարծում, թե Ս. Մնացականյանն այնքան վտանգ էր ներկայացնում, որ ձեռնաշղթաներն ու «Ալֆան» պիտի օգտագործվեին։ «Ինչի՞ հիման վրա է հիվանդանոցն առանց իմ ընտանիքի անդամներին տեղյակ պահելու ընդունել ինձ եւ բուժումներ նշանակել»,- հարցնում է նախկին տնօրենը։ Իսկ թե ո՞վ կպատասխանի այս հարցին, կանդրադառնանք «Առավոտի» առաջիկա համարներում։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել