Լրահոս
Օրվա լրահոսը

Եվ

Օգոստոս 23,2001 00:00

Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՕՊՈՐՏՈՒՆԻԶՄՆ ԱՅՍՕՐ Եվ կա՞ այն արդյոք Վերջերս մեր թերթին տված հարցազրույցում ՀԿԿ Կենտկոմի քարտուղար Խորեն Սարգսյանը, որոշ հավաստի աղբյուրներ մատնանշելով, ասել էր, թե իշխանությունները, մասնավորապես՝ նախագահը, ՀԿԿ 35-րդ համագումարի օրերին շահագրգռված են եղել Կենտկոմի առաջին քարտուղար դարձնել ոչ թե Վլ. Դարբինյանին, այլ՝ Հրանտ Ոսկանյանին։ Այս կապակցությամբ Յուրի Մանուկյանն ասաց, թե նման բան չի եղել. «Եթե եղել է, ապա միայն իմ մոտ է այդ միտքը ծագել։ Դա եղել է իմ հոգու խորքում։ Կուսակցության Կենտկոմի առաջին քարտուղարը պետք է անբասիր լինի բոլոր առումներով, իսկ Հրանտ Ոսկանյանն այդպիսին է»։ Պրն Մանուկյանն ասաց, որ «չի կարելի պրեզիդենտ եղած մարդուն ոտքի տակ տալով իշխանության գալ, մանավանդ որ հեղափոխական իրավիճակ չկա Հայաստանում, արհեստականորեն մի ստեղծեք նման իրավիճակ, արհեստականորեն ստեղծված իրավիճակն արհեստական էլ վախճան կունենա»։ Յու. Մանուկյանն անպայման դիմելու է Կենտկոմի պլենումին, որ վերանայվի իր մասով կայացված բյուրոյի որոշումը, քանի որ, ըստ Յու. Մանուկյանի, իր հանդեպ տեղի է ունեցել կանոնադրական կոպիտ խախտում։ «Իմ նկատմամբ սուբյեկտիվ են եղել, հիմնականում առաջնորդվել են մի խումբ բյուրոյի անդամների՝ չարանենգ ասեմ, թե՝ ոչ ընկերային վերաբերմունքով»։ Ըստ Յու. Մանուկյանի, այսօր չկա գաղափարախոսական այն լայն ճակատը, որը ներկայացնելու փորձ է արվում։ Իրականում կան նեղ անձնային, ճղճիմ, հաշվենկատ փոխհարաբերություններ։ Փաստորեն, ըստ պրն Մանուկյանի, Կենտկոմում արդեն սկսվել է առաջիկա խորհրդարանական ընտրություններում կուսակցական ցուցակում առաջնային տեղեր գրավելու համար պայքարը։ Պրն Մանուկյանը վստահ է, որ սա է հիմնականը։ «Առավոտի» հարցին՝ հնարավոր վաղաժամկետ ընտրությունների մասին, պրն Մանուկյանը պատասխանեց. «Ոչ մի պարագայում մենք պատրաստ չենք արտահերթ ընտրությունների։ Բյուջեն իրեն այդպիսի շքեղություն չի կարող թույլ տալ։ Եվ հետո, քաղաքական դաշտն այնպիսին է, որ չի կարելի ակնկալել, թե հաջորդ խորհրդարանը սրանից լավը կլինի։ Խորհրդարանից դուրս քաղաքական ուժերը եւս պատրաստ չեն ընտրությունների։ Այսօր մեծ աղմուկ-աղաղակ կընկնի ցանկացած կուսակցության ներսում հենց ընտրացուցակների հետ կապված»։ Յու. Մանուկյանը գտնում է, որ եթե կուսակցությունն ինտելեկտով հարուստ կուսակցություն է, ապա մեկ անդամը միայն մեկ անգամ պետք է պատգամավոր լինի, հետո թող գան մյուսները։ Ըստ որոշ պնդումների, հոկտեմբերին խորհրդարանի ցրումը կապված կլինի եւս մեկ հանգամանքի հետ՝ դրանով նախագահը կկոտրի ժողովրդի դժգոհության թափը եւ նախագահական ընտրություններն արդեն ավելի հանգիստ կընթանան։ Մեր այս դիտարկմանը պրն Մանուկյանը չհամաձայնեց։ Նրա ասելով, «այսօրվա դրությամբ նախագահին ընդգծված մրցակից չկա, քաղաքական ուժերը չունեն այդ քաղաքական համարձակությունը՝ սեփական արժեքները սթափ գնահատելու եւ իրենց իսկական գինը կամ տեղը որոշելու։ Խորհրդարանի ցրումը երբեք կայունություն չի առաջացնի հանրապետության քաղաքական կյանքում։ Դա ինքնին քաղաքական ճգնաժամ է։ Իսկ քաղաքական ճգնաժամն ուրիշ ճգնաժամով չեն հաղթահարում։ Եվ վերջապես, մեր ժողովուրդը շանտաժի ժողովուրդ չի։ Ժողովրդին ինչքան գազազացնում են, այնքան նա իր արժեքը գնահատում է։ Եթե ժողովուրդը չհամբերեց, այլեւս ոչ մի նախագահ, ոչ մի խորհրդարան նրան կառավարել չի կարող»։ Ըստ պրն Մանուկյանի, մեր ժողովուրդն իր ստեղծած քրմերին, իր ստեղծած սրբերին ոտքի տակ տվող ժողովուրդ է, ուր մնաց՝ իր թշնամիներին սիրի։ Խորեն Սարգսյանն իր հարցազրույցում Յու. Մանուկյանին մեղադրել էր նաեւ նրանում, որ վերջինս հրաժարվել է ելույթ ունենալ խորհրդարանում, ասելով, թե ինքը միտինգային մարդ է։ Հիմա ի՞նչ պատահեց, որ պրն Մանուկյանը դարձավ ոչ միտինգային։ Զարմանք էր հայտնել պրն Սարգսյանը։ Իր հերթին Յու. Մանուկյանն ասաց. «Ես չգիտեմ՝ Խորենը որ օրվա ինչ խոսակցություն է մեջբերում, բայց ես չեմ հավատում, որ իմ ընկերը կարող է ոչ ճիշտ բաներ ասել։ Հավատում եմ, որ նման խոսակցություն եղել է։ Բայց դա եղած կլինի խորհրդարանի առաջին օրերին, երբ ես ասած լինեմ՝ գիտեք, հրապարակից նոր եմ իջել խորհրդարան, առայժմ թողեք հարմարվեմ, հետո կխոսեմ։ Եվ եթե հիշում եք, ես քաղաքական մի քանի հայտարարությունների հեղինակ եմ»։ Խ. Սարգսյանը միտք էր հայտնել, թե 98-ի նախագահական ընտրությունների ժամանակ, երբ իր թեկնածությունն էր դրել նաեւ Կենտկոմի քարտուղար Սերգեյ Բադալյանը, նույն Հրանտ Ոսկանյանն առաջարկել է պաշտպանել Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը։ Յու. Մանուկյանը հերքեց նաեւ սա, ասելով, որ Ոսկանյանի հասցեին ամեն ինչ կարելի է ասել. «ուղղակի ասել, որ նա բոյով է, քիչ է խոսում, չի վիրավորում, այսքանը միայն։ Ես չեմ հավատում այդ լուրերին, նա շատ պայծառ անձնավորություն է։ Լսեմ էլ, չեմ հավատա»։ Վերջում խնդրեցինք, որ, ի վերջո, Յու Մանուկյանն ինքնաբացահայտվի՝ օպորտունի՞ստ է ինքը, թե՞ իրեն պարզապես վարկաբեկում են. «20-ական թվականներին որոշ մարդիկ չկարողացան լենինյան գիծը հասկանալ, Ստալինը նրանց պատժեց՝ անվանելով «տրոցկիստ», «օպորտունիստ»։ Հիմա ի՞նչ օպորտունիստ։ Հիմա երկիրը, ամբողջ ժողովուրդը չգիտի՝ պատերազմի՞, թե՞ խաղաղության մեջ է, չգիտի ինքն ինչ կարգավիճակում է։ Ի՞նչ օպորտունիստ պիտի լինի իմ ժողովրդի կոմունիստ զավակի հոգեբանության մեջ։ Ուրեմն բերեք սկզբում ունենանք հայրենիք, պահենք այդ հայրենիքը, հետո կորոշենք՝ նա սոցիալիստական կլինի՞, թե՞ ոչ»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել