Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոսի

Օգոստոս 25,2001 00:00

ՈՒԿՐԱԻՆԱ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 10 ՏԱՐԻ Օգոստոսի 24-ին ուկրաինական ժողովուրդը նշում է իր ազգային տոնը՝ անկախության տարեդարձը: Տասը տարի է անցել այն օրից, երբ Ուկրաինայի Գերագույն Ռադան, արտահայտելով ժողովրդի կամքը, հռչակեց պետական անկախություն, որն ամրագրվեց 1991թ. դեկտեմբերի 1-ին՝ Համաուկրաինական հանրաքվեում, հանրապետության քաղաքացիների ավելի քան 90 տոկոս ձայներով: Սակայն չափազանցություն չի լինի, եթե պնդենք, որ ուկրաինական ժողովուրդը դեպի իր անկախությունն է ընթացել հարյուրամյակներ ի վեր: Սեփական տանը տեր լինելու գաղափարին իրենց կյանքն են նվիրաբերել ուկրաինական ժողովրդի բազմաթիվ զավակներ: Հարյուր հազարավոր մարդիկ քշվել են ցարական աքսորավայրեր, ստալինյան «գուլագներ», ֆաշիստական համակենտրոնացման ճամբարներ: Պատմությունը վկայում է. անկախություն ձեռք բերելը հեշտ չէ, բայց շատ ավելի դժվար է այն պահպանելը: Այս իմաստով՝ բացառություն չէր նաեւ անցած տասնամյակը, երբ միայն ուկրաինական ժողովրդի հանդուրժողականության, դիմացկունության եւ իմաստնության շնորհիվ հաջողվեց խուսափել արյունալի ընդհարումներից, որոնք, ցավոք, տեղի ունեցան հետխորհրդային ուրիշ հանրապետություններում: Մեր երկրի բնակչության լայն շերտերի համար պակաս փորձություն չէր նախկին ԽՍՀՄ-ի երբեմնի միասնական տնտեսական տարածքի փլուզումը, ինչպես նաեւ ազգային տնտեսությունը նոր շուկայական սկզբունքներին համապատասխան վերակառուցելու՝ բավական ցավոտ գործընթացը: Թերեւս, աշխարհում երբեւէ չէր եղել նման դեպք, երբ ստիպված լինեին միանգամից փոխել ոչ միայն պետության հասարակական-քաղաքական կարգը, այլեւ տնտեսական փոխհարաբերությունների հիմքը: Այստեղից էլ՝ այն դժվարությունները, որ ստիպված եղան կրել ինչպես մեր, այնպես էլ նախկին Խորհրդային Միության մյուս ժողովուրդները, երբ իրենց կենսամակարդակի բոլոր հիմնական ցուցանիշներով հարկադրված եղան մի քանի տասնամյակով ետ շպրտվել: Ահա թե ինչու անցած տասը տարին մեզ համար ոչ այնքան ազատության «հաղթանակի», որքան իրական անկախություն ձեռք բերելու համար պայքարի շրջան էր, երբ, ի հեճուկս անլուծելի թվացող խնդիրների, քայլ առ քայլ, քրտնաջան աշխատանքով դրվում էին պետականության հիմքերը, նոր քաղաքական համակարգ էր ձեւավորվում, բարենորոգվում էր տնտեսությունը, հաստատվում էր երիտասարդ պետության միջազգային հեղինակությունը: Հիմա արդեն կարելի է վստահաբար ասել, որ Ուկրաինայում ստեղծվել է շուկայական ենթակառույցի եւ շուկայական իրավունքի հիմնական հենքը: Ծանրակշիռ քայլեր են արվել տնտեսական կապերն ազատականացնելու, բաց տնտեսության հիմքերն ամրացնելու ուղղությամբ: Այժմ տնտեսության ոչ պետական հատվածն ընդգրկում է արդյունաբերական արտադրության գրեթե 80 տոկոսը եւ գյուղատնտեսությունը, շինարարությունը եւ առեւտուրը, փաստորեն՝ ամբողջապես: Այժմ՝ Ուկրաինայի պետական անկախության տասներորդ տարում, ազգային տնտեսությունը գտնվում է հետճգնաժամային զարգացման փուլում: Վերջին երկու տարիների ընթացքում ՀՆԱ-ի աճի բարձր տեմպերը, ազգային արժույթի՝ գրիվնայի կայունությունը, սղաճի ցածր տեմպերը՝ այս ամենը ժողովրդական տնտեսության մեջ կատարված կառուցվածքային շոշափելի փոփոխությունների արդյունքն են: Պերճախոս մի փաստ. ընթացիկ տարվա հինգ ամիսների ընթացքում ՀՆԱ-ի աճը կազմել է 9 տոկոս, իսկ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 18,8 տոկոսով, ինչը ամենաբարձր ցուցանիշն է ոչ միայն ԱՊՀ-ում, այլեւ Եվրոպայի ամբողջ մայրցամաքում: Գյուղատնտեսության վարկավորման արդյունավետ քաղաքականության շնորհիվ, որ վարում է Ուկրաինայի կառավարությունը, անկախության տասներորդ տարում ռեկորդային թափ է առել հացահատիկի բերքահավաքը. օգոստոսի սկզբի դրությամբ մեր երկրում արդեն հավաքվել է 32 միլիոն տոննա հացահատիկ, ինչը կրկնակի գերազանցում է անցած տարվա ցուցանիշը: Դրական տեղաշարժ է նկատվում ապրանքների արտաքին շրջանառության ոլորտում. այն մեծացել է 8,7 տոկոսով, ընդ որում՝ դրական սալդոն կազմել է 393,4 միլիոն ԱՄՆ դոլար (անցյալ տարվա համապատասխան ժամանակահատվածի 611,3 ԱՄՆ դոլար բացասական սալդոյի դիմաց): Ապրանքների արտահանման ծավալը՝ ԱՊՀ երկրներ, 2000 թ. հունվար-ապրիլ ամիսների համեմատ, աճել է 33,7, աշխարհի այլ երկրներ՝ 16,2 տոկոսով: Չի կարելի շրջանցել նաեւ սոցիալական ոլորտի հաջողությունները. 2001թ. հունվար-մայիս ամիսներին Ուկրաինայի քաղաքացիների դրամական եկամուտներն ավելացել են 7,8 տոկոսով՝ կազմելով 38648 միլիոն գրիվնա, ընդ որում՝ անվանական միջին աշխատավարձն ավելացել է 42,1 տոկոսով՝ հասնելով 302, 96 գրիվնայի: *** Տասնամյա անկախության ընթացքում Ուկրաինայի ձեռք բերած փորձառությունը հաստատում է՝ մեր պետության արտաքին քաղաքական գիծը ազգային շահերի պաշտպանության եւ զարգացման հուսալի միջոց է միջազգային ասպարեզում: Այսօր Ուկրաինայի արտաքին քաղաքականությունը բարենորոգումների գործընթացի կարեւորագույն եւ անկապտելի մասն է, պետության տնտեսական առաջընթացն ապահովելու եւ մեր քաղաքացիների կենսամակարդակը բարելավելու կարեւորագույն նպատակին հասնելու միջոցներից մեկը: Հենց սկզբից էլ Ուկրաինան իրեն դրսեւորել է որպես կանխատեսելի եւ խաղաղասեր գործընկեր՝ հանուն ողջ մոլորակի խաղաղության եւ կայունության՝ կամավոր հրաժարվելով միջուկային զենքի ամենահզոր զինանոցներից մեկից: Աշխարհի հետ մեր երկրի փոխհարաբերությունների շրջանակն անընդհատ ընդլայնվում է, նրա ձայնն ավելի ու ավելի ծանրակշիռ է դառնում բազմաթիվ միջազգային կազմակերպությունների ատյաններում: Այսօր Ուկրաինան տարածաշրջանի առաջատար երկիրն է, մի պետություն, որ միջազգային հանրության մեջ նախաձեռնող, խելամիտ, ինքնաբավ եւ կառուցողական գործընկերոջ համբավ է վայելում: Մասնակցելով մի շարք կարեւորագույն միջազգային խաղաղարար առաքելությունների՝ Ուկրաինան իրական երաշխավորի դեր է կատարում եվրոպական մայրցամաքում: Որպես անկախ, ինքնիշխան պետություն՝ Ուկրաինան ճանաչել են աշխարհի 168 երկրներ, որոնցից 165-ը նրա հետ դիվանագիտական հարաբերություններ են հաստատել: Մեր երկիրն իր դեսպանատներն ու հյուպատոսություններն ունի աշխարհի 67 երկրներում, որտեղ գործում են 89 արտասահմանյան հաստատություններ: Ուկրաինան հաստատապես հետեւում է Եվրոպայի խորհրդի մեջ ինտեգրվելու իր ռազմավարական գծին: Մեր երկրի եվրոպական կողմնորոշումը պայմանավորված է երկրի անկախության, անվտանգության, քաղաքական կայունության եւ տնտեսական անշեղ զարգացման հարցում եվրաինտեգրման գործոնի կարեւորության գիտակցությամբ: ԵԽ գագաթնաժողովների վերջին որոշումները վկայում են, որ մեր երկիրն ընկալվում է որպես եվրոպական անվտանգության նոր ճարտարապետության անփոխարինելի մասնակից: Այդ հարցում մենք մեր եվրոպական գործընկերներից առարկայական աջակցություն ենք ակնկալում «Ուկրաինա-ԵԽ» հերթական՝ սեպտեմբերին կայանալիք գագաթնաժողովում, որն անցկացվելու է Ղրիմում: Անկախության տարիներին արտաքին քաղաքականության բնագավառում Ուկրաինայի գլխավոր ձեռքբերումներից մեկն էլ, որ փաստում է միջազգային ասպարեզում մեր երկրի դերի կարեւորությունը, 2000-2001թթ. ժամանակահատվածում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրվելու փաստն է: Անվտանգության խորհրդի աշխատանքներին Ուկրաինայի մասնակցությունը հաստատեց, որ մեր երկիրն ի վիճակի է իրականացնել անկախ, հավասարակշիռ արտաքին քաղաքականություն, որը խարսխված է ՄԱԿ-ի Կանոնադրության նպատակների եւ սկզբունքների, միջազգային իրավունքի հիմնական դրույթների պահպանման վրա: Հնարավոր չէ չհիշատակել Ուկրաինայի բացառիկ կարեւոր ավանդը համաշխարհային կայունության եւ անվտանգության պահպանման գործում: ՄԱԿ-ի խաղաղարար գործողություններում մեր երկրի մասնակցության ծավալներն ու աշխարհագրությունը վերջին տարիներին մեծացել են 20 անգամ: Սկսած 1992 թվականից՝ այդ գործողություններին մասնակցել են գրեթե 12 հազար ուկրաինացի զինվորականներ եւ քաղաքացիական ոստիկաններ: Այսօրվա դրությամբ՝ Ուկրաինան ՄԱԿ-ի՝ ընթացիկ 17 խաղաղարար գործողություններից 8-ի կազմում է՝ Բոսնիայում եւ Հերցեգովինայում, Խորվաթիայում, Կոսովոյում, Վրաստանում, Արեւմտյան Թիմորում, Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում, Լիբանանում եւ Սիեռա-Լեոնեում: Ուկրաինական ռազմական դիտորդներն ընդգրկված են Մերձդնեստրում գործող Համատեղ խաղաղարար ուժերի կազմում: Միջազգային հանրությունը բարձր գնահատեց Ուկրաինայի միջնորդական ջանքերը՝ վրաց-աբխազական հակամարտության կարգավորման հարցում: Ուկրաինայի Յավորիվյան հրաձգարանում, «Համագործակցություն՝ հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, ստեղծվել է խաղաղապահ անձնակազմի նախապատրաստման կենտրոն: *** Ուշագրավ է, որ տասնամյա նշագծին է մոտենում նաեւ հայ-ուկրաինական հարաբերությունների պատմությունը: Ինչպես հայտնի է, Հայաստանը Ուկրաինայի անկախությունը ճանաչել է 1991թ. դեկտեմբերի 18-ին, իսկ դիվանագիտական հարաբերություններ մեր երկրների միջեւ հաստատվել են 1991թ. դեկտեմբերի 25-ին: Հայաստանի հետ հարաբերությունները կովկասյան տարածաշրջանում մեր արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից են: Ուկրաինական պետությունը ջանում է ՀՀ -ի հետ իր հարաբերությունները զարգացնել բարեկամության եւ փոխշահավետ համագործակցության հիման վրա, ելնելով ինչպես երկու երկրների արտաքին քաղաքական հիմնական սկզբունքներից, այնպես էլ կայունության եւ անվտանգության միջազգային հիմնական սկզբունքների նկատմամբ նրանց դիրքորոշումներից: Ինչպես ս.թ. մարտ ամսին Ռ. Քոչարյանի՝ Կիեւ կատարած այցի ընթացքում նշեցին մեր պետությունների նախագահները, նրանց միջեւ այնպիսի խնդիրներ գոյություն չունեն, որոնք աններդաշնակություն մտցնեին երկկողմ հարաբերություններում: Կասկածից վեր է, որ Հայաստանում իր քաղաքական եւ տնտեսական ներկայության ամրապնդումը բխում է հենց Ուկրաինայի շահերից: Որքան գիտենք՝ դա համապատասխանում է նաեւ հայկական կողմի շահերին, ինչպես նաեւ՝ ներքին շուկայի զարգացման պահանջին: Ուկրաինան համոզված է. որ Հայաստանը, որպես տարածաշրջանում խաղաղարար գործընթացների մասնակից եւ, անտարակույս, տնտեսական եւ տրանսպորտային մեծ ներուժ ունեցող երկիր, շոշափելի դեր է խաղում ողջ Հարավային Կովկասում կայունության եւ անվտանգության հաստատման գործում: Ուկրաինա-հայկական հարաբերությունների զարգացման տասնամյա ժամանակաշրջանը նշանակալի ձեռքբերումներ է արձանագրել: Ստեղծվել է երկկողմ համագործակցության իրավապայմանագրային բավական պատկառելի հիմք, որտեղ ընդգրկված են 50 փաստաթղթեր (ներկայումս գործող՝ 29-ը): Երկու երկրներն էլ ձգտում են արտաքին քաղաքականության եվրոպական ուղղության վրա հասնել փոխըմբռնման եւ կառուցողական աջակցության ցանկալի մակարդակի: Ուկրաինան մեծապես նպաստել է, որպեսզի 2001 թ. սկզբին Հայաստանը դառնա Եվրոպայի խորհրդի 42-րդ անդամը: Միեւնույն ժամանակ, մենք բարձր ենք գնահատում ԵԽ վեհաժողովում Ուկրաինայի կողմից իր բոլոր պարտավորությունները կատարելու վերաբերյալ հարցի քննարկման ընթացքում Հայաստանի խորհրդարանական հանձնաժողովի աջակցությունը: Վերջին տարիներին ձեւավորվել է փոխադարձ ապրանքաշրջանառության հաստատուն աճի միտում: Այսպես, 2000թ. ապրանքների եւ ծառայությունների արտաքին առեւտրային շրջանառությունը կազմել է 19,2 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը 15 տոկոսով գերազանցում է 1999-ի ցուցանիշը: Դրական շարժը պահպանվել է նաեւ այս տարի. 2001 թ. առաջին հինգ ամիսների ընթացքում ապրանքաշրջանառության ծավալը հասել է 11 միլիոն ԱՄՆ դոլարի նշագծին եւ նախորդ տարվա համապատասխան ժամանակամիջոցի համեմատ աճել է 134 տոկոսով: Այս ամենը հիմք է տալիս հուսալու, որ մինչեւ 2003 թ. երկկողմ ապրանքաշրջանառության ծավալները, ինչպես եւ նախատեսված էր, կհասցվեն 35-40 միլիոն ԱՄՆ դոլորի մակարդակի՝ ի հաշիվ մեքենաշինական, քիմիական, գյուղատնտեսական արտադրանքի աճի, էներգետիկ ոլորտում առավել աշխույժ համագործակցության, ինչպես նաեւ Փոթի-Իլյիչեւսկ լաստային փոխադրակետի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու շնորհիվ: *** Իր անկախության պատմության առաջին տասը տարիներից հետո Ուկրաինայի ժողովուրդը հստակ գիտակցում է, որ դեռ շատ խնդիրներ ունի հաղթահարելու: Սակայն երկրի ժողովրդավարական զարգացման ուղին անկասելի է: Ուկրաինան վճռականորեն է տրամադրված եւ կշարունակի եվրոպական ժողովրդավարական պետություն կառուցելու իր անխափան ընթացքը՝ կատարելով համաշխարհային հանրության առջեւ ստանձնած իր բոլոր պարտավորությունները: ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲՈԺԿՈ Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել