Լրահոս
Օրվա լրահոսը

Ամառը

Օգոստոս 25,2001 00:00

«Անջուր ամառներ» շարքից Ամառը շուտով կվերջանա, իսկ շոգն ու տապը տանելի դարձնելու միակ միջոցը՝ ջուրը, այդպես էլ անհասանելի է Վերին Զեյթունի բնակիչներին։ Սկսած հունիսից՝ Մ. Ավետիսյանի անվան 1-5 փողոցի, Յան Ռայնիսի բազմաթիվ շենքերի բնակիչների անվերջանալի բողոքներին տեղերում այդպես էլ ականջալուր չեղան։ Երեք ամսվա շարունակական փորձերը՝ հեռախոսով կապվել Զեյթունի ջրմուղի պետի կամ գոնե գլխավոր ինժեների հետ, անցան ապարդյուն։ Փոխարենը ոգեւորիչ են ջրմուղի ստորին օղակի աշխատակիցների կիրթ վերաբերմունքն ու կարեկից խոսքը, որը երբեմն-երբեմն (6-7 օրը մեկ) վերածվում է գործի, ու խոստացած ջուրը տեղ է հասնում (մինչեւ 2-րդ հարկ) եւ ոչինչ, որ սկզբում դեղնավուն է։ Այդ ժամանակ է, որ բնակիչները մտածում են՝ ջուր կա, բայց ինչո՞ւ չեն տալիս։ Ջրագծում վթարների՝ Ջրմուղի պատճառաբանություններին ժողովուրդը չի հավատում եւ գտնում է, որ խմելու ջուրը պրոբլեմ է դարձել անցած օգոստոսից եւ այս ամռանը։ Այսինքն՝ այն օրից, ինչ շահագործվում է օր օրի հզորացող մոտակա «Ջրաշխարհը», քանզի Զեյթուն աշխարհն ամեն տարի ամառ տեսել էր, բայց ոչ այսպիսին։ Ջրմուղի աշխատակիցները ցանկանում են ջրի իսպառ բացակայությունը պայմանավորել ամռանը ջրի շատ ծախսով, մինչդեռ փաստ է, որ այս տարի զանգվածային բուրդ ու գորգ լվացողներ չկան (եզակի դեպքերում էլ ձեռնարկը մնում է անավարտ՝ դույլերի ճնշող հերթի պատճառով)։ Իսկ ի՞նչ է անում ժողովուրդը. մի քանի անգամ պատրաստվել է փողոցը դույլերով փակել (մի օր կանի), անվերջ զանգում է Ջրմուղ։ Եվ արդյունքում հասկացել է, որ այնտեղ քաղաքավարի խոսել են սովորել։ Ոմանք հեգնանքով նկատում են. ո՞վ է ասում, թե ժողովուրդն անգործ է, մեր կառավարությունը գտել է ժողովրդին զբաղեցնելու ձեւը եւ տվել լավագույն աշխատանքը։ Զեյթունցու առավոտները երբեք խաղաղ չեն. ջրամատակարարման անորոշ, չգուշակվող ռիթմը ստիպում է անքուն գիշերներ անցկացնել ծորակների կողքին ու պատահական չէ, որ երբեմն էլ աղջամուղջին՝ ժամը 5-ին, զանգում է Ջրմուղ եւ հարցնում՝ «պառը ծեծում են, իջնե՞մ ջրի, թե՞ 7։30-ին կտաք»։ Պատասխանը դարձյալ կիրթ է, չնայած խանգարված քնին։ Կարծիք կա, որ ոմանք գործ են դրել՝ տեղադրում են ջրամղիչներ (մոտորներ՝ 100-150 դոլարով) եւ նկուղներում բացում են ծորակներ (6.000 դրամով)։ Ժողովրդի բողոքն արդարացի է. այդ ե՞րբ Ջրմուղի նոր տնօրինությունը փոխեց խորհրդային մաշված խողովակները, ջրաչափեր տեղադրեց, ջուրը մեզ հասցրեց, որ մենք էլ չվճարեցինք։ Չէ՞ որ ողջ աշխարհում ընդունված կարգ է՝ ցանկացած գործում ներդրում են կատարում ու նոր շահույթ ստանում։ Անշուշտ, մեր անտերության հեղինակներն ու մեղավորները մեր ղեկավարներն են ու երկիրը կառավարողները, որ տարին շարունակ պարում են օտարների դուդուկի տակ՝ սեփական գրպանը լցնելով։ ԳՈՀԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել