Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՍՏԱԿԱԾ ՀԱՆԳԻՍՏ՝ «ՋՐԱՇԽԱՐՀՈՒՄ»

Օգոստոս 29,2001 00:00

ՎԱՍՏԱԿԱԾ ՀԱՆԳԻՍՏ՝ «ՋՐԱՇԽԱՐՀՈՒՄ» «Համահայկական երկրորդ խաղերի» ընդհանուր թիմային պայքարում հաղթող դարձավ Երեւանը։ Երեւանի մարզիկ-մարզուհիները մասնակցեցին բոլոր ինը մարզաձեւերի մրցումներին ու ընդհանուր առմամբ նվաճեցին 68 մեդալ, որից 33-ը՝ ոսկե, 23-ը՝ արծաթե եւ 12-ը՝ բրոնզե։ Այս հաջողությանը մեծապես նպաստեց այն, որ Երեւանի քաղաքապետարանը «Խաղերից» դեռ շատ առաջ ստանձնել էր մայրաքաղաքի թիմերի հովանավորությունը։ Յուրաքանչյուր բաժին ստանձնել էր մեկ մարզաձեւի շեֆությունը։ Մասնավորապես, բասկետբոլիստներին կցված էր կազմակերպչատեսչական բաժնի պետ Գագիկ Բաղդասարյանը։ Ճիշտ է, մեր տղաներն այս անգամ մրցանակային տեղ չգրավեցին, բայց դրա փոխարեն գերազանց հանդես եկան աղջիկները՝ նվաճելով «Խաղերի» հաղթողի կոչումը։ Երեկ Երեւանի բոլոր հավաքականները հյուրընկալվեցին «Ջրաշխարհում»։ Մարզիկների անունից քաղաքապետարանին եւ «Ջրաշխարհի» ղեկավարությանը շնորհակալություն հայտնեց սեղանի թենիսից «Խաղերի» կրկնակի արծաթե մեդալակիր (մենախաղերում եւ զուգախաղերում), Հայաստանի հավաքականի անդամ, «Միսս Խաղեր» գեղեցկության մրցույթի մրցանակակիր Լուսինե Հովհաննիսյանը։ Նա կարեւորեց այդ համալիր մարզական տոնը աշխարհասփյուռ հայերի մերձեցման հարցում, նշեց, որ մայրաքաղաքի մարզիկներն արեցին ամեն բան՝ Երեւանի պատիվը բարձր պահելու համար ու հավաստիացրեց, որ նույն ոգով կառաջնորդվեն նաեւ հաջորդ «Համահայկական խաղերում»։ Այնուհետեւ մարզիկներին ողջունեցին Երեւանի փոխքաղաքապետ Ֆիրդուս Զաքարյանը (ցավոք, քաղաքապետն աշխատանքի բերումով առավոտյան մեկնել էր Երեւանից) եւ «Վալենսիա» ընկերության նախագահ Խաչատուր Խաչատրյանը։ Բոլոր մարզիկներին տրվեցին «Խաղերի» մասնակցի հուշամեդալներ, իսկ լավագույն մարզիկներին՝ քաղաքապետարանի պատվոգրեր։ – Քաղաքապետարանը մտադրություն ունի այսուհետեւ ավելի մեծ ուշադրություն դարձնել ֆիզիկական կուլտուրային եւ սպորտին, անել ինչ հնարավոր է։ Անձամբ քաղաքապետը մոտ օրերս կընդունի «Խաղերի» հաղթող դարձած երեւանցի մարզիկներին,- ասաց Գ. Բաղդասարյանը։- Ինչ վերաբերում է «Ջրաշխարհին», լավ համագործակցության հիմքն արդեն դրվել է, ու հույս ունենք, որ այն կշարունակվի։ Կարճ տեւած հանդիսավոր արարողությունից հետո մարզիկ-մարզուհիներն ու մարզիչները մինչեւ ուշ երեկո իրենց վաստակած ակտիվ հանգիստն անցկացրին հանգստի այս սիրված վայրում։ Ա. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել