Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԲ նախագահի «անտեղակալ» պաշտոնավարման (ինչը սահմանադրական խախտում է), ինչպես նաեւ՝ ԿԲ-ի պահուստային

Սեպտեմբեր 01,2001 00:00

Դե՛ «շպիոն-շպիոն» խաղալը հիմի դու տես ԿԲ նախագահի «անտեղակալ» պաշտոնավարման (ինչը սահմանադրական խախտում է), ինչպես նաեւ՝ ԿԲ-ի պահուստային մասնաշենքը՝ էությանը չհամապատասխանող զվարճավայր դարձնելու մասին Արա Սահակյանի հրապարակավ արտահայտած մտահոգություններն առ այսօր որեւէ լուրջ պատասխանի չեն արժանացել։ «Արմատ» շաբաթաթերթում հիշյալ մտահոգությունները տպագրվելուց հետո անցել է երկու շաբաթ։ Կենտրոնական բանկը՝ լրատվության ծառայության ղեկավար Զարուհի Բարսեղյանի շուրթերով ո՛չ հերքել, ո՛չ հաստատել եւ ըստ էության՝ ոչ էլ որեւէ պարզաբանում է տվել այդ ամենին, ընդամենը խուսափուկ եւ հեգնական տոնով պրն Սահակյանի բացահայտումները «հումոր» համարելով եւ «շպիոն-շպիոն» խաղալուց հրաժարվելով, համարել է հարցը փակված։ Հա, չմոռանանք իշխանամետ թերթերում եղած աննյութ հոդվածները եւս, որոնցում բուն խնդիրը մի կողմ թողած, հոդվածագիրները քննարկում են Արա Սահակյանի՝ այդ բացահայտումներն անել-չանելու իրավունքը։ Պրն Սահակյանը պնդում է, որ հումոր անելու որեւէ մտադրություն չունի, երբ հարցը վերաբերում է այնպիսի լուրջ ոլորտի, ինչպիսին Հայաստանի տնտեսությունն է. «ԿԲ-ի ձեռքում են գտնվում երկրում իրականացվող դրամավարկային քաղաքականության լծակները։ ԿԲ-ն ունի առեւտրային բանկերի նկատմամբ վերահսկողություն սահմանելու իրական եւ բավականին կոշտ մեխանիզմներ, բացի այդ, ԿԲ-ին օրենքով տրված է ինքնուրույնություն՝ օրենսդիր, գործադիր եւ անգամ՝ դատական իշխանության նկատմամբ, դրանով իսկ, Կենտրոնական բանկը դարձել է մի տեսակ ինքնաբավ մարմին։ ԿԲ նախագահը եւ տեղակալը առաջադրվում են ՀՀ նախագահի եւ հաստատվում ԱԺ-ի կողմից։ Ընդ որում, նրանց ընտրության կարգը, լիազորություններն ու լիգիտիմության ժամկետներն, ըստ էության, գրեթե նույնն են։ Նպատակը՝ ԿԲ-ի ներսում հակակշիռ հարաբերակցություն ստեղծելն է։ Դրանով իսկ՝ դրսի ազդեցությունից անկախ մարմնի ներսում միահեծանության բացառումը»։ Այնինչ, 4 տարի շարունակ ԿԲ նախագահ Տ. Սարգսյանը միայնակ ղեկավարում է տնտեսության կարեւորագույն ճյուղերից մեկը՝ բանկային համակարգը (ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ողջ բանկային համակարգը ԿԲ-ի «թրի տակ» է)։ Ինչո՞ւ այս ողջ ընթացքում ՀՀ նախագահը չի առաջադրել ԿԲ-ի նախագահի տեղակալի թեկնածություն։ Ըստ Ա. Սահակյանի, Տիգրան Սարգսյանի արտոնյալ կարգավիճակի պատճառները կարող են տարբեր լինել՝ տեղակալի պաշտոնում նշանակվելիք համապատասխան մասնագետ չլինելուց (հա՜-հա՜-հա՜), ՀՀ նախագահի խորհրդարանական մեծամասնություն հենարան չունենալուց մինչեւ Քոչարյանի՝ տնտեսական գծով «ստվերային խորհրդատու» Տիգրան Սարգսյանի համար միահեծան կառավարման դաշտ ստեղծելու ցանկությունը։ Ինչ վերաբերում է իր նշանակությամբ ռազմավարական կարեւորագույն օբյեկտ ԿԲ-ի պահուստային մասնաշենքը՝ որպես հինգաստղանի հյուրանոց (ջակուզիո՜վ, ֆրանսիական պատշգամբներո՜վ) ծառայեցնելու մասին Արա Սահակյանի անհանգստությանը, ապա ԿԲ-ն, փոխանակ զավեշտի վերածելու սույն անտրամաբանական իրողությունը, կարող էր կազմակերպել լրագրողների, իսկ եթե գաղտնիությունը թույլ չի տալիս, ապա՝ ԱԺ Տնտեսական, բյուջետային եւ ֆինանսավարկային հանձնաժողովի կամ ԱԺ Վերահսկիչ պալատի այցելությունը հիշյալ մասնաշենք։ Դրանով իսկ, միանգամից կհերքվեին պրն Սահակյանի բացահայտումները (եթե, իհարկե, հերքվելիք լիներ)։ Սակայն, քանի դեռ մածունին սեւ ասելու համաճարակը իշխանական մարմիններում անբուժելի է, ԿԲ մամուլի ծառայությունը չէր կարող ավելի լավ ճանապարհ գտնել, քան հարցադրումներից խուսափելու «բոլշեւիկյան» մեթոդը (որակումը Արա Սահակյանինն է)։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել