Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւան քաղաքի Ծերեթելի փողոցի (այժմ՝ Արտաշեսյան) թիվ 86 շենքի բնակիչները շենքին կից անօրինական կառու

Սեպտեմբեր 01,2001 00:00

ԼԱՅՆ ԹԱՓ, «ՆԵՂ» ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ Երեւան քաղաքի Ծերեթելի փողոցի (այժմ՝ Արտաշեսյան) թիվ 86 շենքի բնակիչները շենքին կից անօրինական կառույցը ապամոնտաժելու խնդրանքով շուրջ երեք տարի է դիմում են քաղաքային իշխանություններին։ Ինչպես հաճախ, այս դեպքում եւս, թեեւ բողոքն ուսումնասիրվում, «քննարկման է ենթարկվում», բայցեւայնպես, մնում է անպատասխան։ Բնակիչների պահանջը շատ պարզ է՝ վերացնել վերոհիշյալ շենքի ճակատային մասում կառուցված «Արտակ 85» ՍՊԸ առեւտրի կրպակը, որը խանգարում է նրանց։ Քաղաքապետ Ռոբերտ Նազարյանին ուղղված դիմումում շենքի մի խումբ բնակիչներ մանրամասն նկարագրում են, թե ինչպիսի խախտումներով է այդ շինությունը կառուցվել։ Այսպես, կրպակը տեղադրված է այնպես, որ զրկում է առաջին հարկի բնակիչներին բնական լույսից։ Կրպակը չունի չորրորդ ինքնուրույն պատ, ուստի սառնարանային սարքավորումները տեղադրված են շենքի ճակատային պատին կից եւ դրանց աղմուկը լսելի է բնակարաններում մինչեւ ուշ գիշեր։ Ավելին, «Արտակ 85» ՍՊԸ-ն ապօրինաբար զավթել է նաեւ մայթի զգալի մասը։ «Իսկ եթե նկատի ունենանք, որ կրպակի աշխատանքը ավարտվում է ժամը 24-ին, ապա դժվար չէ պատկերացնել, թե ինչ դժոխային պայմաններում ենք անցկացնում մեր հանգստյան ժամերը, երբ մինչեւ ուշ գիշեր կրպակից լսվում են հարբած հաճախորդների հայհոյանքները»,- գրել են նրանք։ Նկարագրելով իրական վիճակը, դիմումի տակ ստորագրած բնակիչները, ինչպես իրենք են նշում, հաշվի են առել նոր քաղաքապետի որդեգրած քաղաքականությունը, ումից նրանք ակնկալել են խնդրի արդարացի լուծում։ Քաղաքապետն էլ, անշուշտ, կարդացել է դիմումը (23.05.01) եւ, ինչպես մեր ձեռքի տակ եղած փաստաթղթերն են վկայում, կարգադրել է համապատասխան վարչություններին «զբաղվել խնդրով, պարզել, համապատասխան ընթացք տալ եւ զեկուցել», բայց մինչեւ օրս ոչինչ չի արվել։ Շենգավիթի թաղապետ Մարտին Սարգսյանն իր հերթին դիմելով քաղաքապետի տեղակալ Վարդան Վարդապետյանին, նշել է, որ «Արտակ 85» ՍՊԸ-ի կողմից կատարվել են նախագծային խախտումներ եւ խնդրել է տալ հանձնարարական։ Քաղաքապետարանի Ճարտարապետաշինարարական վերահսկողության վարչության պետ Հրաչ Մուրադյանին եւս հանձնարարվել է (03.07.01) «ապահովել շենքի նախկին տեսքը եւ զեկուցել», սակայն՝ անօգուտ։ Բնակիչների հավաստմամբ, «Արտակ 85» ՍՊԸ-ին հատկացվել է 6 քմ տարածք՝ կրպակը տեղադրելու համար, սակայն շահագործման է վերցվել մոտ 60 քմ։ Վերջին անգամ նույն հարցով դիմելով Ռ. Նազարյանին, բնակիչները խնդրել են հարցի լուծումը վերցնել անձնական հսկողության ներքո, այլապես «ստիպված ենք դիմելու ՀՀ նախագահին կից վերահսկողության ծառայություն եւ պետական այլ ատյաններ»,- նշել են նրանք։ 27.07.01-ի գրությամբ բնակիչները Հ. Մուրադյանից ստանում են ոչինչ չասող գրավոր այսպիսի մի պատասխան. «…Կառուցապատումը կատարվել է նախագծային շեղումներով՝ ֆիզիկական չափերի կոպիտ խախտումներով։ …Նկատի ունենալով, որ նշված տաղավարը կառուցվել է տարիներ առաջ (մոտ 5-6 տարի), իսկ նախորդ տարիներին կառուցված բազմաթիվ ինքնակամ շինությունները հաշվառված են, գտնում ենք, որ հարցին հնարավոր կլինի անդրադառնալ նմանատիպ շինությունների վերաբերյալ միասնական հայեցակարգ ընդունելուց հետո»։ Հ. Մուրադյանը այսպիսի պատասխան տվեց նաեւ «Առավոտին», երբ փորձեցինք հարցը կոնկրետացնել։ Սակայն պրն Մուրադյանը ոչինչ չասաց այն մասին, թե քաղաքապետը 03.07.01թ. գրությամբ կարգադրել է նրան «ապահովել շենքի նախկին տեսքը եւ զեկուցել»։ Հ. Մուրադյանը միայն հիշեցրեց թաղապետ Մ. Սարգսյանի ավելի ուշ արած միջնորդության մասին (05.06.01թ.), որտեղ վերջինս խնդրել է քաղաքապետից կասեցնել շինության ապամոնտաժումը, քանի որ այն վաղեմություն ունեցող կառույց է։ Հ. Մուրադյանը թեեւ այս էլ որերորդ անգամ փորձում է հավատացնել, որ «լայն թափով աշխատանքներ են տանում» անօրինական կառույցները վերացնելու գործում, սակայն դժվար չէ պատկերացնել այդ «կատարված» աշխատանքների արդյունքները։ Եթե քաղաքապետին ենթակա մարմինը չի կատարում հենց իր՝ քաղաքապետի կարգադրությունը, ապա պարզ է, թե ինչպիսին կլինեն մնացած աշխատանքների արդյունքները։ Նշենք նաեւ, որ «Արտակ 85» ՍՊԸ-ի շահագործման ժամկետը նշանակվել է մինչեւ 2001-ի հունիսի 1-ը։ Այնինչ, ՍՊԸ-ն գործում է առայսօր։ ՀԱՍՄԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել