Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւան

Սեպտեմբեր 01,2001 00:00

Երեւան՝ Արա արքայի քաղաք Երեւան քաղաքի անվան ծագումը (անվան բացատրությունը կամ ստուգաբանությունը) դարեր շարունակ եւ, հատկապես այն օրից, երբ Երեւանը դարձավ Հայաստանի գլխավոր քաղաքը, միշտ էլ հետաքրքրել է թե՛ հայերին եւ թե՛ օտարներին: Այս մասին կան տարբեր հավանական, կամ էլ ոչ այնքան հավանական վարկածներ, որոնցից եւ ոչ մեկը, որքան մեզ հայտնի է, գիտական հասարակության եւ ընդհանրապես հայ հասարակության կողմից ընդունված չէ՝ որպես հարցի վերջնական եւ հավաստի լուծում: Ամեն դեպքում մի բան հստակ է. Երեւանի ծննդյան վկայագիր-սեպագիր արձանագրությունում քաղաքի անունը կարդացվում է Էրեբունի: Ինչպես հայտնի է, այս արձանագրության համաձայն՝ մ.թ.ա 782 թվականին Արարատյան թագավորության (Վանի թագավորության) շրջանում Արգիշտի արքան, Հայկ (Խալդ, Հալդ) աստծու օգնությամբ («մեծությամբ») հիմնել է Էրեբունին: Հայտնի է նաեւ, որ սեպագիր արձանագրության լեզվում առկա «բ»-ն հայերենում հնչյունափոխվում է «վ»-ի, այսինքն՝ Էրեբունի = Էրեվանի = Էրեվան = Երեւան: Նշենք նաեւ, որ հայ մատենագիտության մեջ Երեւանը հիշատակվել է Էրեվան, Էրեւան, Էրվան, Էրուան, Արեւան, Իրաւան, Այրավան եւ այլ ձեւերով (Հայկ. սովետ. հանրագիտարան, հ. 3, էջ 550): Տարիներ առաջ, երբ նշվում էր Երեւանի 2750 ամյակը, շրջանառության մեջ դրվեց մի տեսակետ, ըստ որի՝ սեպագրերի լեզվով (մենք այստեղ միտումնավոր խուսափում ենք այս լեզվին որեւէ անուն տալուց, համարելով, որ սույն խնդրահարույց հարցն անմիջականորեն չի առնչվում արծարծվող խնդրին) Էրեբունի նշանակում է հաղթանակ: Օրերս Երեւանի հիմնադրման թանգարանում («Էրեբունի» թանգարան) մեզ տվեցին հենց այս բացատրությունը՝ Երեւանը (Էրեբունին) սեպագրերի լեզվով հաղթանակն է: Մեկ այլ՝ դարեր շարունակ գոյատեւող եւ, միգուցե, ժողովրդի կողմից առավել ընդունված առասպելական վարկածն այն է, որ երբ Նոյ Նահապետը ջրհեղեղից հետո առաջին անգամ ցամաք է տեսել՝ բացականչել է «երեւաց», եւ հենց այս երեւացից էլ առաջացել է Երեւան անունը: Երջանկահիշատակ հայագետ Ռաֆայել Իշխանյանը, որի ավանդն անգնահատելի է Արարատյան թագավորության շրջանի իրական պատմությունը բացահայտելու գործում, արդեն գիտական վերլուծության հիման վրա գրում է. «Էրեբունի կամ Երեւան նշանակել է երեւացող: Իրոք, բերդը բարձր բլուրի վրա է, շրջակայքից երեւացող» (Ռ. Իշխանյան, Պատկերազարդ պատմություն հայոց, 1990թ.): Պատմաբան Անժելա Տերյանն իր «ԱՐ աստծո պաշտամունքը Հայաստանում» (Երեւան, 1995թ.) աշխատության մեջ գրում է. «Արիվան, Էրիվան, Երեւան անունները եւս կապված են ԱՐ աստծո անվան հետ»: Ըստ հեղինակի՝ ԱՐ-ը հայոց մեծագույն աստվածն էր եւ նրա անունով քաղաք կոչելը խիստ հավանական էր: Նա իրավացիորեն նշում է, որ «վան»-ն ունի տեղի, բնակավայրի իմաստ, իսկ ԱՐ-ԷՐ արմատը հենց ԱՐ աստծու անունն է: Իր տեսակետը հիմնավորելու համար Ա. Տերյանը բերում է նաեւ հետեւյալ շատ էական փաստարկը. «ԱՐ-ԷՐ անցումների բազմաթիվ օրինակներ կան Հայաստանում. Արզրում-Էրզրում, Արաքս-Երասխ, Արիմնա-Էրիմնա եւ այլն»: Նշենք, որ Երեւան անվան սույն բացատրությունը մեզ բավական տրամաբանված է թվում՝ միայն մեկ լուրջ վերապահությամբ: Արարատյան թագավորության շրջանում մեծագույն աստվածը Հայկն էր (այս մասին Ա. Տերյանն էլ է նշում): Ուստի, հետեւելով հեղինակի տրամաբանությանը, քաղաքը նրա անունով էլ պետք է կոչվեր: Ինչպես վերը նշել ենք, այս (նաեւ՝ այլ) մեկնաբանություններից որեւէ մեկը դեռեւս չի ընդունվել որպես համընդհանուր տեսակետ: Ուստի մեզ թույլ կտանք առաջ քաշել եւս մեկ վարկած: Մեր կարծիքով, Երեւան անունն անմիջականորեն առնչվում է քաղաքի հիմնադիր արքայի անվանը: Ինչպես գիտենք, Երեւանի ծննդյան վկայագրում սեպագրի լեզվով այն կարդացվում է Արգիշտի: Ռաֆայել Իշխանյանն ապացուցել է, որ Արգիշտին հայկական Արան է, իսկ Արգիշտի Առաջինը՝ Արա Առաջինը (Ռ. Իշխանյան, Հայ ժողովրդի ծագման ու հնագույն պատմության հարցեր, 1988թ.): Արգիշտի172Արա անունների նույնությանը անդրադառնում է նաեւ Սամվել Դիլանյանը՝ իր շատ ուշագրավ «Մոռացաված գանձերի արձագանքը» գիրք172հանրագիտարանում (Երեւան, 2001թ.): Եվ այսպես, հայոց պատմության ամենահզոր արքաներից մեկը՝ Արա Առաջինը մ.թ.ա 782 թվին Արարատի հայացքի ներքո հիմնադրում է նոր քաղաք եւ այն անվանում իր անունով՝ Արավան, այսինքն՝ Արայի քաղաք: Այս հանգամանքը բոլորովին էլ զարմանալի ու տարակուսելի չէ, եթե նկատի ունենանք, որ շատ ու շատ հայ թագավորներ իրենց անուններով են կոչել նոր հիմնադրված քաղաքները (Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Արշակավան): Բացի այդ, որ շատ էական է, պատմագրության մեջ Երեւանի անունը, ինչպես վերը նշել ենք, հիշատակվել է նաեւ այս՝ Արավան ձեւով. (Այրավան = Արավան, այնպես, ինչպես՝ Այրայրատ = Արարատ): Այժմ փորձենք հասկանալ, թե ինչպես է առնչվում Արավանը Էրեբունի-Էրեվան-Երեւանի հետ (այստեղ այլեւս չենք անդրադառնա «վան»-ին): Արարատյան թագավորության գահակալները կրել են Ere (էրե) կամ Eri (Էրի) մականունները, որոնք աղերսվում են Արա անվանը (Հայկական համառոտ հանրագիտարան, հ. 1, 1990թ.), այսինքն՝ Արային կարող էին անվանել նաեւ Էրե կամ Էրի (հնարավոր է՝ հայերենի տարբեր բարբառներում նշված տարբեր ձեւերով է հնչել արքայի անունը): Ուստի քաղաքի անունը սեպագիր արձանագրություններում կարող էր գրվել Էրեվան (Էրեբունի), իսկ բանավոր խոսքում հնչեր Արավան ձեւով (այնուհետեւ ժամանակի ընթացքում բանավոր խոսքում Արավանը, ենթարկվելով հայերենի համար բնական հնչյունափոխության, դարձել է Երեւան): Հնարավոր է նաեւ, որ քաղաքի անունն ի սկզբանե հնչել է երկու հավասարազոր ձեւերով՝ Էրեվան եւ Արավան (արքայի անվան տարբեր արտասանություններին համապատասխան), իսկ հետագայում օգտագործվել է միայն մեկ ձեւը՝ Էրեվանը (Երեւանը): Ի դեպ, հօգուտ Արավան-Երեւան վարկածի կարող է դիտվել նաեւ այն հանգամանքը, որ քաղաքի միջնաբերդն անվանվել եւ այսօր էլ անվանվում է Արինբերդ: Չենք կարող չնկատել, որ Արինբերդ հենց նշանակում է Արայի բերդ. Արինբերդ= Արային բերդ (հիշենք՝ «Ցեղին սիրտը», «Հույսին ճամփան» եւ այլն)= Արինբերդ: Արա Առաջին արքան, ի տարբերություն այլ հայ թագավորների, ովքեր իրենց անունով կոչում էին նորաստեղծ մայրաքաղաքները, իր անունով կոչեց թեեւ բացառիկ ռազմավարական նշանակություն ունեցող քաղաքը, բայց ոչ երկրի մայրաքաղաքը: Թերեւս արքան նախազգում էր, որ իր հիմնադրած եւ իր անունը կրող քաղաքը՝ Արավան-Երեւանը վերջիվերջո դառնալու է հայոց մայրաքաղաքը: Մեր պատմության ամենամեծ, ամենաերեւելի արքաներից մեկի անունը կրող քաղաքին հենց ճակատագրով էր վիճակված հիմնադրումից ուղիղ 27 դար, ուղիղ 2700 տարի հետո դառնալու Հայաստանի մայրաքաղաքը եւ այն էլ՝ բախտորոշ ու փոթորկուն 20-րդ դարում: ԱՐԵԳ ԳՐԻԳՈՐՅԱՆ Տեխ. գիտությունների դոկտոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել