Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերն ամեն գործի սկիզբը լավ են դնում։ Հետո, երբ սկսում են հաջողության հասնել, մի տեսակ հոռանում են։

Սեպտեմբեր 12,2001 00:00

«Բրաբիոն» ծաղկի սրահում վարդերը շուտ են թոշնում Հայերն ամեն գործի սկիզբը լավ են դնում։ Հետո, երբ սկսում են հաջողության հասնել, մի տեսակ հոռանում են։ «Բրաբիոն» ծաղկի սրահը տարիներ առաջ ուներ այնպիսի համբավ, որ համապատասխանում էր իր սահմանած բարձր գներին։ Սրահը հեղինակություն էր վայելում, թեկուզ միայն նրանով, որ այնտեղ ամեն ինչ շատ թանկ էր։ Եվ այն միտքը, որ եթե թանկ է, ուրեմն լավն է, ապահովում էր գնորդներ ֆիրմայի համար։ Հիմա էլ մարդիկ իներցիայով գնում են այնտեղ՝ փնտրելով որակյալն ու գեղեցիկը, բայց արի ու տես, որ խաբվում են (հուսանք՝ ոչ միշտ)։ Չնսեմացնելով «Բրաբիոնի» անցած տարիներին ձեռք բերած վաստակը, այսօր այդ ֆիրմայում եւս մտածում են, թե թույլատրելի է ցանկացած գնով փող աշխատել ու իրենց խոտան ապրանքը «սաղացնել» մարդկանց վրա։ Այն, ինչը արվում է հայկական բիզնեսի համարյա բոլոր ոլորտներում, օտար չէ «Բրաբիոնին»։ Այլապես ինչպե՞ս բացատրել, որ պատվիրված ծաղկազամբյուղը, որն արժեր 200 դոլարից ավելի, հաջորդ օրն իսկ վերածվեց աղբակույտի (թափվել էին վարդերի համարյա բոլոր թերթերը)՝ հասկանալի զայրույթ եւ դժգոհություն պատճառելով պատվիրատուին։ Փորձեցինք պարզել կատարվածի պատճառը։ Տնօրեն Ա. Չոբանյանին երեք շաբաթ անարդյունք փնտրելուց հետո, դիմեցինք ֆիրմայի պատասխանատու Հասմիկ Թաշչյանին, որը պատվերն ընդունելու օրերին այնտեղ չէր եղել, հետեւաբար, անմիջական պատասխանատվություն չէր կրում։ Սակայն, պարզաբանելով մեր հարցերը, նա շատ հետաքրքիր եզրահանգումներ կատարեց՝ օրինակ, այն, որ պատվիրատուն է ընտրել ծաղիկները, հետեւաբար մեղավորն ինքն է։ Գնորդը, բնականաբար, ընտրել է առաջարկված ծաղիկներից լավագույնները։ Կարելի է պատկերացնել, թե վատե՛րն ինչպիսին են։ Պարզվում է, գնորդները պիտի իմանան, թե որ ծաղիկներն են, որ զամբյուղի մեջ տեղավորելուց հետո մի քանի ժամից պիտի պայթելով բացվեն։ – Ծաղիկները մեզ մոտ պահվում են սառնարանում,- բացատրեց Հ. Թաշչյանը,- եւ տաք օդում անմիջապես բացվում են, գուցե տեղափոխելո՞ւց են փչացել։ Գուցե՛, սակայն դա էլ արդարացում չէ. տեղ է հասցվել ֆիրմայի մեքենայով։ Թող այն սառնարան ունենա իր խցիկում։ Եթե ընդունենք նույնիսկ, թե կարեւորը միայն մատուցելուց ստացված տպավորությունն է։ Պատվիրատուն դիմելով «Բրաբիոնին», ակնկալիք ունի նվիրելու ոչ միայն գեղեցիկ, այլեւ լավ պահպանվող ծաղիկներ։ Ինչեւէ, ֆիրման ներողություն խնդրելուց զատ (վնասի հատուցում սրահը չի նախատեսում) խոստացավ մասամբ փոխհատուցել գումարը, եթե այս հրապարակումը չլինի։ Մեր այն փաստարկին, թե այդ դեպքում ուրիշ գնորդներ կհայտնվեն նմանօրինակ վիճակում եւ սա ուղղակի զգուշացում է, որ «Բրաբիոն» ֆիրմայից օգտվողներն ավելի զգոն լինեն, եւ, եթե իրենք պիտի ընտրեն ծաղիկները, չխաբվեն, Հ. Թաշչյանը զարմացավ. «Հիմա ո՞վ է այդպիսի բարձր բաներից խոսում. դա ձեզ ինչ կտա»։ Գուցեեւ ոչինչ, բայց աշխարհում ամեն ինչ չէ, որ շահի է ենթակա եւ ամեն դեպքում չէ, որ գործում է բիզնեսի օրենքը։ ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել