Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԵՆՑԱՂԸ ԽԵՂԴՈՒՄ Է ՕԶՈՆԻՆ

Սեպտեմբեր 15,2001 00:00

ԿԵՆՑԱՂԸ ԽԵՂԴՈՒՄ Է ՕԶՈՆԻՆ Սակայն օծանելիքից, սառնարանից եւ անձնական ու կենցաղային օգտագործման այլ իրերից հրաժարվելու կարիք չկա։ Պարզապես օզոնի պահպանման խնդրում անձնական ներդրումն ունենալու համար անհրաժեշտ է ապրանքներ գնելիս ընտրել «CFC tree» (օզոնի համար անվտանգ է) պիտակով ապրանքներ։ Այս պարզ դրույթով մեր մտավախությունները փաստեցին երեկ ՄԱԿ-ում հրավիրված օզոնային շերտի պահպանման միջազգային օրվան նվիրված միջոցառման կազմակերպիչ-մասնակից մասնագետները՝ ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրերի, ՀՀ բնապահպանության նախարարության, էկոլոգիական հարցերով զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչները։ 1985-ին Վիեննայում ընդունվել է «Օզոնի շերտի պահպանման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան, 1987-ի սեպտեմբերին «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրությունը, որոնք պարտավորվում են ապահովել մարդկանց առողջությունը եւ շրջակա միջավայրի պահպանությունը՝ օզոնային շերտի քայքայման հետեւանքներից։ Փաստաթղթերը կարգավորում են էկոլոգիական տեսակետից ամենավտանգավոր օզոն քայքայող նյութերի արտադրությունն ու գործածությունը՝ օզոնավտանգ տեխնոլոգիաներ ներդնելու միջոցով։ 1999-ին ՀՀ ԱԺ-ի որոշմամբ Հայաստանը եւս միացել է այդ պայմանագրերին։ Ներկայումս պայմանագրերին միացած երկրների թիվը 176-ն է։ Հանդիպմանը մասնակցող ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանն իր ելույթում նշեց, որ ս/թ սեպտեմբերի 13-ին եւս ՀՀ կառավարությունն ընդունել է օզոնային շերտը քայքայող նյութերի հանրապետություն ներմուծումը կարգավորող մի փաստաթուղթ։ Չնայած ելույթներում ընդգծվող այն մտքին, որ Հայաստանը օզոնի շերտի քայքայման լուրջ ներդրում չունի, եւ չի կարող ունենալ, այնուամենայնիվ անհրաժեշտություն կա մշտապես հիշելու, որ օզոնային շերտին լուրջ վտանգ է սպառնում, որ այն անմիջական կապ ունի մարդու գործունեության հետ եւ որ դա հնարավոր է վնասազերծել միայն միասնական ուժերով։ Որքան էլ կատարյալ ու ամբողջական լինեն ընդունվող որոշումները, որեւէ կառավարություն ի վիճակի չէ միայնակ լուծել խնդիրը։ Ամերիկյան վերջին դեպքերի համատեքստում, որեւէ երկրի նկատմամբ, այսպես կոչված, «օզոնային տեռոր» կազմակերպելու հնարավորությունը մասնագետները բացառեցին, քանզի դա կործանարար կլինի ողջ աշխարհի համար։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել