Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Գլխավոր

Սեպտեմբեր 25,2001 00:00

ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ՓՐԿՎԵՑ Գլխավոր դատախազությունը մերժել է քրեական գործ հարուցել ԲԷՑ-երի օրինագծի վերաբերյալ արձանագրված կեղծիքների առնչությամբ՝ «հանցագործության դեպքի բացակայության պատճառով»։ Խորհրդարանական անխտիր բոլոր քվեարկություններն ուղեկցվում են կեղծիքներով. միշտ պատգամավորները մեկը մյուսի փոխարեն են գրանցվում, միմյանց քվեարկության կոճակները սեղմում։ Ամեն օր կրկնվող քրեորեն պատժելի այս գործողությանը վարժվել են գրեթե բոլորը (բացառությամբ Արշակ Սադոյանի), լրագրողները կարող են անուն առ անուն թվարկել այն պատգամավորներին, որոնց միակ գործն այս խորհրդարանում ուրիշների կոճակների վրա դաշնամուր նվագելն է։ Այս ամենին արդեն առանձնապես ուշադրություն էլ չեն դարձնում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ քվեարկվողն իրոք խիստ կարեւոր օրինագիծ է, ինչպիսին, օրինակ, ԲԷՑ-երի մասնավորեցման մասին օրենքն էր։ Հուլիսի 27-ին, ընդամենը հավելյալ մեկ ձայնի շնորհիվ, անցավ այս օրենքը եւ տեղում արձանագրվեց, որ առնվազն մեկ ձայն անտարակույս կեղծվեց այդ քվեարկության ժամանակ։ Օրենքի հակառակորդներն այս պարագայում հետեւողական եղան եւ դիմեցին այն բոլոր ատյանները, ուր հնարավոր էր դիմել. «Օրինագծի քվեարկության ժամանակ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանն ի չարն է գործադրել իր պաշտոնեական դիրքը եւ թույլ տվել պաշտոնեական լիազորությունների սահմանների անցում. այն է՝ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 113 հոդվածի 2-րդ մասի համաձայն չի կրկնել քվեարկությունն այն դեպքում, երբ քվեարկության ընթացքում թույլ են տրվել որոշման ընդունման վրա ազդող քվեարկության կարգի խախտումներ»։ Գլխավոր դատախազին ուղղված Արշակ Սադոյանի եւ Ստեփան Զաքարյանի այս դիմումին օրերս պատասխանել է պետական շահերի պաշտպանության վարչության պետ Գեւորգ Դանիելյանը եւ հայտնել. «Նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է»։ Պատգամավորներն իրենց դիմումի պնդումները հիմնավորելու համար, որպես փաստարկ, օգտագործել էին մամուլի հրապարակումները, ըստ որոնց՝ Արմեն Հակոբյանը քվեարկել է Մարտին Սուքիասյանի փոխարեն։ Պետական շահերի պաշտպանության վարչության դատախազն իր պատասխանում նշում է. «Պատգամավոր Արմեն Հակոբյանը ՀՀ գլխավոր դատախազությունում բացատրություն է տվել այն մասին, որ ինքը մասնակցել է օրինագծի քվեարկությանը եւ որեւէ մեկի փոխարեն չի քվեարկել, ուրիշ պատգամավորի կոճակ չի սեղմել։ Պատգամավոր Մարտին Սուքիասյանն իր բացատրության մեջ նշել է, որ ինքն անձամբ մասնակցել է նշված օրինագծի քվեարկությանը եւ սեղմել քվեարկության իր կոճակը»։ Բնական էր, որ այս պատգամավորները պիտի հանձն չառնեին կատարված կեղծիքը՝ հակառակ պարագայում նրանք պիտի քրեական պատասխանատվության ենթարկվեին։ Ե՛վ այդ, ե՛ւ նաեւ այն պատճառով, որ այս օրենքն անցկացնելը կառավարության ջերմ փափագն էր, բնական է նաեւ, որ այլք չեն մատնել իրենց գործընկերներին. «Բացատրություններ են վերցվել նաեւ պատգամավորներ Արմեն Հակոբյանի եւ Մարտին Սուքիասյանի անմիջական հարեւանությամբ նստած պատգամավորներից, մասնավորապես՝ Մանվել Ղազարյանից, Գագիկ Մելիքյանից, Գեւորգ Դավթյանից եւ Հենրիկ Աբրահամյանից, որոնք նշել են, որ Արմեն Հակոբյանը որեւէ այլ պատգամավորի փոխարեն չի քվեարկել»։ Զավեշտն այն է, որ թվարկվածներից Հենրիկ Աբրահամյանն ամենահաճախն է մատնանշվում լրատվամիջոցներում՝ որպես ուրիշների փոխարեն քվեարկող։ Սակայն դատախազության պատասխանում մեկ այլ վիճահարույց պնդում էլ կա. «Ըստ նիստի սղագրման արձանագրության, Արմեն Հակոբյանի կողմից մեկ այլ պատգամավորի փոխարեն քվեարկելու վերաբերյալ նիստի ընթացքում հարց չի բարձրացվել։ Նման պայմաններում ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի կողմից «ԱԺ կանոնակարգ» օրենքի 113 հոդվածի 2-րդ մասի պահանջները չկատարելու վերաբերյալ ներկայացված փաստարկները չեն հիմնավորվել»։ Այս պնդման իսկությունը վիճարկեց ՀԺԿ քարտուղար Ստեփան Զաքարյանը. «Եթե դատախազությունը ԱԺ աշխատակազմից նիստի սղագրման արձանագրությունն է վերցրել եւ այդ տվյալներն այնտեղ բացակայում են՝ սա, ուրեմն, մի նոր կեղծիք է։ Ովքեր ներկա են եղել՝ գիտեն, որ նիստի ընթացքում այլ պատգամավորի փոխարեն քվեարկելու վերաբերյալ հարցն արծարծել է ե՛ւ Արշակ Սադոյանը, ե՛ւ Շավարշ Քոչարյանը։ Եթե հիշում եք, դրա շուրջ նույնիսկ վեճ եղավ։ Եվ միանշանա՛կ է, որ Արմեն Խաչատրյանը պարտավոր էր այդ հարցը դնել վերաքվեարկության»։ Ստեփան Զաքարյանն անդրադարձավ նաեւ այն հանգամանքին, թե ինչպես է քննվել իրենց դիմումը. «Զարմանալի է՝ մենք ենք դիմել դատախազությանը, բայց մեզ ո՛չ կանչել են, ո՛չ բացատրություններ պահանջել։ Եվ հետաքրքիր է, որ հարցրել են միայն այն մարդկանց, ովքեր ինչ-որ տեղ շահագրգիռ էին, որ օրենքն անցնի»։ Դիմումի հեղինակները պիտի խորհրդակցեն իրավաբանների հետ, որպեսզի պարզեն դատախազության այս մերժումը բողոքարկելու հնարավորությունը։ Բայց անկախ ամեն ինչից՝ այս ամենը շուտով քննության առարկա է դառնալու նաեւ Սահմանադրական դատարանում։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել