Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՎԱՐՉԱՊԵՏԻ ՏԱԿԻ ԱԹՈՌԸ

Սեպտեմբեր 25,2001 00:00

ԵՐԵՍՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ Սեպտեմբերի 21-ի Ռոբերտ Քոչարյանի ելույթից. «Մեր հասարակության մեջ կայունության հիմքը պետք է դառնան տնտեսության մասնավոր հատվածը եւ կայացած միջին դասը… Մասնավոր տնտեսական շահերի կուտակումը, դրանց ազդեցությունը քաղաքական ուժերի մեջ կձեւավորի պատասխանատվություն, ինչն իր հերթին կհանգեցնի հասարակական տեւական կայունության: Սա ագրեսիվ հեղափոխականության չեզոքացման ամենաճիշտ ուղին է»: Ցանկացած բանական, ժամանակակից մարդ, հավանաբար, պետք է ստորագրի այդ բառերի տակ: Բայց երբ դրանք արտասանում է երկրի ղեկավարը, նույնքան բնական հարց է ծագում՝ իսկ ի՞նչ է նա անում այդ բաղձալի, կայուն ժամանակները մոտեցնելու համար: Այսօր, երբ ամբողջ բիզնեսը բաշխված է Միկայի, Լֆիկի, Գրանդ Տոբակիչի եւ մի շարք այլ, իշխանությունից ամբողջությամբ կախված բիզնեսմենների մեջ, արդյոք որեւէ նախադրյալ կա՞ միջին խավի ձեւավորման համար: Արդյոք որեւէ մարդ կարո՞ղ է իր, թեկուզ միջին, բիզնեսը սկսել՝ առանց Սերժ Սարգսյանի թույլտվությունը հարցնելու, առանց վերոհիշյալ գործարարների «թրի տակով անցնելու»՝ կամ մտիր իշխանական թայֆայի մեջ, կամ բռնիր գաղթի ճանապարհը: Արդյոք Հայաստանում ամենախոշոր բիզնեսով չե՞ն զբաղվում Պաշտպանության, ՆԳ եւ ԱԱ նախարարությունները, իսկ մնացածներին այդ գերատեսչությունները չե՞ն խեղդում, ճնշում եւ կեղեքում: Այս նախարարությունները չե՞ն, որ հարկայինի, մաքսայինի, դատախազության եւ դատարանների հետ յուրահատուկ տնտեսական-կիսաքրեական սինդիկատ են ստեղծել: Եվ այդ փնթի (կամ փնթիների) տնտեսությամբ հնարավո՞ր է միջին խավ ստեղծել ու խուսափել ագրեսիվ հեղափոխականությունից: Եվ վերջին հարցը. ինչպե՞ս է կոչվում այն մարդը, որը ճիշտ բառեր է արտասանում, բայց իրական կյանքում անում է տրամագծորեն հակառակը: ՎԱՐՉԱՊԵՏԻ ՏԱԿԻ ԱԹՈՌԸ Հանրային հեռուստատեսության պատրաստած «Անկախության 10 տարին» տեսաֆիլմը (որը աշխատավորների բազմաթիվ խնդրանքներով անցած շաբաթ ցուցադրվել էր երկու անգամ) ոչնչով չէր տարբերվում քոչարյանական «ագիտպրոպի» այլ արտադրանքներից՝ փաստերի միտումնավոր խեղաթյուրում, նախկինների փնովում, ներկաների փառաբանում: Միակ հետաքրքիր եւ հիշատակման արժանի դրվագը վարչապետ Անդրանիկ Մարգարյանն էր, ավելի ճիշտ՝ նրա աթոռը: Տեսաֆիլմում, երբ նժդեհական վարչապետը արտասանում էր քծնանքի իրեն բաժին ընկած խոսքերը, նրա տակի բազկաթոռը մանր եւ ռիթմիկ ցնցումներ էր տալիս: Երկուսից մեկը. կամ պրն Մարգարյանին նկարահանել են ինչ-որ նյարդային հիվանդության սուր նոպայի պահին, կամ էլ դա գեղարվեստական հնարք է՝ խորհրդանշելու համար, որ վարչապետի տակի աթոռը երերում է: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել