Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՇՎԻ ՉԻ ԱՌՆՎԵԼ ՄԱՐԴՈՒ ԱՆՁԸ

Սեպտեմբեր 25,2001 00:00

ՀԱՇՎԻ ՉԻ ԱՌՆՎԵԼ ՄԱՐԴՈՒ ԱՆՁԸ «Միասնություն» խմբակցության ղեկավար եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության քաղխորհրդի անդամ Գալուստ Սահակյանն այսպես գնահատեց նախկին քաղբանտարկյալ, ՔԴՄ հիմնադիր Ազատ Արշակյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու փաստը. «Կարծում եմ, երբեմն-երբեմն մեր դատական օղակները որոշակիորեն առանձնահատուկ ուշադրություն չեն դարձնում մարդու անձին։ Մինչդեռ ողջ արդարադատությունը կապված է մարդու անձի եւ նրա իրավունքների պաշտպանության հետ։ Գտնում եմ, որ ոչ թե դատարանը սխալ վճիռ է կայացրել, այլ, պարզապես, խորամուխ չի եղել հարցի էությանը։ Եվ կարծում եմ, որ ճիշտ կլիներ Ազատ Արշակյանի խափանման միջոցը փոխելը՝ կալանքը չընտրելը։ Մանավանդ որ Ազատ Արշակյանն այն անձնավորությունն է (անկախական եւ ոչ ինչպես բնորոշվեց պաշտոնական հաղորդագրության մեջ՝ նախկինում դատված), որն անկախության մարտիկներից մեկն է եւ մե՛ծ դեր ունեցող մարտիկներից մեկը։ Կարելի է ասել, որ նաեւ հերոսացումների ճանապարհ անցնելու խնդիր կա։ Բնական է, կալանքը չեմ ընդունում իրավացի վիճակ Ազատ Արշակյանի դեպքում, իսկ արդարադատության մարմինն առանց կալանավորելու կարող էր տանել այդ գործի քննությունը։ Եթե այն ժամանակ Ազատ Արշակյանը փախուստի չէր դիմել կամ ինչ-ինչ լծակներից չէր օգտվել՝ այսօր, իր երազած անկախության պայմաններում առավել եւս նման քայլերի չէր դիմի։ Ուստի, կարելի էր ավելի խորը մտածել եւ առավել ճիշտ որոշումներ ընդունել»։ Ա. Ի. Հ. Գ. Ազատ Արշակյանի վերաբերյալ իշխանամետ մամուլի հրապարակումները եւս մի ապացույց դարձան, որ նրանք խնդիր են դրել հակառակվել այն ամենին, ինչ կպաշտպանի ընդդիմադիր մամուլը։ Իրենց գործն է։ Սակայն արժեր, այնուամենայնիվ, գոնե փորձ անել պահպանել չափի զգացումը։ Կարելի էր, ասենք, փոքր-ինչ զսպել չարախնդությունը եւ մաղձը, երբ խոսքը բանտարկված մարդու մասին է կամ ի ցույց չդնել սեփական տգիտությունը՝ ՔԴՄ-ն «ՀՀՇ-ից պոկված բեկոր» անվանելով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել