Լրահոս
Օրվա լրահոսը

Ասում

Սեպտեմբեր 28,2001 00:00

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԽԱՂ ԵՆ ՍԿՍԵԼ» Ասում է Արամ Սարգսյանը Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանն անցած չորեքշաբթի հանդիպեց Դիլիջանի բնակչության հետ։ Որեւէ լրատվամիջոց ներկա չի եղել հանդիպմանը, եւ, փաստորեն, չեն լուսաբանվել մի քանի տհաճ միջադեպեր։ Արամ Սարգսյանի ներկայացմամբ՝ իրենց կուսակցության հանդիպմանը դիլիջանցիների հետ իշխանությունները փորձել են խոչընդոտել։ Հանդիպման նախապատրաստական աշխատանքները կատարվել են ինչպես կարգն է։ Կուսակցությունը այցելության մասին վաղօրոք տեղեկացրել է քաղաքապետին եւ իրավապահներին։ Քաղաքապետը շատ սիրալիր է ընդունել, եւ նույնիսկ ասվել է, թե քաղաքապետարանի աշխատողներն էլ կմասնակցեն հանդիպմանը։ Սակայն հանդիպումից մեկ ժամ առաջ քաղաքապետարանում քարտուղարուհուց բացի ոչ ոք չի եղել, բնակիչները եւս առանձնապես ակտիվ չեն գտնվել։ Արամ Սարգսյանի եւ իր կուսակիցների միջոցով պարզվել է, որ պարզապես արգելել են մարդկանց գալ եւ ներկա գտնվել հանդիպմանը։ Դահլիճը տրամադրվել է դժկամությամբ։ Շենքի չորս հարկում էլեկտրական հոսանք եղել է, իսկ հինգերորդ հարկը, որտեղ դահլիճն է, հոսանքազրկվել է։ Դիլիջանցի ուսանողներին էլ ոչ ճիշտ տեղեկություն էր տրվել Դեմկուսի մասին եւ «խորհուրդ» էր տրվել չմասնակցել հանդիպմանը։ Չնայած արգելքներին, հանդիպումը կայացել է, եւ մոտ 60 հոգի համարձակվել է մասնակցել։ Սակայն հայտնվել է ոմն օպերատոր, որը նկարահանել է ամբողջ հանդիպումը, ինչը մարդկանց կաշկանդել է, քանի որ ակնհայտ է եղել, որ օպերատորն այնքան էլ օպերատոր չէ, այլ՝ հատուկ ծառայությունների աշխատակից։ Այս ամենը պատմելուց հետո, Արամ Սարգսյանն, ընդհանրացնելով, ասաց. «Այս ոստիկանական միջամտությունը եւ մարդկանց ահաբեկելը մեզ համար ակնհայտ է։ Հանդիպումից հետո մեզ «ուղեկցում» էին արդեն բացահայտ։ Այս ամենը հիմք է տալիս մտածելու, որ մի ահավոր վախ է մտել այս իշխանությունների մեջ, արդեն իրենց շվաքից են վախենում եւ, իհարկե, փորձ են անում ահաբեկել բնակչությանը, արգելել քաղաքական ուժերի հետ հանդիպումները»։ Պրն Սարգսյանի գնահատմամբ, եթե սա լիներ մեկ եզակի դեպք, կարելի էր եւ չանդրադառնալ, բայց «երբ սկսում ես վերլուծել նման դեպքերի շարանը, պարզ է դառնում, թե ինչ է կատարվում։ Այսպես կոչված, անկախ հեռուստակայանները միանգամից, չգիտես ինչու, իրենց քաղաքական հաղորդումները հանել են իրենց ծրագրերից։ Երբ տեսնում ես, որ «Նոյյան տապանին» արգելում են հեռարձակվել, որովհետեւ «5-րդ խոսափող» ունի, երբ տեսնում ես, որ հանրահավաք են կիսաարգելում, սադրանք են հրահրում, որպեսզի մեղադրեն կազմակերպիչներին, ուղղակի պարզ է դառնում, որ այսօրվա իշխանությունները բավականին վտանգավոր խաղ են սկսել»։ Արամ Սարգսյանի ասելով, իրենց վախը շատ վաղուց է չափված, եւ կարծում է, որ այս ամենը բերելու է նրան, որ «դիմադրությունը շատ ավելի է մեծանալու, սա բերելու է նրան, ինչից ուզում են մեզ բոլորիս զերծ պահել՝ ապակայունացման, առճակատման։ Իսկ եթե այդպես է, ապա պետք է մտածել, որ դա էլ հենց իրենց նպատակն է. ապակայունացնել եւ փորձել բոլոր ընդդիմախոսների հետ իրենց հաշիվները մաքրել»։ Այսօր Արամ Սարգսյանը խոսում է այսօրվա իշխանությունների մասին այնպես, կարծես ինքը ժամանակին այդ նույն իշխանությունների հետ չի աշխատել, չի պաշտպանել Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը եւ չի եղել նրա խորհրդականը։ Մեր այս հիշատակումները պրն Սարգսյանը չժխտեց, բայց ասաց. «98-ին մենք բացահայտ պաշտպանեցինք Ռ. Քոչարյանի թեկնածությունը, եւ հիմնական պատճառը կապված էր ղարաբաղյան հիմնահարցի հետ։ Այն ժամանակ, այո՛, մենք գտանք՝ իսկ ո՞վ ավելի լավ այդ հարցը կլուծի, քան Ռոբերտ Քոչարյանը։ Մենք դիտարկում էինք, որ նա վարչապետ եղած ժամանակ որոշակի լուրջ աշխատանք տարավ։ Այսինքն՝ օբյեկտիվ պայմաններ կային, որ մենք պաշտպանենք։ Եվ ես առանց վարանելու համաձայնեցի աշխատել։ Բայց հետո ես դուրս եկա իմ դիմումի համաձայն։ Ուղղակի ես այն անձնավորություններից եմ, որ դուռը չեմ շրխկացնում եւ դրանից շոու չեմ սարքում»։ Խնդիրներ կային նաեւ գաղափարական մասում. «Մենք ինչու իշխանափոխություն հասկացողությանը կողմնակից չենք։ Եթե մենք նպատակ ենք դնում իշխանափոխությունը, ստացվում է, որ Պողոսին Պետրոսով ենք փոխարինում։ Մի անգամ արդեն արեցինք դա։ Այն ժամանակ մենք ռեժիմի դեմ էինք պայքարում։ Հիմա, եթե գնում ենք այդ ալյանսին, ո՞րն է դրա նպատակը։ Հետո՝ արդյո՞ք Սահմանադրության հարցում գալու ենք ընդհանուր համաձայնության, որպեսզի հետո չընկնենք այսքան ծայրահեղ դիրքորոշումների մեջ։ Մեր նպատակը դա է, սահմանադրորեն ձեւավորենք այնպիսի պետական համակարգ, որտեղ նախագահը պետության գլուխ է, գլխավոր հրամանատար է, բայց գործադիր իշխանության ղեկավար չի»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել