Լրահոս
Օրվա լրահոսը

Անկախ

Սեպտեմբեր 28,2001 00:00

Փոխվում է ջրի «հունը» Անկախ այն բանից, թե որ երկրում է ապրում մարդը կամ ինչպիսի տնտեսական կացութաձեւ ունի տվյալ պետությունը, ջուր խմելու ցանկությունը մնում է անփոփոխ եւ կենսագործունեության համար անհրաժեշտ միջոցների շարքում երկրորդն է՝ օդից հետո։ Շուկայական հարաբերությունների ձեւավորման արդի փուլում, անկախ պետականության կերտման դրոշի ներքո շատ եւ շատ նյութական ու բարոյական արժեքներ դարձել եւ դառնում են առուծախի առարկա կամ, մեղմ ասած, սեփականաշնորհման գործարքի օբյեկտ։ Անցած տարիներին հախուռն սեփականաշնորհման արդյունքում վաճառքի է հանվել՝ ինչ հնարավոր էր։ Մինչ օրս ամբողջապես չի մշակված տնտեսության զարգացման ռազմավարությունը: Առանձին ճյուղերի ծրագրային զարգացումները հաճախ բխում են տվյալ նախարարի իմացության աստիճանից եւ աշխատելու ժամանակացույցից։ Կենսապահովման ոլորտի նկատմամբ ոչ ճիշտ պատկերացումները այդ ոլորտների միջոցները դարձրել են սեփականաշնորհման առարկա՝ փուլային եղանակով։ Այս օրերին օրենսդիրի քննարկմանն է ներկայացվում ոռոգման եւ խմելու ջրի, այլ կերպ ասած՝ ջրային տնտեսության գործունեության արդիականացման խնդիրները։ Ի պատիվ որոշ օրենսդիրների, փորձ է արվում բացել այդ տնտեսության խոհանոցը։ Արհմիությունները, որոնք կոչված են պաշտպանելու աշխատավորության սոցիալական շահերը, չեն կարող անտարբեր մնալ շարքային մարդու կենսապահովման հարցերի նկատմամբ։ Թե ուր է տանում ջրային տնտեսության ռազմավարությունը, դժվար չէ կանխատեսել՝ համադրելով առանձին գործողություններ եւ նախաձեռնություններ։ Եվ այսպես, Երեւան քաղաքում ջրային տնտեսության կառավարումը պայմանագրային կարգով տրվել է իտալացիներին։ Այս ձեւով մի փոքր հեռացվեց ջուրը մեզանից, այլ կերպ ասած, փոխվում է ջրի հունը… Հետագայում ջրային տնտեսությունը օտարելու իր մտադրությունը կառավարությունը կհիմնավորի այն փաստարկով, որ ոչ ոք չի ցանկանում զբաղվել միայն մենեջմենթի հարցերով եւ միայն Երեւան քաղաքում։ Քայլ երկրորդ՝ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնություն հանդես բերվեց ջրային տնտեսության ակտիվները վերագնահատելու համար։ Այս պայմանը կատարելու դեպքում ապագա գնորդին կներկայացվի արժեքավոր համակարգ։ Քայլ երրորդ՝ ԱԺ-ում խոսվում է ջրային տնտեսության կազմակերպություններին սոցիալական եւ հարկային պարտքերից ազատելու մասին։ Ապագա գնորդը ազատված կլինի պարտքեր վճարելուց։ Համադրելով այս երեք կարեւորագույն փաստարկները, տեսնում ենք, որ մի կարճ ժամանակ հետո ջրային տնտեսությունը կներկայացվի սեփականաշնորհման, ինչպես, ասենք, էներգետիկ բաշխիչ ցանցերը կամ հեռախոսային կապը։ Այս բոլորից հետեւում է, որ իրոք մեր երկրում չկա տնտեսության զարգացման ռազմավարության ծրագիր եւ սոցիալապես անապահով վիճակում հայտնված ժողովրդի գոյապահպանության հայեցակարգ։ Հակառակ պարագայում, ժողովրդից չէր վերցվի լույսը, հեռախոսը, ջուրը։ Աստված մի արասցե, եթե հանկարծ կառուցվածքային բարեփոխումների շրջանակներում ստեղծվի կառավարությանն առընթեր օդային տնտեսություն եւ այն, արդեն հայտնի փուլային եղանակով, սեփականաշնորհվի։ ԳԱՌՆԻԿ ՎԱՂԱՐՇԱԿՅԱՆ Հայաստանի բուհերի աշխատողների եւ ուսանողների արհմիության հանրապետական խորհրդի նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել