Լրահոս
Օրվա լրահոսը

Թե՞ կլինի արտահերթ

Հոկտեմբեր 02,2001 00:00

ԿԿԱՅԱՆԱ՞ ՀԵՐԹԱԿԱՆ 13-ՐԴԸ Թե՞ կլինի արտահերթ ԱԺՄ-ում աշնանային թեժացումները շարունակվում են։ Ֆիլարետ Բերիկյանի, Սեյրան Ավագյանի եւ Սեմյոն Բաղդասարյանի «թեւը» որոշել է հոկտեմբերի 6-ին հրավիրել կուսակցության արտահերթ համագումար։ Իսկ Վազգեն Մանուկյանական «թեւը» շաբաթ օրը հրավիրած մամլո ասուլիսի ժամանակ փորձեց ապացուցել, որ այդ համագումարը չի կարող տեղի ունենալ, քանի որ դրա հրավիրումը հակականոնադրական է, իր հերթին ԱԺՄ-ի այս կողմը որոշել է հրավիրել կուսակցության հերթական 13-րդ համագումարը։ Ըստ կուսակցության վարչության անդամ Ալեքսանդր Բուտաեւի եւ լրագրողներին բաժանված հայտարարության, համագումարը հրավիրելու մասին որոշումն ընդունվել է սեպտեմբերի 22-ին կուսակցության խորհրդի նիստում (նիստին մասնակցել են խորհրդի 40 անդամներից 31-ը)։ Հոկտեմբերի կեսերից կսկսվեն կուսակցության մասնաճյուղերի կոնֆերանսները։ Կոնկրետ հայտարարություն արվեց այն մասին, որ կուսակցության կանոնադրությանը հակասող քայլեր կատարող անդամները մինչեւ հոկտեմբերի 5-ը կհեռացվեն ԱԺՄ-ից։ Ֆիլարետ Բերիկյանը ժամանակին պնդում էր, թե կուսակցության խնդիրներն իրենք պատրաստ են լուծել նաեւ դատական ճանապարհով։ Ալ. Բուտաեւն այն կարծիքին է, որ նման քայլ կատարելուց առաջ հակառակ կողմին թերեւս ինչ-որ խոստումներ են տրվել եւ, որ Ֆիլարետ Բերիկյանը եւ մյուսները օգտագործվում են ինչ-որ մեկի կողմից. «Ով որ նրանց խոստում է տվել, կօգտագործի եւ դեն կշպրտի։ Եթե օգտագործվում են, թող օգտագործվեն, ի՞նչ անեմ»։ Մանուկյանական «թեւի» կարծիքով, հակառակ կողմը նման պահվածք է դրսեւորել, քանի որ ստիպված է եւ, որ ոմանք նրանցից պարզապես պատանդ են. «Նրանց միջուկը կախված է Հովհաննիսյանից, որը մեր նախարարությունում (խոսքը պետեկամուտների նախարարության մասին է- Մ.Ե.) գլխավոր վարչության պետն է, եւ իրենք ստիպված են այդ քայլերն անել, որովհետեւ կարող են իրենց հեռացնել։ Այդ մարդիկ պատանդ են»։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել