Լրահոս
Օրվա լրահոսը

Պրոֆեսիոնալ շախմատիստների համաշխարհային դասակարգման վարկանիշային վերջին ցուցակում (հոկտեմբերի 1-ի դր

Հոկտեմբեր 03,2001 00:00

ՍԵՊՏԵՄԲԵՐԸ ՀԱՋՈՂ ԱՄԻՍ ԷՐ Պրոֆեսիոնալ շախմատիստների համաշխարհային դասակարգման վարկանիշային վերջին ցուցակում (հոկտեմբերի 1-ի դրությամբ) առաջին տասնյակը ոչ մի փոփոխություն չի կրել։ Առաջին տեղում աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովն է։ Գործակիցների չնչին տարբերությամբ երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Վլադիմիր Կրամնիկը։ Եռյակը եզրափակում է հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը։ Երանելի տասնյակում ըստ հերթականության տեղ են գտել նաեւ Վեսելին Տոպալովը (Բուլղարիա), Պետեր Լեկոն (Հունգարիա), Ալեքսանդր Մորոզեւիչը (Ռուսաստան), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), Ալեքսանդր Խալիֆմանը (Ռուսաստան), Մայքլ Ադամսը (Անգլիա) եւ Բորիս Գելֆանդը (Իսրայել)։ Հայաստանցի ութ գրոսմայստեր կա ընդգրկված 251 հոգուց կազմված այս ցուցակում, որտեղ նվազագույն վարկանիշը 2500 է։ Մեր տղաներից լավագույնը օրերս Հայաստանի չեմպիոնի կոչումը հերթական անգամ նվաճած միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանն է։ Նախորդ ցուցակի հետ համեմատած, նա չորս քայլով մոտեցել է ուժեղագույններին եւ այժմ զբաղեցնում է 21-րդ հորիզոնականը։ Հայաստանցի ամենափորձառու շախմատիստ Ռաֆայել Վահանյանը, որն արդեն մի քանի տարի Գերմանիայում է եւ մասնակցում է այդ երկրի Բունդեսլիգայի առաջնությանը, մեկ աստիճան նահանջել է՝ հանգրվանելով 40-րդ տեղում։ Մեր հանրապետության ներկայիս ուժեղագույն գրոսմայստերներից մեկը՝ Վլադիմիր Հակոբյանը, այս ցուցակում պահպանել է 43-րդ տեղը։ Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող գրոսմայստերների ճնշող մեծամասնությունը, հուրախություն բոլորիս, զգալիորեն բարելավել են իրենց դիրքերը այս հեղինակավոր ցուցակում։ Այսպես, Կարեն Ասրյանը նախորդ 82-րդ հորիզոնականից տեղափոխվել է 68-րդ, Աշոտ Անաստասյանը՝ 83-ից 74-րդ, Արսեն Եղիազարյանը՝ 183-ից՝ 173-րդ։ Բայց ամենից մեծ թռիչքը կատարել է Լեւոն Արոնյանը։ Նախորդ ցուցակում նա 165-րդն էր, իսկ ահա հիմա, վեր բարձրանալով ամբողջ 61 աստիճանով, հայտնվել է 104-րդ տեղում։ Ինչ վերաբերում է Արտաշես Մինասյանին, նա դիրքը զիջել է մեկ քայլով ու 134-րդն է։ Չեխիայի դրոշի ներքո հանդես եկող ու այդ երկրի առաջատար, գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը անցած մեկ ամսում աչքի է ընկել կայունությամբ ու մնացել է 62-րդ հորիզոնականում։ Ա. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել