Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն ինչ կփոխվի դեպի լավը

Հոկտեմբեր 06,2001 00:00

Ամեն ինչ կփոխվի դեպի լավը Վերջերս տեղի ունեցավ Գեորգի Մինասյանի մենահամերգը, որը կազմակերպվել էր «Առնո Բաբաջանյան» հայաստանյան հիմնադրամի նախաձեռնությամբ։ Համերգի ընթացքում երգիչը հանդիսատեսի դատին հանձնեց բազմաթիվ սիրված հին ու նոր երգեր՝ թե՛ օրիգինալ, թե՛ նորացված տարբերակներով։ Նա Երեւան էր ժամանել Ա. Բաբաջանյանի 80-ամյակին նվիրված փառատոնին մասնակցելու առիթով եւ համերգից ստացված ողջ հասույթը փոխանցեց կոմպոզիտորի հուշարձանը տեղադրելու աշխատանքներին։ – Տարիների բաժանումից հետո երեւանյան ձեր առաջին տպավորությունը։ – Տպավորությունս դրական է։ Տեսա նոր կառույցներ, նոր ցուցափեղկեր, լիքը խանութներ։ Ու թեեւ այսօրվա երիտասարդներն առավել գեղեցիկ են, բայց ժողովրդի դեմքերն ուրախ չեն։ Ես լավատես եմ եւ հուսով եմ, որ ամեն ինչ կփոխվի դեպի լավը։ – Ինչպե՞ս եք գնահատում մշակութային կյանքն այսօր Հայաստանում։ – Ցավով պիտի նշեմ, որ այսօր Հայաստանում բացակայում է շոու-բիզնեսային կարգուկանոնը։ Մշակութային կյանքն այսօր Հայաստանում գտնվում է քաոսային վիճակում եւ ամեն մարդ անում է՝ ինչ ուզում է։ – Ինչպե՞ս եք վերաբերվում, երբ ձեր երգացանկի երգերը հնչում են այլ կատարողների կողմից։ – Ոչ շատ լավ, քանի որ իմ երգացանկի բոլոր երգերը հիմնականում կոմպոզիտորների կողմից գրվել են հատուկ ինձ համար, եւ ես կարծում եմ, որ դրանք ես կատարում եմ լավագույն ձեւով։ – ԱՄՆ-ում ծավալած ձեր ստեղծագործական գործունեությունը։ – Ապրում եմ ակտիվ ստեղծագործական կյանքով։ Մշտապես համերգներ եմ ունենում հայ համայնքի համար։ Շատ հաճախ ստանում եմ նաեւ հրավերներ կազմակերպվող փառատոներին։ Համագործակցում եմ ԱՄՆ-ում բնակվող կոմպոզիտոր Կ. Օրբելյանի հետ եւ ուրախությամբ ուզում եմ նշել, որ մեր վերջին՝ «Փառք ազգության» երգը, որի բառերը եւս գրել է Կ. Օրբելյանը, ամիսներ առաջ ԱՄՆ-ում անցկացվող «Armenian music aword» փառատոնում արժանացավ տարվա լավագույն երգ եւ տարվա լավագույն երգիչ մրցանակներին։ Այնտեղ թողարկել եմ երեք նոր սկավառակ։ – Խոսենք նաեւ առաջիկա ծրագրերից։ – Շուտով կթողարկեմ բացառապես նոր երգերից բաղկացած սկավառակ, ինչպես նաեւ պատրաստվում եմ հյուրախաղերով հանդես գալ Բրազիլիայում եւ Արգենտինայում։ Համերգից հետո իրենց տպավորությունների մասին պատմեցին Կ. Օրբելյանը եւ Վ. Աճեմյանը։ Մաեստրո Կ. Օրբելյան- Գեորգիի համերգն ուղղակի հրաշալի էր։ Սա պարզապես տոնական երեկո էր՝ երաժշտության եւ երգի տոն։ Այսպիսի տոներն այսօր շատ են անհրաժեշտ մեր ազգին եւ երեկոյին ներկաներն այսօր դա գնահատեցին։ Համերգն այնքան ջերմ, այնքան ուրախ էր, շփումը հանդիսատեսի հետ այնքան անմիջական էր, որ ավարտին ելքի մոտ կանգնած տեսա, թե ինչպիսի գոհունակությամբ են հեռանում հանդիսականները։ Ի դեպ, Գեորգին գտնվում է կատարողական հրաշալի վիճակում, եւ քիչ առաջ ես նրան շնորհավորեցի հաջողության համար։ Կոմպոզիտոր Վարդեն Աճեմյան- Մենք վերջապես լսեցինք պրոֆեսիոնալ հայ երգչի, որը կատարում էր պրոֆեսիոնալ հայ էստրադային երաժշտություն։ Եվ այն ինքնագործունեությունը, որը մենք հաճախ լսում ենք եթերով, կարծես ժամանակավորապես անհետացավ, եւ մենք լսեցինք իսկական երգչի, որը կարողանում է իրեն պահել բեմում, կարողանում է շարժվել եւ ունի հիանալի ձայն։ Ես շատ ուրախ եմ այս երեկոյի համար։ ԳԱՅԱՆԵ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել