Լրահոս
Օրվա լրահոսը

«Գրական

Հոկտեմբեր 09,2001 00:00

«Մենք նույն արմատներն ունեինք» «Գրական տապան-2001» ծրագրի շրջանակներում (ծրագրի մասին կարող եք տեղեկանալ «Առավոտի» հոկտեմբերի 6-ի համարից) Հայաստան այցելած եվրոպացի գրողների թվում էր նաեւ ստամբուլցի լրագրող եւ գրող Ասլի Էրդոգանը։ Ասլիի հետ զրուցեցինք Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանում։ – Երբեւէ լսե՞լ էիք Փարաջանովի մասին։ Հավանեցի՞ք նրա գործերը։ – Փարաջանովին գիտեի, որպես մեծանուն կինոռեժիսոր, սակայն այսօր ինձ համար բացահայտեցի Փարաջանով նկարչին։ Նրա աշխատանքները շատ յուրօրինակ եւ հետաքրքիր են։ – Ի՞նչ հասցրիք տեսնել Հայաստանում։ – Եղել եմ Մատենադարանում, Էջմիածնում։ Շատ մեծ տպավորություն ստացա։ Բացառիկ արժեքներ էին։ Շատ գեղեցիկ էր ձեր գլխավոր հրապարակը։ Ցավոք, երկու օր հիվանդացա, հյուրանոցից դուրս չեկա։ Այդ պատճառով որոշ բաներ չտեսա (մասնավորապես՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը- Մ. Բ.)։ – Հայաստանի մասին Ձեր ունեցած պատկերացումները համապատասխանեցի՞ն տեսածին։ – Մինչ այստեղ գալս շատ քիչ բան գիտեի Հայաստանի մասին։ Գիտեի, որ շատ հին ու պատմական երկիր է։ Լսել էի եկեղեցիների մասին։ Բայց տեսածս գերազանցեց սպասելիքներս։ – Դուք Ստամբուլից եք եկել (Ասլին զտարյուն թուրք չի. նրա ծնողները ազգությամբ հրեա եւ ադիգեյ են), որը համարվում է Եվրոպայի եւ Ասիայի հատման կետը։ Այդ առումով ինչպիսի՞ն տեսաք Հայաստանը. այն ավելի եվրոպակա՞ն, թե՞ ասիական երկիր է։ – Շատ հետաքրքիր հարց է։ Անկեղծ ասած Հայաստանը՝ Երեւանը, ինչ-որ իմաստով ինձ հիշեցնում է Ստամբուլը։ Հայաստանն էլ, ասես, Եվրոպայի ու Ասիայի մի յուրօրինակ խառնուրդ լինի, չգիտես որտեղ է վերջանում մեկը եւ սկսվում մյուսը։ Ընդհանրապես, կարծում եմ, որ այս տարածաշրջանի ժողովուրդները՝ Միջագետք, Առաջավոր Ասիա, Կովկաս, բոլորս նույն արմատներն ունենք։ – Մի ամիս առաջ Հայաստանում էին թուրք լրագրողներ, որոնք նմանություններ էին գտնում հայերի եւ թուրքերի ապրելակերպի մեջ։ Համամի՞տ եք նրանց հետ։ – Այո։ Պիտի ասեմ, որ նմանություններ շատ կան՝ ճաշատեսակների, երաժշտության մեջ, անգամ՝ մարդկանց արտաքինում։ Նույնիսկ պարերի շարժումներն են նույնը։ Երբ վերադառնամ Ստամբուլ, պիտի գրեմ այս այցիս մասին, պատմեմ Հայաստանի ու հայերի մասին։ – Իսկ կա՞ որեւէ ոլորտ, որի վրա դուք «տաբու» ունեք եւ չեք լուսաբանի։ – Ես քաղաքականությունից հեռու եմ։ Այստեղ պետություն կամ իշխանություն չեմ ներկայացնում։ Ասեմ նաեւ, որ բավական ժամանակ է, ինչ նախկինի պես անտեսանելի պատ չկա մեր ու Հայաստանի միջեւ։ Այնպես որ, ինձ ազատ եմ զգում եւ կզգամ՝ պատմելու այն ամենն ինչ տեսել եմ, առանց որեւէ բարդույթի։ Մ. ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել