Լրահոս
Օրվա լրահոսը

Եվս մեկ եկեղեցի Ղարաբաղում

Հոկտեմբեր 09,2001 00:00

Եվս մեկ եկեղեցի Ղարաբաղում Հոկտեմբերի 6-7-ը քաշաթաղցիների, հատկապես՝ Ծիծեռնավանք գյուղի համար տոն էր. նոր կամուրջ ունեցան, դպրոցն անվանվեց հայտնի գիտնական Վարագ Առաքելյանի անունով եւ, ամենակարեւորը՝ վերաբացվեց Սբ. Գեւորգ եկեղեցին: 1992-ի մայիսի 17-ին ազատագրվեց Լաչինը, եւ Ղարաբաղը Հայաստանին կապող այս բնակավայրը դարձավ հայոց նորագույն պատմության կարեւոր էջ: 1993-ի դեկտեմբերի մեկին Հայաստանի ԳԽ պատգամավոր Ալեքսան Հակոբյանը նշանակվեց Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի վարչակազմի ղեկավար. այդ ժամանակվանից էլ սկսվեց Լաչինի վերաբնակեցման ծրագիրը: Ողջ հայության ջանքերով եւ «Հայաստան» հիմնադրամի միջոցով իրականություն էր դառնում «Գորիս-Լաչին-Ստեփանակերտ» ճանապարհը՝ այսօր ավարտուն, ժամանակակից մի կառույց: Այսօր «մարզպետը» (այդպես է տեղի բնակչությունը Ալեքսան Հակոբյանին կոչում) կարող է եւ կատակել, թե Քաշաթաղ-Բերձորը «քաշել, բերել, ձորում թաղել»-ն է, քանի որ վերաբնակեցման ծրագրի շոշափելի արդյունքն արդեն տեսանելի է: Հոկտեմբերի 7-ին օծվեց եւ իր դռները բացեց Ծիծեռնավանք գյուղի 4-րդ դարով թվագրված Սբ. Գեւորգ եկեղեցին: Այս իրադարձությանը մասնակցելու էին եկել հազարավոր մարդիկ՝ հավատացյալ ու դեռեւս՝ ոչ, զինվորականներ, երկու պետությունների խորհրդարանականներ եւ բարձր իշխանություն՝ ի դեմս Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վարչապետների: ՀՅԴ երիտասարդների խումբն ի պատիվ վարչապետի երգեց «Ելի, դաշնակ Դրո» երգը, որն (իմ գրեթե 10-ամյա դիտարկումները թույլ են տալիս դա ասելու) դառնում է Ղարաբաղի երեխաների օհներգը…8230 Ծիծեռնավանք գյուղի համար, որն ընդամենը հարյուր քսան բնակիչ ունի, Ուսուցչի օրը՝ հոկտեմբերի 6-ը, նշանավորվեց գյուղի միջնակարգ դպրոցի անվանակոչությամբ: Երեսունչորս աշակերտ ունեցող կրթօջախն այսուհետ կկրի անվանի լեզվաբան, պրոֆեսոր Վարագ Առաքելյանի անունը: Դպրոցը օծեց Արցախյան թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, երեխաներին շնորհավորեցին Քաշաթաղի վարչակազմի ղեկավար Ալեքսան Հակոբյանը, Երեւանից ժամանած հյուրերը, որոնց թվում էր մեծ գիտնականի որդին՝ Դավիթ Առաքելյանը: Նույն օրը բացվեց նորակառույց կամուրջը եւ օծվեց Սբ. Գեւորգ եկեղեցու խաչը: Արարողության համար Պարգեւ Սրբազանը եւ հոգեւորականները բարձրացան եկեղեցու տանիք: Հավատացյալները անհամբեր սպասում էին Սրբազանի իջնելուն, իսկ նրանցից մեկը հոգոց հանելով ասաց. «Ախր, չգիտեք, Սրբազանի սիրտը օպերացիա են արել»: Այս սքանչելի կառույցի վերականգնման աշխատանքների հովանավորները հայտնի Քերոլայն եւ Հակոբ Նաջարյաններն են: ԱԼՎԱՐԴ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել