Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎՍ ՄԻ ԴԻՄՈՐԴ ԴԻՄԵՑ ԴԱՏԱՐԱՆ

Հոկտեմբեր 09,2001 00:00

ԵՎՍ ՄԻ ԴԻՄՈՐԴ ԴԻՄԵՑ ԴԱՏԱՐԱՆ Ի չիք դարձնելով արդար ընդունելության քննությունների մասին ՀՀ նախագահի, վարչապետի ու ԿԳ նախարարի պնդումները՝ օրեցօր աճում է քննությունների արդյունքները բողոքարկելու համար դատարան դիմող դիմորդների թիվը։ Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում (դատավոր՝ Մ. Մարտիրոսյան) արդեն երկրորդ նման դեպքն էր լսվում։ Դիմորդ Սահականուշ Մատինյանի գործին արդեն անդրադարձել ենք։ Այս անգամ ընդունելության քննությունների հայոց լեզու-2 առարկայական հանձնաժողովի դեմ հայցով դիմել է Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղից դիմորդ Լիլիթ Դավթյանը, որի բողոքին «Առավոտը» անդրադարձել է։ Վերջինս 16 միավոր է ստացել հայոց լեզվի գրավոր քննությունից եւ, լինելով մեդալակիր, զրկվել մեկ քննությամբ իրավագիտության ֆակուլտետ ընդունվելու հնարավորությունից։ Մինչդեռ դիմորդի եւ նրա ծնողների պնդմամբ՝ Լիլիթի աշխատանքը արժանի է 19 միավորի։ Երեկ, որպես պատասխանող կողմ, ներկայացել էր հայոց լեզու-2 առարկայական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աշոտ Աբրահամյանը։ Վերջինս, սակայն, լիազորագիր չուներ եւ, դատական նիստը դեռ չսկսված, ընդմիջվեց մեկ ժամով, որպեսզի պրն Աբրահամյանը այդ ընթացքում ԿԳՆ-ից լիազորագիր բերի։ Սակայն ԿԳՆ-ի իրավաբանական վարչության պետի խնդրանքով դատավորը նիստը հետաձգեց 10 օրով։ ԿԳՆ-ին այդքան ժամանակ է հարկավոր՝ գործի նյութերին ծանոթանալու եւ որոշելու համար, թե ո՞վ է լիազորված պաշտոնապես հանդես գալու որպես պատասխանող կողմ։ Ն. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել