Լրահոս
Օրվա լրահոսը

Քանի որ «Հոկտեմբերի 27»-ի խորհրդարանական հանձնաժողովի միջանկյալ հաղորդման առավել ուշագրավ հատվածներն

Հոկտեմբեր 10,2001 00:00 Share

ԿԵՂԾ ԹԻՐԱԽՆԵՐ Քանի որ «Հոկտեմբերի 27»-ի խորհրդարանական հանձնաժողովի միջանկյալ հաղորդման առավել ուշագրավ հատվածներն արդեն հրապարակվել էին մամուլում, երեկ առավել հետաքրքիր էր միայն այդ հաղորդման վերաբերյալ մտքերի փոխանակումը։ Միջանկյալ հաղորդման մեջ նշված էր, թե ուժի մեջ է մնում իրենց այն եզրակացությունը, ըստ որի՝ աննպահակահարմար է Նաիրի Հունանյանին պահել ԱԱՆ մեկուսարանում։ «Չեք մտածում, որ եթե նրան տեղափոխեն՝ կարժանանա նույն բախտին, ինչ Նորայր Եղիազարյանը,- բազմիցս ծեծված այս հարցադրումը Գուրգեն Եղիազարյանը երեկ ներկայացրեց նոր շեշտադրումներով։- Ձեռագիրը նույնն է՝ կամ գործակալին կառաջարկեն գումար, որ նա կեղծ տեղեկություններ տա, կամ էլ ինտենսիվ ծեծելով կսպանեն»։ Ակնհայտ էր, թե ում «բոստանն» էր նետված այս քարը։ Ու Գուրգեն Եղիազարյանի տված թեթեւ պասն ընդունելով՝ իշխանական քարոզչությունն ու գլխավոր դատախազությունը գուցե հիմա էլ շրջանառեն այն վարկածը, թե Մուշեղ Սաղաթելյանն է էլեկտրահարել կամ սպանել Նորայր Եղիազարյանին, քանի որ վերջինս Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունքներ չէր տալիս։ Սակայն առավել ուշագրավ էր մեկ այլ հարցադրում, որի հեղինակային իրավունքը երեկ Գուրգեն Եղիազարյանի հետ կիսեց Կիմ Բալայանը. «Եթե հանկարծ պարզվի, որ Նաիրի Հունանյանը կապ է ունեցել նաեւ ՆԳՆ-ի հետ՝ էլ ուր պիտի տեղափոխեք նրան»։ Որ Նաիրի Հունանյանը համագործակցել է ԱԱՆ-ի հետ՝ հաստատված է ոչ միայն նախաքննության նյութերով, այլ, ինչպես երեկ Ստեփան Զաքարյանն իր ելույթում հիշեցրեց՝ նաեւ դատաքննության ընթացքում, «առանց որեւէ ֆիզիկական բռնության կամ ծեծի», Նաիրի Հունանյանի տված ցուցմունքներով։ Իսկ ի՞նչ փաստերի վրա է հիմնված այն դատողությունը, թե Նաիրի Հունանյանը կարող է նաեւ ՆԳՆ-ի գործակալ լինել։ Թե՞ պարոնայք Եղիազարյանն ու Բալայանը չեն բացառում, որ պետական հեղաշրջման փորձ արած հրոսակախմբի ղեկավարը համագործակցել է ուժային անխտի՛ր բոլոր կառույցների հետ։ Իշխանություններին նման մեղադրանք իսկի Մուշեղ Սաղաթելյանը չի հասցեագրել։ Ուղղակի այս պարագայում դա ակամա ստացվեց։ «Այսօր ես համաձայն եմ՝ թող տեղափոխեն Նաիրի Հունանյանին։ Այսօր արդեն այդ մթնոլորտը Նուբարաշենի մեկուսարանում չկա եւ միգուցե սպանողները պետք է լավ մտածեն՝ սպանե՞լ, թե՞ չսպանել»,- Գուրգեն Եղիազարյանն իր այս վճռորոշ համաձայնությունը հայտնելուն զուգընթաց այդպես էլ չանդրադարձավ, թե իսկ այդ ո՞ր մի կառույցի մեկուսարանում էին խոստանում բռնաբարել Նաիրի Հունանյանին եւ հետեւողականորեն իբր լլկում, խոշտանգում էին եւ կեղեքում։ Ո՞չ ԱԱՆ-ի, որի մեկուսարանը (տեղափոխման հարցն օրակարգում հայտնվելուց հետո) դարձրին Հայաստանի ամենաանվտանգ վայրը։ Հանձնաժողովի միջանկյալ հաղորդման քննարկումը շատերի համար եւս մի առիթ դարձավ բռնարարքների թեմային անդրադառնալու համար, թեեւ նշվում էր, որ այս առնչությամբ հանձնաժողովն ընդամենը երկու գրավոր դիմում է ստացել։ Մատնանշվեց նաեւ, թե պատասխան չեն գտել նաեւ այն կասկածները, որոնք կային այն փուլում, երբ խոսվում էր նման հանձնաժողովի ձեւավորման անհրաժեշտության մասին։ Այն է, որ Նաիրի Հունանյանը արտադատարանական աջակցություն է ստանում։ «Ուրեմն՝ խորհրդատվություն չի եղել»,- շտապեցին եզրակացնել պատասխաններ ակնկալող պատգամավորները, մոռանալով կամ գուցե չցանկանալով հիշել, որ ԱԺ-ն իր որոշմամբ այս հանձնաժողովի առջեւ նման խնդիր չէր էլ դրել՝ պարզել, թե արդյոք Հունանյանը ստանո՞ւմ է որեւէ ապօրինի աջակցություն։ Նշենք նաեւ, որ հանձնաժողովի գործունեության գնահատականները ծայրահեղ հակադիր էին։ Այսպես, եթե Աղասի Արշակյանը գտնում էր, թե անցած 5 ամսում իրենց ուսումնասիրությունների վերաբերյալ «ոչ մի լուրջ բան չպարունակող», «իրոք միջանկյալ փաստաթուղթ» է այս հաղորդումը, Հայկ Բաբուխանյանն ու Վիկտոր Դալլաքյանն անհրաժեշտ էին համարում, որ այդ հաշվետվությունն ուղարկվի դատախազություն։ Վերջինից ակնկալվում էր հաղորդումից բխող անհրաժեշտ միջոցների ձեռնարկում՝ ասենք, Նորայր Եղիազարյանի սպանության հանգամանքների վերաքննություն եւ այլն։ Գուցե առավել նպատակահարմար է այդ քայլին դիմել, երբ հանձնաժողովը ներկայացնի ոչ միջանկյալ, այլ իր վերջնակա՞ն հաշվետվությունը՝ «Առավոտի» այս հարցին ի պատասխան Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանն ասաց, որ եթե այս ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունն ԱԺ-ի որոշմամբ համապատասխան մարմիններին ուղարկելուց հետո տրվի բացասական պատասխան՝ խորհրդարանը կկարողանա համարժեք քայլեր կատարել նոյեմբերին, երբ կքննարկվի այս հանձնաժողովի ամփոփ հաղորդումը։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել