Լրահոս
Օրվա լրահոսը

Բայց

Հոկտեմբեր 10,2001 00:00

Այստեղ կան մտավորականներ Բայց չկա մտավորականություն ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի Ե. Չարենցի անվան լսարանում ԵՊՀ-ի ուսանողները հանդիպում ունեցան հայտնի պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր Կարեն Յուզբաշյանի հետ։ Նա նշեց, որ վերջին 10-15 տարվա ընթացքում փոխվել է ուսանողի հոգեբանությունը։ Ուսանողներն այսօր առավելապես մտածում են ապագայի մասին, ինչը բացակայում էր իր ուսանողական տարիների ընթացքում։ Դա, իհարկե, բնական երեւույթ է, բայց վնասում է գիտությանը։ Ուսանողը նախ եւ առաջ պետք է կարողանա պահպանել իր հստակ ձգտումը դեպի գիտությունը, ապա մտածի իր սովորածը կիրառելու մասին։ Պրն Յուզբաշյանը մեծ նվաճում է համարում Հայաստանում եվրոպական լեզուների լայն տարածումը եւ այն, որ ուսանողը գոնե հոգեպես դուրս է եկել Հայաստանի եւ նախկին Սովետական Միության սահմաններից։ Նորություն չէ, որ մեր տարածքը արեւելյան է, ճաշակն ու ընտանիքը, ըստ պրն Յուզբաշյանի՝ նույնպես, սակայն մշակույթն ու գաղափարական կողմնորոշումները, կարծես, հարում են Արեւմուտքին։ Այս տարի մենք տոնում ենք Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակման 1700-ամյակը։ Իսկ ի՞նչ է քրիստոնեությունը։ Կարեն Յուզբաշյանի կարծիքով, քրիստոնեությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ դարձ դեպի Արեւմուտք՝ ի հակադրություն Արեւելքի։ Հայաստանն առաջին արեւելյան երկրներից էր, որ արձագանքեց հելլենիզմին, Արտավազդ 2-րդն իր երկերով մտավ հունական թատերգության պատմության մեջ։ Արդյո՞ք անցյալն է պատճառը, որ այսօր էլ առկա են մեր արեւմտամետ ձգտումները… Մենք գաղափարապես ենք կախված Արեւմուտքից։ Սակայն պետք չէ իդեալականացնել Արեւմուտքը, քանի որ հենց այնտեղ է, որ խախտվում են արեւմտյան մշակույթի օրինաչափությունները։ Մտավորական լինելու համար առաջին հերթին գիտելիքներ են պետք, բայց դա բավական չէ։ «Այսօրվա Արեւմուտքը, ունենալով ինտելեկտուալների մեծ շերտ, չունի շատ ինտելիգենտներ»,- նշում է Յուզբաշյանը։ Իսկական մտավորականը պետք է պատրաստ լինի ինքնուրույն լուծելու հասարակության եւ իր առջեւ դրված խնդիրները՝ առանց ենթարկվելու որեւէ թելադրանքի կամ ճնշման։ Հայաստանում 1937-ից հետո եթե մտավորականները չեն վերացել, ապա սակավաթիվ են դարձել։ Վենետիկի եպիսկոպոս, պատմաբան Պողոս Անանյանի հետ հանդիպման ժամանակ Յուզբաշյանը նշել է, որ «թեեւ Հայաստանում կան մտավորականներ, սակայն չկա մտավորականություն»։ Չնայած Յուզբաշյանը կրթություն է ստացել եւ այժմ էլ ապրում է Պետերբուրգում, նա իրեն հայաստանցի է համարում եւ ամեն տարի այցելում է Հայաստան։ ՍԵԴԱ ՊԱՊՈՅԱՆ, ՀԱՍՄԻԿ ՍՄԲԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել