Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի

Հոկտեմբեր 10,2001 00:00

Անկեղծության ակնթարթներ Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպվել է տոնակատարությունների շարք՝ նվիրված Երեւանի հիմնադրման 2783-ամյակին՝ ընդհանուր «Էրեբունի-Երեւան» անվանումով։ Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, կայացած միջոցառումներն ընթանում էին միասնական «Սիրո խոստովանությունների օր» անվան ներքո՝ «Ես սիրում եմ քեզ, Երեւան» նշանաբանով։ Հոկտեմբերի 11-ը հայտարարված է «Գթասրտության» օր՝ «Նայիր շուրջդ մի պահ» նշանաբանով։ Այդ օրը քաղաքային ենթակայության բոլոր բուժհիմնարկներում հայտարարված է բաց դռների օր։ Նախատեսվում են այցելություններ մանկատներ, ծերանոցներ եւ հիվանդանոցներ։ Քաղաքապետարանը դեռ ամիսուկես առաջ բոլոր բուհերին եւ ստեղծագործական միություններին առաջարկել էր մասնակցել կազմակերպվող միջոցառումներին եւ հանդես գալ սեփական նախաձեռնություններով։ Սակայն արձագանքել էին քչերը։ Դրանց թվում էր նաեւ Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը, որը երեկ Թեքեյան մշակութային կենտրոնում, համաքաղաքային ծրագրի համաձայն՝ սիրո խոստովանություններ էր անում Երեւանին։ Ուսանողներին եւ հյուրերին ողջունելու էր եկել նաեւ մանկավարժական համալսարանի ռեկտոր Միսաք Դավթյանը, որն իր ելույթում նշեց, թե աշխարհում արդեն շատերը գիտեն, որ քրիստոնեության հաղթարշավը սկսվել է Հայաստանից։ Հետաքրքիր է, այդ շատերը գիտե՞ն, որ 1700-ամյակի հանձնաժողովի փոխնախագահ Խոսրով Հարությունյանի բջջային հեռախոսի համարն էլ է 1700-ով։ Ելույթ ունեցավ նաեւ բուհի դեֆեկտոլոգիայի ֆակուլտետի երգչախումբը։ Բանասիրականից մի աղջիկ հանդես եկավ ասմունքով, որն ընդհատվեց բուհի ուսխորհրդի փոխնախագահի պաշտոնակատարի՝ «խնդրում եմ օգտվեք մեր սեղաններից» հրավերով։ Մանկավարժական համալսարանի ռեկտորին եւ ուսանողներին իր խոսքով՝ «առանձնահատուկ հպարտությամբ ու հուզմունքով», ողջունելու էր եկել նաեւ Ռոբերտ Նազարյանը։ Նա ուսանողներին ոչ միայն խորհուրդ տվեց լավ սովորել, այլեւ՝ չափից դուրս անկեղծանալու արդյունքում, ասաց. «Որոշ ուսանողների հետ հանդիպելիս հաճախ ամաչում եմ՝ ծանոթանալով նրանց կարդացածության աստիճանին։ Զգում եմ, որ շատ առումներով նրանք ավելի բարձր են կանգնած ու առավել նպատակասլացությամբ են գնում դեպի վաղվա օրը»։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել