Լրահոս
Օրվա լրահոսը

Լինսի հիմնադրամի նախագահ Քըրք Քըրքորյանը 165 մլն դոլարը ոչ թե Հայաստանին, ոչ թե հայ ժողովրդին է նվիր

Հոկտեմբեր 10,2001 00:00

Սահմանը «շրջանցո՞ւմ են» Լինսի հիմնադրամի նախագահ Քըրք Քըրքորյանը 165 մլն դոլարը ոչ թե Հայաստանին, ոչ թե հայ ժողովրդին է նվիրում, այլ՝ «վստահել է հանրապետության նախագահին, եւ պատահական չէ, որ նախագահն այդքան մեծ ուշադրություն է դարձնում այդ ծրագրերին»,- նշում է Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը։ Նա երեկ հրավիրած մամուլի ասուլիսում ներկայացրեց Լինսի հիմնադրամի միջոցներով ֆինանսավորվող դրամաշնորհային ծրագրերը։ Դրանք 5-ն են՝ ճանապարհաշինարարություն (38 մլն դոլար), աղետի գոտու բնակարանաշինություն (15 մլն), մշակութային օջախների վերականգնում (10 մլն), Երեւանի փողոցների բարեկարգում (7 մլն), տուրիզմի զարգացման ծրագիր (20 մլն)։ Սրանցից առաջին չորսն արդեն ընթացքի մեջ են։ ՀՀ կառավարությունն իր այս 5 ծրագրի սպասարկման համար 3 գրասենյակ է ստեղծել եւ, ըստ Ա. Թումանյանի, մեծ վերահսկողություն է իրականացնում։ Կառավարությունից բացի, «հսկում» են նաեւ նախագծողները, անկախ վերահսկողները, գրասենյակները եւ Լինսի հիմնադրամը։ Սրանցից ամենախոշորը ճանապարհաշինության ծրագիրն է, որի իրականացմամբ հանրապետության ճանապարհների մոտ 20%-ը հիմնովին կվերականգնվի։ Ծրագրում ընդգրկված է նաեւ Իջեւան-Նոյեմբերյան ճանապարհահատվածը, որի հայտնի 11 կմ-անոց մասը, «Առավոտին» հասած տվյալներով, չի նորոգվում։ Այդ հատվածն ազատագրված տարածք է, եւ ճանապարհահատվածի մինչեւ այդ մասը եւ դրանից հետո վերանորոգվում է, իսկ այդ 11 կմ-ը՝ ոչ։ Սրա վերաբերյալ «Առավոտի» հարցին ի պատասխան՝ Արտաշես Թումանյանը նշեց. «Այդ հատվածում մի փոքր ճշգրտում ենք արել եւ դա կապված է անվտանգության հետ։ Լինսի հիմնադրամը գիտի այդ մասին։ Այդտեղ շրջանցող 18 կմ-անոց հատված ենք կառուցելու։ Խնդիրը մի փոքր առկախ է։ Ամեն ինչ նորմալ կլինի։ Ճանապարհն, ի վերջո, ամբողջական է լինելու»։ Այդ շրջանցումը, փաստորեն, Հայաստանի տարածքի հաշվին է, իսկ «ճշգրտումը», հուսով ենք, չի նշանակում՝ ազատագրված հատվածի հանձնում։ Արտաշես Թումանյանի ներկայացմամբ, Լինսի հովանավորած 4 ծրագրով շուրջ 9 հազար աշխատատեղ է ստեղծվում, «զուգահեռաբար բացված աշխատատեղերի (նախագծողներ եւ այլն) մասին չէ խոսքը»։ Աշխատատեղերի ստեղծումը մեր իշխանությունների համար, թվում է, կարեւոր է ոչ թե բուն՝ մարդկանց սոցիալական ծանր վիճակը թեթեւացնելու, այլ՝ նախագահի խոստման կատարումն ապահովելու նպատակով։ Ա. Ու.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել