Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՃՌՈՐՈՇ 5 ՐՈՊԵՆ

Հոկտեմբեր 10,2001 00:00

ՎՃՌՈՐՈՇ 5 ՐՈՊԵՆ Մի՛ զարմացեք, համոզված եղեք, որ մեր երկրում եւս օրենքները խստագույնս պահպանվում եւ կիրառվում են, առանձնապես շարքային քաղաքացիների, իսկ հատկապես՝ մանկավարժների նկատմամբ, այն էլ «Ուսուցչի օրվա» առթիվ կազմակերպված հանդիսության ժամանակ։ Տարվա մեջ մեկ օր համարվում է ուսուցիչներինը, ընդ որում՝ ոչ աշխատանքային, հոկտեմբերի երկրորդ կիրակին։ Չէ՞ր պատշաճում, որ լիներ ուրբաթ կամ շաբաթ օր։ Ինչեւէ… Այդ օրվա կապակցությամբ կազմակերպվում է միջոցառում, ուրբաթ օրը ժամը 4-ին, Հայհամերգի փոքր դահլիճում։ Ուրախալի է, ոգեշնչող, որ մանկավարժներին վերջապես, քիչ թե շատ, պատշաճ ուշադրություն են դարձնում։ Հրավիրվում են (ի դեպ՝ առանց հրավիրատոմսերի) հանրապետության լավագույն ուսուցիչները, որոնք դպրոցների տնօրենների կողմից ներկայացվել են խրախուսանքի։ Հանդիսությունը սկսվում է ճիշտ ժամը 4-ին։ Փակվում են դահլիճի դռները, ներսում հանդիսավոր պահ է, հեռուստատեսությունից նկարահանում են. չի՛ կարելի խանգարել։ Ինչ խոսք, միջոցառումը ցուցադրելու համար է։ Թող դրսում, դահլիճի մուտքի մոտ, սպասի հազիվ 5 րոպե ուշացած մանկավարժների մի խումբ, որ 6-7 դասաժամ պարապելուց եւ տրանսպորտի մի քանի միջոց փոխելուց հետո մի կերպ է քաղաքի ծայրամասերից հասել կենտրոն։ Մուտքը դահլիճ արգելվում է. ոչ մի զիջում։ «Եթե ձեր աշակերտներն ուշանում են, դուք ներս թողնո՞ւմ եք։ Դահլիճում էլ տեղ չկա»,- սա է դռնապանի չոր պատասխանը։ Թող այն թյուր տպավորությունը չստեղծվի, թե մանկավարժներս դեմ ենք օրինապահությանն ու կարգապահությանը։ Քավ լիցի. թող ամենուր իշխի երկաթյա օրենքը, դրսեւորվի խստագույնս եւ կիրառվի անխտիր բոլոր օղակներում, բոլորի հանդեպ՝ անկախ պաշտոնեական դիրքից, կոչումից եւ անձից։ Բայց՝ ավա՜ղ։ Այդ պահին իսկ նույն անաչառ անձը մեր աչքի առջեւ կերպարանափոխվելով՝ ներս է թողնում մի տնօրենի՝ իր ուսուցչուհու հետ։ Իհարկե, ուսուցչին վայել չէ ուշանալ։ Մանավանդ որ, մեր քաղաքի տրանսպորտը «կատարյալ» է գործում կամ էլ տաքսիով, սեփական մեքենայով արագ տեղ հասնելու այլընտրանքը կա։ Ոչ իրենց անճշտապահության պատճառով 5 րոպե ուշացումը չներվեց, դարձավ մի այնպիսի խրթին խնդիր, որի պատասխանը ոչ մի տարբերակով չստացվեց։ Ա՛յ թե խրախուսեցին, հա՜։ Ա. ՂԱՓԼԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել