Լրահոս
Օրվա լրահոսը

Դիտորդների

Հոկտեմբեր 11,2001 00:00

ՊԱՇՏՊԱՆԸ ԿԿԱՐՈՂԱՆԱ՞ ԲԵԿՈՒՄ ՄՏՑՆԵԼ Դիտորդների կարծիքով, «Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննությանը երեկ սպասվում էին անակնկալներ. կանխատեսվում էր, թե փաստաբան Տիգրան Ջանոյանը տրամաբանական ավարտի կհասցնի «Ազդակ» ակումբում հոկտեմբերի 6-ին արված հայտարարությունը, կապված իր եւ իր վստահորդի հետ (Արամ Սարգսյան իրավահաջորդի)։ Կանխատեսվում էր նաեւ, որ ամբաստանյալ Նաիրի Հունանյանը հանդես կգա հետաձգված կոչ-հայտարարությամբ։ Սակայն տեղի ունեցավ այլ բան. ամբաստանյալ Նաիրի Հունանյանը հրաժարվեց 1 օրով իրեն պաշտպան կարգված փաստաբան Հակոբ Թեւոսյանից, որին անկեղծ ասած, չհասցրինք լուսանկարել։ Թեեւ պաշտպանը հայտարարեց, որ 2 անգամ 4-5 ժամով հասցրել էր տեսակցել իր պաշտպանյալի հետ, «ինչ-որ տեղ էլ անձնական զրույցներ» էր ունեցել, սակայն, փոխադարձ համաձայնության գալով՝ ինքը հրաժարվում է նրա պաշտպանությունից։ Դիտորդների կարծիքով, պատճառը ոչ այնքան «փոխադարձ համաձայնությունն» է եղել, որքան փոխադարձ չհամաձայնությունը՝ կոչով հանդես գալու հարցում։ Երեկ դատական նիստին մասնակցում էր Ամերիկայի քաղաքացի, մասնագիտությամբ փաստաբան Արթուր Մինասյանը։ Նա APYA CONSYLTIANQ QROUP-ի անդամ է եւ Հայաստանում է գտնվում սեպտեմբերի 20-ից։ Նկատենք, որ իբրեւ դիտորդ, մեկ անգամ էլ սույն դատաքննությանը մասնակցեցին Ամերիկյան իրավաբանների միությունից։ Արթուր Մինասյանը մեզ հետ զրույցի ժամանակ հայտնեց, որ ինքը 9 տարի է, ինչ զբաղվում է փաստաբանական գործունեությամբ։ «Առավոտի» հարցին, թե «մինչ այս դատավարությունը մասնակցե՞լ է Հայաստանում այլ դատավարությունների», ամերիկացի փաստաբանը տվեց բացասական պատասխան։ Մեր հաջորդ հարցին՝ ինքը քաղաքացիական-տնտեսական գործերն է նախընտրո՞ւմ, թե՞ քրեական, Ա. Մինասյանը պատասխանեց՝ քաղաքացիական գործերը։ Նաիրի Հունանյանի համար կրկին ընդմիջում հայտարարվեց եւ դատարանը դիմեց Հայաստանի փաստաբանների միությանը։ Վերջիններս ուղարկեցին փաստաբան Բենիամին Մինասյանին, որի հետ առանձին տեսակցություն ունեցավ ամբաստանյալը։ «Առավոտը» հետաքրքրվեց, թե տեսակցությունն ինչպես է տեղի ունեցել, Բենիամին Մինասյանը հայտնեց. «Առանձին տեսակցությունը տեղի է ունեցել ներքին սենյակում, որտեղ եղել են զինվորներ։ Նրանց հսկողությամբ զրույց ենք ունեցել»։ Լրագրողներից մեկի հարցին, թե ներքին որեւէ կաշկանդվածություն չունի՞ փաստաբանը, որ պաշտպանում է Նաիրի Հունանյանին, պաշտպանն ասաց. «Ոչ մի կաշկանդվածություն ես չունեմ։ Ինչքանով հնարավոր կլինի, ուժերս կպատի, կպաշտպանեմ»։ Ամբաստանյալը, կարծես, գոհ էր պաշտպանից։ Եթե հաշվի առնենք նաեւ այն, որ նոր ներգրավված պաշտպանն իր պաշտպանյալի լռությունը հասցրեց արդարացնել (այս կերպ. «Ես հասկացա, որ Նաիրի Հունանյանն ասում է, որ ոչ թե չեմ պատասխանի, այլ, որ իր ցուցմունքների ժամանակ արդեն ասել է, առարկել»), ապա պարզ է, որ առաջիկա 2 շաբաթում խնդիր չենք ունենա։ Ինչո՞ւ երկու շաբաթում. որովհետեւ դատարանն այսօրվանից սկսելու է հարցաքննել ամբաստանյալին, իսկ Տիգրան Ջանոյանն էլ որոշեց հարցաքննությունն ա՛յս փուլում դադարեցնել։ Ա. Սարգսյանի մեկ այլ ներկայացուցիչ, փաստաբան Օ. Յունոշեւը, հայտնեց, որ ունի երկու միջնորդություն՝ կապված փորձաքննությունների հետ։ Դատավոր Ս. Ուզունյանը հայտնեց, որ հարցաքննությունից հետո դատարան կբերվեն մյուս 6 ամբաստանյալները եւ, փաստորեն, հնարավոր կլինի նրանց մասնակից դարձնել միջնորդության քննությանը։ Դատաքննությունը դեռ չսկսած, երեկ հայտարարությամբ հանդես եկավ ամբաստանյալ Համլետ Ստեփանյանի պաշտպան Աղասի Աթաբեկյանը։ Այն կապված էր իր վարձատրության հետ։ Նա հասկացրեց դատարանին, որ ամբաստանյալի շահեր պաշտպանելը չի նշանակում մասնակցել դատական նիստերին միայն եւ նիստերի ժամանակ «երբեմն կարծիք հայտնել դատավարության այլ մասնակիցների միջնորդությունների եւ առաջարկությունների առիթով»։ Այլ՝ նիստերից դուրս աշխատելով։ Հետեւաբար, նա պահանջում էր իրեն վճարել ոչ թե դատական նիստերին մասնակցության համար, այլ՝ յուրաքանչյուր օրվա համար։ Պաշտպանը կոչ արեց կասեցնել այս քրգործի վարույթը, քանի որ ՀՀ քրդատօրի 336 հոդվածի 9-րդ մասը հակասում է գործող Սահմանադրության 39 հոդվածին։ «Ինչպե՞ս,- կհարցնի ընթերցողը,- այս փուլո՞ւմ»։ Պաշտպանն ուներ դրա պատասխանը նույնպես. «Կասեցնելով գործի վարույթը, դատարանը պետք է դիմի Դատարանների նախագահների խորհրդին՝ «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարցին ընթացք տալու համար»։ Պաշտպան Ա. Աթաբեկյանը դարձյալ պնդեց, որ թվով 6 ամբաստանյալներ (դատարանի որոշմամբ հեռացված) 7 ամսից ավելի զրկված են դատաքննությանը մասնակցելու իրավունքից, ինչը գործող Սահմանադրության 39 հոդվածի՝ խախտում է: «Ոտնահարելով թվով 6 ամբաստանյալների այս իրավունքը, դատարանը խախտել է նաեւ ՔԴՕ 23 հոդվածը, ըստ որի, դատավարությունն իրականացվում է մրցակցության սկզբունքի հիման վրա»,- ասաց Ա. Աթաբեկյանը: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել