Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե շախմատի աշխարհի 5-րդ թիմային առաջնության մեկնարկում Իրանի հավաքականի նկատմամբ Հայաստանի շախմատիս

Հոկտեմբեր 16,2001 00:00

ՀԻԱՆԱԼԻ Է Եթե շախմատի աշխարհի 5-րդ թիմային առաջնության մեկնարկում Իրանի հավաքականի նկատմամբ Հայաստանի շախմատիստների տարած «չոր» հաղթանակը՝ 4։0, որոշ առումով օրինաչափ էր եւ ոմանք դրա մեջ առանձնապես հպարտանալու կամ ուրախանալու առանձնակի պատճառ չէին տեսնում, ապա երկրորդ տուրում նույն հաշվով Մակեդոնիային ծնկի բերելը արդեն իսկ մեծ հաջողություն է։ Բայց սկսենք սկզբից։ Իրանի շախմատային դպրոցն, իրոք, աշխարհում ճանաչում ունեցողներից չէ։ Սակայն բազմիցս է ասվել, որ աշխարհի առաջնություններում թույլ թիմեր չկան։ Դրա ապացույցը երկրորդ տուրում նույն Իրանի եւ Ռուսաստանի հավաքականի միջեւ մրցամարտն էր։ Ռուսները, որ շարունակում են մնալ հաղթողի կոչման թիվ մեկ հավակնորդը, այնուամենայնիվ, կես միավորի կորուստ ունեցան եւ այն էլ՝ առաջին խաղատախտակի առջեւ։ Աշխարհի ուժեղագույն գրոսմայստերներից մեկը՝ Պյոտր Սվիդլերը, որքան էլ ջանաց, չկարողացավ կոտրել Ղաեմ Մաղամիի համառ դիմադրությունը եւ ստիպված բավարարվեց ոչ-ոքիով։ Ճիշտ է, նրա թիմակիցներ Ռուբլեւսկին, Սակաեւը եւ Մոտիլյովը տարան հաղթանակներ եւ մրցամարտի հաշիվը դարձավ 3,5։0,5 հօգուտ Ռուսաստանի։ Ինչ վերաբերում է Մակեդոնիա-Հայաստան հանդիպմանը, մեր հավաքականի գլխավոր մարզիչ, գրոսմայստեր Արշակ Պետրոսյանը հայտավորել էր, թերեւս, ամենաուժեղ կազմը՝ Հակոբյան, Վահանյան, Լպուտյան, Անաստասյան։ Նրանց դեմ համապատասխանաբար դուրս էին եկել Միտկովը, Նեդեւը, Բոգդանովսկին եւ Ստոյանովսկին։ Այս հանդիպումը սկզբունքային նշանակություն ուներ մեր շախմատիստների համար, քանի որ շախմատի համաշխարհային վերջին օլիմպիադայում Մակեդոնիան առավելության էր հասել մեր թիմի նկատմամբ, բացի դա, ամփոփիչ մրցաշարային աղյուսակում ամբողջ 10 քայլով առաջ էր հայտնվել Հայաստանի հավաքականից՝ հանգրվանելով 7-րդ հորիզոնականում։ Եվ ի պատիվ հայ գրոսմայստերների, ասենք, որ նրանք այս անգամ լիովին «վրեժխնդիր» եղան օլիմպիադայում կրած պարտության դիմաց։ Հակոբյանի, Վահանյանի եւ Անաստասյանի առջեւ մեկը մյուսի ետեւից զենքերը վայր դրեցին Միտկովը, Նեդեւը, Ստոյանովսկին։ Չնայած խաղատախտակի վրա իր վատ դրությանը, փրկության համառ ջանքեր էր գործադրում Բոգդանովսկին։ Սակայն մեր թիմի բազմափորձ անդամ Սմբատ Լպուտյանը սառնասրտորեն նեղացնելով մրցակցի «բկին դրված աքցանը», հարկադրեց վերջինիս ձեռքերը վեր պարզել։ 4։0՝ գերազանց արդյունք։ Տուրի մյուս երկու հանդիպումներում գրանցվեցին հետեւյալ հաշիվները. Ուկրաինա-Կուբա՝ 3։1, Հունգարիա-Գերմանիա՝ 2։2։ Երկրորդ օրը Ուկզբեկստանի թիմը ազատ էր։ Վիճակահանությամբ երրորդ տուրում Հայաստանի հանգստանալու հերթն էր։ Կուբա-Հունգարիա մրցամարտում «Ազատության կղզու» ներկայացուցիչները սենսացիոն հաղթանակ տարան աշխարհի ուժեղագույն շախմատային տերություններից մեկի՝ Մակեդոնիայի թիմի նկատմամբ՝ 2,5։1,5 հաշվով։ Ռուսաստանը 3,5։0,5 հաշվով պարտության մատնեց Մակեդոնիային եւ կրկին համեմատաբար «անհաջող» հանդես եկավ ռուսների առաջատար Սվիդլերը, որը միավորը բաժանեց Միտկովի հետ։ Ուկրաինան նույնպես իր շոշափելի առավելությունը ցույց տվեց Ուզբեկստանի նկատմամբ՝ 3,5։0,5, իսկ Իրանը 1։3 հաշվով տանուլ տվեց Գերմանիային։ Հարկ է նշել, որ իրանցիների առաջատար Ղաեմ Մաղամին ամուր ընկույզ է դարձել առաջին խաղատախտակի առջեւ հանդես եկող իր ահեղ ախոյանների համար (բացառություն էր միայն Վլադիմիր Հակոբյանը)։ 3-րդ տուրում էլ Մաղամին անհաղթահարելի պատնեշ էր Գերմանիայի առաջատարի, հանրահռչակ Արթուր Յուսուպովի համար, որից իր թիմի համար պոկեց կես միավոր։ Երեկ կայացած 4-րդ տուրն անցավ առանց Ուկրաինայի մասնակցության։ Դրա փոխարեն կայացավ այս առաջնության թերեւս ամենակենտրոնական մրցամարտը, որում միմյանց դեմ ելան առաջատարները՝ մինչ այդ հարյուր տոկոսանոց արդյունք ցույց տված Հայաստանն ու նրան կրնկակոխ հետապնդող Ռուսաստանը։ Անչափ մեծ հետաքրքրություն էին առաջացրել նաեւ Հունգարիա-Ուզբեկստան, Մակեդոնիա-Գերմանիա եւ Իրան-Կուբա մրցապայքարները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031