Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՆՈՐ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԸ

Հոկտեմբեր 19,2001 00:00

ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՆՈՐ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԸ Բանտային հիվանդանոցին կից երեկ շահագործման հանձնվեց դատապարտյալների համար կառուցված հիվանդանոցի նոր մասնաշենքը։ Այն կառուցվել էր քառակողմ համաձայնագրի շրջանակներում (արդարադատության, ՆԳ, առողջապահության նախարարությունների եւ Կարմիր խաչի)։ Նախատեսված 420 հազար դոլարից, ինչպես մեզ հայտնեց կալանավայրերի վարչության պետ պրն Վ. Սարգսյանը, ծախսվել էր 390 հազար դոլար։ Շենքի ճարտարապետն է Արթուր Փափազյանը։ Նրանք էլ «Պրոջեքթ ընդ դիզայն» ՍՊԸ-ի, շինարարական «Մեկն Էրիկ» կազմակերպության ներկայացուցիչների, ՆԳ փոխնախարար Հ. Հունանյանի եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի անդամների հետ կտրեցին կարմիր ժապավենը։ «Կտրելուց հետո լենտը տվեք արդարադատության նախարարությանը»,- նայելով ԱՆ ներկայացուցիչ Նիկոլայ Առուստամյանին, հորդորեց Կալանավայրերի վարչության պետը։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Ֆրանկ Կյունզին ասաց, որ ամեն տարի 2 մլն մարդ է մահանում տուբերկուլյոզից եւ, որ նախկին խորհրդային ազատազրկման վայրերը դարձել են տուբերկուլյոզի առաջացման եւ տարածման աղբյուրներ։ Հայաստանում տուբերկուլյոզի դեմ պայքարը, ըստ նրա, սկսվել է 2000-ի օգոստոսի 22-ից, երբ ստորագրվեց սույն համաձայնագիրը։ Մենք շրջեցինք հիվանդանոցում։ Այն նախատեսված է 300 հիվանդ դատապարտյալների համար, կա 26 սենյակ, յուրաքանչյուր հիվանդասենյակում կպառկի 6-9 հիվանդ դատապարտյալ։ Ի դեպ, հիվանդանոցի յուրաքանչյուր հարկ ունի իր առանձին մուտքը։ Կարմիր խաչը խոստացավ նաեւ ապահովել «մնացած» բուժսարքավորումներով։ Ֆինանսների նախարարությունն էլ պետք է միջոցներ տրամադրի (150 մլն դրամ)՝ տեխնիկական վերազինման համար։ Բանտային հիվանդանոցի պետ, գնդապետ Սամվել Ղազարյանին երբ հանձնվեց հիվանդանոցի բանալիները, նա ընդամենը իր մտահոգությունը հայտնեց հիվանդանոցի պահպանման կապակցությամբ։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել